Հայ Ազգին հարկաւոր է իշխանութիւն, որը կառաջնորդւի Ազգային գաղափարախօսութեամբ

Հայ Ազգին հարկաւոր է իշխանութիւն, որը կառաջնորդւի Ազգային գաղափարախօսութեամբ

Հարցազրոյց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամ, քաղաքագիտութեան եւ ազգային անվտանգութեան հարցերի մասնագէտ Արփի Աբրահամեանի հետ:

Զրոյցը վարեց՝ Սիւնէ Ֆարմանեան

Ներկայիս արագ փոփոխւող աշխարհում տեղի ունեցող գործընթացները, վկայում են, որ պետութիւնների միջեւ գծւած քաղաքական սահմանները կորցնում են իրենց երբեմնի նշանակութիւնը, մասնաւորապէս վերազգային կազմակերպութիւնները աստիճանաբար փոխարինում են ազգային պետութեան աւանդական ինստիտուտին:

Սակայն հայկական պետականութեան նկատմամբ տեղի ունեցող գործընթացները տրամագծօրէն այլ միտում են արձանագրում, ի՞նչ էք կարծում արդեօք սա կարող է համաշխարհային սոցիալ-անվտանգային նոր տեսակի ձեւաչափի ձեւաւորման մասին վկայել:

Համաշխարհային եւ տարածաշրջանային նոր առաջատար երկրների դիրքերի ամրապնդումը յանգեցնում են հին աշխարհակարգի կառուցւածքի վերաձեւաւորմանը, այսինքն՝ ստեղծւում է նոր աշխարհակարգ, նոր կանոններ, նոր սկզբունքներ։

Եթէ ԱՄՆ ազգային անվտանգութեան ռազմավարութեան փաստաթղթում որպէս ԱՄՆ առանցքային նպատակ սահմանում է նոր աշխարհակարգում պահպանել առաջնորդի դերակատարութիւնը՝ վերահաստատելով այդ երկրի գլոբալ առաջնորդութիւնը՝ ապահովել, որ ոչ թէ Չինաստանը, այլ՝ ամերիկեան սահմանի միջազգային օրակարգը՝ ձեւաւորելու նոր գլոբալ նորմեր եւ համաձայնագրեր, որոնք առաջ կը մղեն ԱՄՆ շահերը եւ կարտացոլեն ԱՄՆ արժէքները:

Սակայն նոր աշխարհակարգի ձեւաւորումը տեսանելի է դարձնում տնտեսապէս աւելի հզօր ուժի, ի դէմս՝ Չինաստանի: Մի շարք առաջատար պետութիւններ՝ ՌԴ, Բելոռուսիա, Իրան, Չինաստան եւ այլն, գիտակցելով իրենց ազգային պետական շահը, պայքարում են գլոբալիստական աշխարհի դէմ, քաջ գիտակցելով եւ պահպանելով իրենց պետութիւնների ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը:

Ի տարբերութիւն այս գործընթացների, տեսնում ենք, որ Հայաստանի իշխանութեան վարած արտաքին քաղաքականութիւնը երկիրը կանգնեցրել է հողային եւ մարդկային կորուստների սպառնալիքների առջեւ:

Հայաստանը կանգնել է ռազմական, տնտեսական, սոց-մշակութային անվտանգային սպառնալիքների առջեւ:
Շրջափակւած Արցախը կանգնած է էթնիկ զտման առջեւ: Այս ամենի առանցքում ներկայիս ՀՀ իշխանութիւնը կեղծ խաղաղասիրական դարաշրջան է խաղում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Մինչդեռ թուրք-ադրբեջանական դաշինքը բացայայտ շարունակում է հայատեաց քաղաքականութիւնը:

Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է առաջնորդւի մի միայն իր ազգային-պետական շահով: Առաջին հերթին պէտք է ազգային իշխանութեան ձեւաւորում, ՀՀ իշխանութիւնը պէտք է յստակեցնի ազգային ռազմավարութեան նպատակներն ու սկզբունքները, յստակեցնի արտաքին քաղաքականութեան հայեցակարգը՝ մասնաւորապէս՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք Եռամիասնութիւնը:

Ինչպէս կը բնորոշէք Հարաւային Կովկասի անվտանգութեան ընդհանուր միջավայրը:

2020-ի Արցախեան պատերազմը փոխեց ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը Հարաւային Կովկասում: Տարածաշրջանը յայտնւեց աշխարհաքաղաքական նոր վերաձեւումների յորձանուտում:

Անվտանգութեան ու կայունութեան պահպանման առումով, տարածաշրջանի երկրները որդեգրել են տարբեր անվտանգային քաղաքականութիւն, յարելով տարբեր դաշինքների եւ ուժային կենտրոնների, ըստ որի՝ տարածաշրջանում ձեւաւորւում է անվտանգային միջավայր:

Ինչ վերաբերւում է Հայաստանին, անկախութիւնից ի վեր Հարաւային Կովկասում անվտանգային միջավայրի ձեւաւորման, արտաքին մարտահրաւէրների կանխարգելման, ռազմաքաղաքական, տնտեսական անվտանգութեան, խաղաղութեան եւ կայունութեան ապահովման հարցերում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն առաւելապէս ուղղւած է եղել Ռուսաստան (ԵԱՏՄ-տնտեսական, ՀԱՊԿ-ռազմաքաղաքական):

ՀՀ-ՌԴ միջեւ զարգացել են երկկողմ ռազմավարական դաշնակցային յարաբերութիւններ, որոնց առանցքում առկայ է իրաւապայմանագրային դաշտ, կնքւել են ռազմավարական նշանակութեան մի շարք պայմանագրեր ու համաձայնագրեր: ՀՀ-ՌԴ համագործակցութիւնը առեւտրատնտեսական, պաշտպանական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, էներգակիրների ձեռքբերումը (բնական գազ, միջուկային վառելիք, վերամշակւած նաւթային արտադրանք) հանդիսանում են առանցքային գործօններ ՀՀ անվտանգութեան ապահովման գործում:

Հարաւային Կովկասում ակնյայտ է Ռուսաստան – Արեւմուտք հակամարտութեան բաղադրիչը: Ռուսաստան-Արեւմուտք /ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ/ աշխարհաքաղաքական շահերի բախման առանցքում ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանի շուրջ լարւածութեան գօտիներ ստեղծել, ռուս-ուկրաինական ձգւող պատերազմով, սանկցիաների կիրառմամբ թուլացնել, կազմալուծել Ռուսաստանին, ՌԴ-ին դուրս մղել Հարաւային Կովկասից, Սեւ ծովից, Հայաստանից հանել ռուսական 102-րդ ռազմաբազան, ինչպէս նաեւ՝ ռուսական խաղաղապահներին:

Արցախեան պատերազմից յետոյ առաւել ընդգծւած է, որ ՌԴ-ի ներկայութիւնը Հարաւային Կովկասում պայմանաւորւած է ոչ միայն քաղաքական ազդեցութեան գործօնով, այլ նաեւ՝ սեփական անվտանգութեան բաղադրիչ մասով:

Ռուսաստանի Դաշնութեան համար Հարաւային Կովկասը հանդիսանում է ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունեցող տարածաշրջան: Արտաքին հնարաւոր բախումները գիտակցելով, առաջնորդւելով իր աշխարհաքաղաքական շահերով, Ռուսաստանը վարում է ակտիւ քաղաքականութիւն տարածաշրջանում /Ադրբեջան, Թուրքիա, Իրան եւ այլն/, ամրապնդում է ոչ միայն քաղաքական ներկայութիւնը, այլեւ՝ ապահովում սեփական անվտանգութիւնը:

Պարզ երեւում է, որ ԵՄ-ն որպէս Արեւմուտքի բաղադրիչ, Հարաւային Կովկասում ցանկանում է աւելի ընդլայնել իր ազդեցութեան գօտին, ապահովել իր մշտական ներկայութիւնը տարածաշրջանում /ԵՄ ներկայացուցիչների այցը թէ՛ Երեւան, եւ թէ՛ Բաքու, ԵՄ դիտորդական առաքելութիւնը Հայաստանում/:

Յատկանշական է, որ էներգետիկ շահերով /Հարաւային գազային միջանցք էներգետիկ ծրագիր / պայմանաւորւած, Եւրոմիութեանը անհրաժեշտ է տարածաշրջանային կայունութիւն:

Անդրադառնալով Իրանին, նշենք, որ ԱՄՆ ազգային անվտանգութեան եւ միջուկային ռազմավարութիւններում Իրանը դիտւում է սպառնալիք հանդիսացող երկիր: ԱՄՆ վարում է բացայայտ հակաիրանական քաղաքականութիւն, կոչ անելով իր տարածաշրջանային գործընկերներին զսպելու Իրանի ագրեսիան /վերջերս կրկին Մեծ Բրիտանիան, Միացեալ Նահանգները եւ Եւրոմիութիւնը պատժամիջոցներ են սահմանել Իրանի Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի հրամանատարութեան դէմ/:

Այս գործունէութիւնը Արեւմուտքը իրականացնում է տարածաշրջանային գործընկեր պետութիւնների եւ գործակալական ցանցերի միջոցով:

Կարեւորենք Իրանի այն դիրքորոշումը, որը անընդունելի է համարւում Կովկասեան տարածաշրջանում օտարերկրեայ ռազմական ներկայութեանը ցանկացած պատրւակով:

Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Իսրայէլ յարաբերութիւնների ամրապնդումը, Իրանի սահմանների հարեւանութեամբ ռազմական ակտիւութիւնը, Ադրբեջանի շարունակական նկրտումները Հայաստանի տարածքի, յատկապէս Սիւնիքի նկատմամբ, Իրանը դիտում է սպառնալիք իր դէմ:

Այդ առումով տեսանելի է, որ արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու համար Հարաւային Կովկասում Իրանը մեծացրել է ռազմաքաղաքական ակտիւութիւնը, անցկացնում է մի շարք զօրավարժութիւններ Արցախի հարաւում՝ Ադրբեջանի գրաւած տարածքներում, Նախիջեւանի սահմանում, դրա հետ մէկտեղ Իրանը վերջերս բանակի օրւայ կապակցութեամբ ցուցադրել է իր ռազմական զինանոցը /օդում, ջրում, ցամաքում/:

Ներկայումս բարձր է գնահատւում տարածաշրջանում Իրանի ազդեցութիւնը: Իրանի կողմից մի շարք զօրավարժութիւնները, Իրան-Սաուդական Արաբիա յարաբերութիւնների զարգացումը նպաստում են Իրանին՝ դառնալու լուրջ դերակատար ոչ միայն Հարաւային Կովկասում, այլ, նաեւ, Մերձաւոր Արեւելքում:

Իրանը բազմիցս արտայայտել է իր դիրքորոշումը ՀՀ-ի վերաբերեալ, կարծում եմ Հայաստանի համար հնարաւորութիւն է որակապէս նոր մակարդակի բարձրացնելու, ռազմական եւ տնտեսական առումով ամրապնդելու ՀՀ-Իրան յարաբերութիւնները:

Որոնք են այն հիմնական սպառնալիքները, որոնց լուծմամբ Հայաստանի քաղաքական-հասարակական հանրոյթը պէտք է զբաղւի ներկայում եւ առաջիկայ տասնամեակներում:

Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան վարած ապազգային քաղաքականութեան հետեւանքով կանգնած ենք Հայոց պետականութիւնների՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների կորստի առջեւ:

Կորցրել ենք Արցախի Հանրապետութեան մեծ մասը, ներկայումս էլ թշնամին առաջանում եւ ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում: Յստակ կարող ենք արձանագրել, որ վտանգւած է Հայոց պետականութիւնը իր ինքնիշխանութեամբ, տարածքային ամբողջականութեամբ, սահմանների անձեռնմխելիութեամբ եւ բնակչութեան ֆիզիկական գոյութեամբ:

Կեղծ խաղաղասիրական դարաշրջանի թէզի ներքոյ, ՀՀ ներկայիս իշխանութիւնը քողարկում է մեր պետական եւ ազգային անվտանգութեանը սպառնացող մի շարք սպառնալիքներ:

Ինչպէս տեսնում ենք, Ադրբեջանը շարունակում է իր հայատեաց քաղաքականութիւնը, յստակ ծրագրւած գործողութիւններով հետեւողականօրէն իրականացնում է Արցախի, Հայաստանի սահմանամերձ գիւղերի հայաթափման, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման քաղաքականութիւնը:

Ադրբեջանի կողմից պատմութեան կեղծումն ու մշակութային ցեղասպանութիւնը տասնամեակներ շարունակ կանոնաւոր կերպով իրականացւող աւելի լայն հակահայկական քաղաքականութեան մաս են կազմում:
Հայաստանի Հանրապետութեան սահմաններում փաստացի կատարւող իրողութիւնները, ՀՀ բնակչութեան ֆիզիկական գոյութեան, պետութեան անկախութեան, ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան, սահմանների անձեռնմխելիութեան դէմ այլ պետութիւնների ոտնձգութիւնները, միջամտութիւնը Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին ՀՀ ռազմական անվտանգութեան արտաքին սպառնալիքներ են:

Կարեւոր է նշել, որ Ադրբեջանի առաջխաղացումը պայմանաւորւած է Թուրքիայի ակտիւ քաղաքականութեամբ: Հարաւային Կովկասը աշխարհատնտեսական, ռազմավարական եւ անվտանգութեան տեսանկիւնից մեծ կարեւորութիւն ունի Թուրքիայի համար: Թէեւ ներկայումս Թուրքիան լուրջ ճգնաժամ է ապրում, սակայն այս վիճակում էլ թուրք-ադրբեջանական տանդեմը չի հրաժարւում հայկական հողերի նւաճողական քաղաքականութիւնից:
Թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը վերաճել են ռազմական դաշինքի եւ ամրապնդւել Շուշիի հռչակագրով:

Հայաստանի Հանրապետութեան դէմ ուղղւած դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնաւորապէս` Թուրքիայի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան ռազմավարական դաշինքը, վերջնիս կողմից Հայաստանի Հանրապետութիւնը շրջափակելու քայլերը, որոնք դիտարկւում են որպէս ուժի կիրառում, սպառազինման եւ վերազինման անվերահսկելի գործընթացը, սպառազինման մրցավազքը, Հայաստանի Հանրապետութեան սահմանների մօտ զօրքերի խմբաւորումների ստեղծումը եւ տեղաբաշխումը, դրանց խոշորամասշտաբ կուտակումները եւ տեղաշարժը, այդ թւում` զօրավարժութիւնների անւան տակ, ՀՀ ռազմական անվտանգութեան արտաքին սպառնալիքներ են (ՀՀ ռազմական դոկտրին):

Անվտանգութեան ի՞նչ երաշխիքներ ունենք` սպառնալիքներին դիմակայելու: Ազգային իշխանութիւն, որը առաջնորդւի ազգային եւ պետական շահով, պաշտպանի պետութեան կենսական նշանակութիւն ունեցող շահերը:

Թէեւ ՀՀ իշխանութիւնները յայտարարում են, որ Հայաստանը Արցախի անվտանգութեան երաշխաւորը չէ, սակայն դա անընդունելի է, ՀԱՅ ԱԶԳԸ պէտք է միաբանւի ու պայքարի մեր ազգային ինքնութեան պահպանման, տարածքային ամբողջականութեան եւ Հայոց պետականութիւնների յարատեւութեան համար:

– Ռազմական անվտանգութեան ապահովւում, բանակ-բանակաշինութիւն:

Առաջնահերթութիւն է Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը: Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան Զինւած ուժերի հետ համատեղ պաշտպանութեան ծրագրերի իրականացում:

– Տարածաշրջանում ռազմաքաղաքական, տնտեսական անվտանգութիւնը ապահովելու համար, յարաբերութիւնների ամրապնդում ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ:

Օրինակ, եթէ դիտարկենք Արցախեան վերջին պատերազմը եւ շարունակւող պատերազմական գործընթացները ու նկատենք, որ արտաքին յարձակումը այսօր մեզ վրայ բոլոր ուղղութիւններով է, միգուցէ շատերի տարակուսանքը շարժենք, որովհետեւ պատերազմ՝ մեզանում շատերը դեռեւս հասկանում են միայն ռազմական գործողութիւններ:Այնինչ, կարո՞ղ էք հաստատել, որ մենք ամէն օր տանուլ ենք տալիս պատերազմները տեղեկատւական, հոգեւոր, տնտեսական եւ այլ ոլորտներում եւ ի՞նչ հակաքայլեր կառաջարկէք այս ուղղութեամբ որպէս անվտանգային ոլորտի մասնագէտ՝ հասարակութեան մօտ նման եւ առկայ դիսկուրսը փոխելու հարցով:

Այո, պատերազմը դեռեւս չի աւարտւել, քանի որ ամէն օր ունենում ենք տարածքային, մարդկային կորուստներ: Ինչպէս նաեւ՝ նիւթական ու հոգեւոր արժէքների զգալի կուրուստ, հարւած է հասցւում Հայոց Բանակին, Հայ Առաքելական Եկեղեցուն, կրթական, տեղեկատւական համակարգերին:

Հայոց պետութեան, հայ ազգի անվտանգութեան ապահովման ու հզօրացման գործում կարեւոր է պետական մտածելակերպ ունեցող, արտաքին մարտահրաւէրներին դիմակայող, ազգային արժէքները պահպանող Հայ մարդու ձեւաւորումը:

Այս նպատակին ընդառաջ պէտք է յստակեցւի պետութեան կողմից տարւող կրթական քաղաքականութիւնը, ընդունւի ազգային կրթութեան զարգացման ռազմավարութիւնը:

Յատուկ ուշադրութիւն պէտք է յատկացնել կիբեռ-անվտանգութեանը, ՏՀՏ (Տեղեկատւական-հաղորդակցական տեխնոլոգիաներ) ոլորտին, ապահովել տեղեկատւական անվտանգութիւն:

Նշւածս նպատակներին հասնելու համար Հայ Ազգին հարկաւոր է իշխանութիւն, որը կառաջնորդւի Ազգային գաղափարախօսութեամբ եւ առաջ կը տանի Ազգային ու Պետական շահը:

Share