Արթուր Խաչատրեանը Արգենտինայում եւ Ուրուգուայում ներկայացրել է Արցախում ստեղծուած իրավիճակը

Արթուր Խաչատրեանը Արգենտինայում եւ Ուրուգուայում ներկայացրել է Արցախում ստեղծուած իրավիճակը

ՅԴ Հարաւային Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով եւ Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետութիւն եւ Ուրուգուայի Արեւելեան Հանրապետութիւն։

Պատգամաւորը Մարդու իրաւունքների համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպուած «Խաղաղութեան գործընթացները Լատինական Ամերիկայում եւ աշխարհում» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Արցախեան հակամարտութեան ծագման պատմութիւնը, զարգացումը, Արցախի Հանրապետութիւնում եւ Հայաստանի սահմաններին 2020 թուականի 44-օրեայ պատերազմից յետոյ եւ 2021-22 թուականներին Հայաստանի դէմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծուած կացութիւնը եւ հակամարտութեան կարգաւորման ուղիները։ Նա նաեւ պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին։ Միջոցառման ժամանակ քննարկուած միւս խաղաղութեան գործընթացները վերաբերել են Ֆոլկլենդեան (Մալուինեան) կղզիների շուրջ բրիտանայ-արգենտինեան հակամարտութեանը եւ Կոլումբիայում տասնամեակներ տեւած քաղաքացիական պատերազմին։

Արթուր Խաչատրեանը Արգենտինայում հանդիպում է ունեցել երկրի Սոցիալիստական կուսակցութեան նախագահ, խորհրդարանի պատգամաւոր Մոնիկայ Ֆայնի եւ «Արմատական քաղաքացիական միութիւն» կուսակցութեան նեկայացուցիչ, խորհրդարանի պատգամաւոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ։ Արգենտինացի պատգամաւորներին ներկայացուել են Արցախեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքներն ու մօտեցումները։ Պատգամաւորը կարեւորել է Ադրբեջանի վրայ միջազգային ճնշման անհրաժեշտութիւնը, որպէսզի Ադրբեջանը՝

1) անմիջապէս եւ անուէրապահօրէն բացի Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը,
2) վերադարձնի հայ ռազմագերիներին,
3) արտօնի ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպութեան (UNESCO) դիտորդների այցելութիւնը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնուող շրջանները,
4) վերադառնայ Արցախեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման բանակցութիւններին, որոնք պէտք է հիմնուած լինէն ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկսզբունքների՝ ներառեալ եւ յատկապէս ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ազատ ինքնորոշման իրաւունքի եւ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարրերի հիման վրայ։

Բուենոս Այրեսում Արթուր Խաչատրեանը նաեւ հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարութեան միջխորհրդարանական կապերի տնօրինութեան դիւանագէտ Նիկոլաս Վարզիլիոյի եւ Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ յարաբերութիւնների) տնօրինութեան տնօրէն Նիկոլաս Դարիոյ Սաբունկուեանի հետ:

Ուրուգուայի մայրաքաղաք Մոնտեւիդէոյում Արթուր Խաչատրեանին ընդունել է Ուրուգուայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։ Առաւել քան մէկ ժամ տեւած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամաւորը ներկայացրել է իրավիճակն Արցախի Հանրապետութիւնում եւ Հայաստանի Հանրապետութեան ու Ադրբեջանի միջեւ սահմաններին։ Նա յատկապէս կարեւորել է Արցախեան հակամարտութեան քաղաքական կարգաւորումը՝ շեշտելով, որ տարածաշրջանում հնարաւոր չէ երկարատեւ խաղաղութիւն հաստատել առանց հակամարտութեան արդարացի կարգաւորման, որը պէտք է յարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։ Կողմերը նաեւ քննարկել են Հայաստանի եւ Ուրուգուայի յարաբերութիւնների ամրապնդման կարեւորութիւնը։

Ուրուգուայի խորհրդարանում հայաստանցի պատգամաւորը հանդիպել է Ուրուգուայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի պատգամաւորների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու բարեկամ պետութիւնների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման եւ ընդլայնման անհրաժեշտութիւնը։ Առանձնայատուկ կարեւորուել է Ուրուգուայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան բացումը եւ դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրեանը նաեւ ներկայացրել է Արցախում եւ Հայաստանի սահմաններին ստեղծուած իրավիճակը եւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքներն ու մօտեցումները։

ՀՀ ԱԺ պատգամաւորը նաեւ այցելել է Ուրուգուայի Սենատ, որտեղ նրան եւ պատուիրակութեան միւս անդամներին ընդունել է սենատոր, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշեանը։ Արթուր Խաչատրեանը եւ պատուիրակութեան միւս անդամները նաեւ հանդիպում են ունեցել Ուրուգուայի հանրային առողջապահութեան նախարարի տեղակալ Խոսէ Լուիս Սաթջեանի հետ։

Ուրուգուայում հանդիպումների շարքը եզրափակուել է Ուրուգուայի Արցախի ֆորումի (բարեկամների խմբի) անդամների հետ հանդիպմամբ։ Հանդիպման ժամանակ դարձեալ կարեւորուել է Ուրուգուայում դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրեանը ներկայացրել է Արցախեան հակամարտութեան կարգաւորման ներկայ փուլը եւ կարեւորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը։ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Սեփանեանը ներկայացրել է Արցախում ստեղծուած մարդասիրական ճգնաժամը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
29.03.2023թ.

Share