Բաքուն վշտացնում է Ղարաբաղով, Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութեան վիճարկո՞ւմ է Ալիեւի ստորագրութիւնը

Վեաչեսլաւ Միխայլով

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Ադրբեջանը վերջին օրերին չի դադարում զարմացնել, ցաւօք, տհաճօրէն — Սկզբում այն խարխլում է փխրուն խաղաղութիւնը հետպատերազմեան Անդրկովկասում՝ միտումնաւոր կերպով խախտելով 2020թ.աշնանը քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։ Այլ կերպ անուանել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զօրախմբի պատասխանատուութեան գոտում ադրբեջանական զօրքերի առաջխաղացումը՝ չճանաչուած հանրապետութեան Ասկերանի շրջանի Փարուխ գիւղի գրաւմամբ, ինչը յանգեցրել է այնտեղից հայ բնակիչների վտարմանը եւ մարդկային զոհերով զինուած էսկալացիային, ոչ մի կերպ հնարաւոր չէ։ Այնուհետեւ «զոհի» կեցուածքով վկայակոչում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի կողմից յօրինուած «սադրանքներն» ու «դիւերսիաները»։ Վերջում Բաքուն մտածեց նոյն ցուցադրական ցուցադրութեամբ նեղանալ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնից, որը ադրբեջանցի գործընկերներին կարգի կոչ էր անում եւ ուժերի վերադարձ տարածաշրջանի ելման դիրքեր:

Անցած շաբաթ օրը Անդրկովկասեան խոշորագոյն հանրապետութեան ռազմական գերատեսչութիւնը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020ի նոյեմբերի 9-ի յայտարարութեան վերաբերեալ պարտաւորութիւնների կատարմանը վերադառնալու ռուսական կոչն անուանել է «միակողմանի» եւ «այն չի արտացոլում իրականութիւնը»: Այնուհետեւ յաջորդեց «Ադրբեջանի տարածքում» ռուս խաղաղապահների ժամանակաւոր գտնուելու մասին Բաքուի արդէն ստանդարտ դարձած ակնարկը, ինչպէս նաեւ պաշտօնական փաստաթղթերում «Լեռնային Ղարաբաղ» հասկացութիւնը չյիշատակելու պահանջը: Մի տեսեք՝ նման «տէրմին գոյութիւն չունի»։ Ընդ որում, նշւում է ադրբեջանական մայրաքաղաքում հայկական կողմի կողմից նշուած եռակողմ յայտարարութեան 4-րդ կէտի փաստացի մտացածին խախտման մասին։ Ադրբեջանական պահանջները, ինչպէս ասում են, հերթականութեան կարգով։

«Լեռնային Ղարաբաղ» հասկացութիւնը չորս անգամ արտացոլուած է նշուած փաստաթղթում, որի տակ դրուած է նախագահ ալիեւի ստորագրութիւնը։ Հարցեր են առաջանում։ Ադրբեջանի ՊՆ-ն «վիճարկո՞ւմ է» հանրապետութեան առաջնորդի եւ զինուած ուժերի գլխաւոր հրամանատարի ստորագրութիւնը,թէ ռազմաքաղաքական ղեկավարութիւնը հրաժարւում է նրանից, թէ ինչ է արձանագրուել Ղարաբաղում 44-օրեայ պատերազմի արդիւնքում։

Ի դէպ, ալիեւի ստորագրութեամբ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի յիշատակման չորս դէպքերից մէկում խօսւում է»Լեռնային Ղարաբաղի տարածքի» մասին։ Դա փաստաթղթի դրոյթն է (կէտ 7), որը կարգաւորում է չճանաչուած հանրապետութիւնում փախստականների եւ ներքին տեղահանուած անձանց իրենց տները վերադարձնելու հարցը:

Այո, Լեռնային Ղարաբաղը մինչ օրս չի ճանաչուել որպէս ինքնիշխան պետական կազմաւորում, այդ թւում՝ Հայաստանի կողմից։ Բայց դա Բաքուի կամ որեւէ մէկի իրաւունքը չէ պնդելու, որ նման «տէրմին» գոյութիւն չունի, այլ կայ միայն«Ադրբեջանի տարածք»։ Այնուհետեւ, ինչ վերաբերում է Երեւանին եւ Ստեփանակերտին վերագրուող եռակողմ յայտարարութեան 4-րդ կէտի խախտմանը։ Նրանում ամրագրուած է, որ ռուսական խաղաղապահ զօրակազմը տարածաշրջանում ծաւալւում է «հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Թէ կոնկրէտ որտեղից հայկական զինուած ուժերը, չի յստակեցւում։ Ակնյայտ է, որ այն ժամանակ խօսք էր գնում Հայաստանի Զինուած ուժերի ստորաբաժանումների եւ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին, այսպէս կոչուած, չճանաչուած հանրապետութեան շուրջ անվտանգութեան գոտուց, որոնք մինչեւ 44-օրեայ պատերազմի սկսուելը (2020թ.սեպտեմբերի 27) գտնւում էին հայկական կողմի վերահսկողութեան ներքոյ: Այս մասին են վկայում Պուտինի, ալիեւի եւ փաշինեանի ստորագրութեամբ փաստաթղթում արձանագրուած հայկական ուժերի, մասնաւորապէս, Ադրբեջանի Քելբաջարի եւ Լաչինի շրջաններից նման դուրսբերման ժամկէտները։

Ադրբեջանի իշխանութիւնների կողմից համաձայնագրի այս կէտի լայն մեկնաբանութիւնը՝ նման եզրակացութեան տակ հասկանալու Հայաստանի զինուած ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից, հակասում է տարածաշրջանում պատերազմը դադարեցնող փաստաթղթի տառին եւ ոգուն։

Հայաստանի զինուած ուժերն այս տարի վերջնականապէս կլքէն Լեռնային Ղարաբաղի տարածքը, քանի որ, ըստ մեր տուեալների, այդ հաշուով կայ առանձին եռակողմ պայմանագիր ‘ հէնց որ աւարտուի զօրակոչի եւ պայմանագրի ծառայութիւնը Հայաստանի այն զինծառայողների մօտ, որոնք 2020թ.նոյեմբերի 9-ի դրութեամբ գտնւում էին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Յիշեցնենք, որ խաղաղապահ զօրակազմը տարածաշրջանում տեղակայուել է 2020ի աշնանը՝ ամենակարճ ժամկէտում, անվտանգութեան նախապատերազմական գոտուց հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ (նախկին Ադրբեջանական ԽՍՀ եօթ շրջան, որոնցից երկուսը՝ Ֆիզուլիի եւ Աղդամի շրջանները, մասնակիօրէն վերահսկւում էին հայկական կողմից): Այդ պատճառով Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան պնդումները, որն ընդունուել է գրեթէ մէկուկէս տարի անց՝ մատնանշելով եռակողմ յայտարարութեան 4-րդ կէտի «խախտումը», ոչ մի քննադատութեան չէն դիմանում։

Ինչ վերաբերում է «Հայկական բանակի մնացորդների եւ Ադրբեջանի տարածքից հայկական անօրինական զինուած կազմաւորումների դուրսբերմանը», որի մասին ասւում է մերձկասպեան հանրապետութեան ռազմական գերատեսչութեան յայտարարութեան մէջ: Այն դրոյթը, որ չճանաչուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը չի ունենայ իր զինուած ուժերը, պէտք է վերացնի իր պաշտպանութեան բանակը, այլ ուժային կառոյցները եւ զինաթափուի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների ստորագրութեամբ փաստաթղթում չկայ։ Ինչպէս ասում են՝ «բացարձակ» բառից։ Հասկանալի է, որ Բաքուն «իր տարածքում անօրինական զինուած կազմաւորումների» տակ հասկանում է նաեւ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները Բայց սրանք նրա խնդիրներն են, որոնք չպէտք է պարտադրուեն գործընկերներին գործող պայմանագրերով։Եթէ խօսենք դրանց խախտման մասին, ապա «լաւագոյն» օրինակը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի վերահսկողութեան տակ գտնուող Ասկերանի շրջանում եւ Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբի պատասխանատուութեան գոտում ադրբեջանական զօրքերի առաջխաղացումն է, դժուար է պատկերացնել: Եռակողմ յայտարարութեան մէջ յստակ գրուած է, որ կողմերը մնում են 2020ի նոյեմբերի 9-ի դրութեամբ իրենց զբաղեցրած դիրքերում (համաձայնագրի 1-ին կէտ Բացառութեամբ նախկին Ադրբեջանական ԽՍՀ վերոնշեալ շրջաններում հայկական ուժերի տեղակայման, որից դուրսբերումը, կրկնում ենք, ամրագրուած էր առանձին ժամանակացոյցով, որը վաղուց կատարուած է հայկական կողմից։

Ինչո՞ւ Ադրբեջանը տապալեց հետպատերազմեան տարածաշրջանի իրաւաքաղաքական բազան հէնց հիմա: Դրան երեք հիմնական բացատրութիւն կայ։

Առաջինը՝ Բաքուն շարունակում է տարածաշրջանում գործել Անկարայի հետ իր գործողութիւնների սերտ համակարգմամբ։ Թուրքիան աւանդաբար Ռուսաստանին ցուցադրում է սեփական «յաղթաթղթերը»՝ ընդարձակ տարածքում՝ Սեւ ծովից մինչեւ Հիւսիսային Սիրիայ աշխարհաքաղաքական դիմակայութեան ցանկացած լուրջ սրման դէպքում։ Վերջին տարիներին սիրիական Իդլիբում ուժերի փխրուն հաւասարակշռութեան պարբերական խափանումը դրա վառ ապացոյցն է։

Այժմ, Մոսկուային եւ Կիեւին որպէս նրանց միջեւ «անփոխարինելի միջնորդ» պարտադրելու ակտիւ ջանքերի ֆոնին, Անկարան կրկին որոշեց յիշեցնել իր «յաղթաթղթերը»,այս անգամ Ղարաբաղում։

Երկրորդ բացատրութիւնն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստուգում են միանգամից մի քանի ռազմայ-քաղաքական ճակատներում գործելու Ռուսաստանի հնարաւորութիւններն ու ունակութիւնները։ Ուկրաինայում յատուկ ռազմական գործողութիւնը, Բաքուի եւ Անկարայի պատկերացմամբ, ձգձգուել է ոչ Մոսկուայի օգտին։ Ուստի նրանց համար կարեւոր է պարզել Հարաւային Կովկասում իր շահերը պաշտպանելու Ռուսաստանի պատրաստակամութեան աստիճանը նոյն վճռականութեամբ, ինչ նա անում է Դոնբասի հանրապետութիւններում եւ ընդհանրապէս Ուկրաինայում։

Խոստովանենք, որ այս օրերին աժող վրդովմունքով ենք կարդում Բաքուի մամուլը, ծանօթանում ադրբեջանական ինտերնետ-պարբերականներում հրապարակումներին, տեղ-տեղ՝ զզուանքով։ Այստեղ միապաղաղութիւնը, որի մասին յանկարծ որոշելց խօսել անդրկովկասեան հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը, զուգորդուած Ուկրաինայում Ռուսաստանի «ձախողման» համար Բաքւում չքօղարկուած յոյսի յամառ զգացումով, ուղղակի մոլեգնում է:

Վերջապէս, Լեռնային Ղարաբաղում ստատուս-քուոյի տապալման Ադրբեջանի ներկայիս ձգտման երրորդ բացատրութիւնը «2025 հեռանկարի» նախապատրաստումն է։ Այդ տարի լրանում է չճանաչուած հանրապետութիւնում խաղաղապահների 5-ամեայ գտնուելու ժամկէտը։ Եւ արդէն ժամանակից շուտ Բաքուն սկսեց ցուցադրել, որ ինքը տրամադրուած է, որպէսզի տարածաշրջանում ռուսական խաղաղապահութեան առաջին «հինգ տարին» վերջինը դառնայ։ Ինքնին ուշագրաւ է այն փաստը, որ ադրբեջանական կողմը վկայակոչում է եռակողմ յայտարարութեան 4-րդ կէտի խախտումը, քանի որ այն պարունակում է դրոյթ Լեռնային Ղարաբաղում ռուսական զօրախմբի գտնուելու ժամկէտի եւ դրա հնարաւոր երկարաձգման կարգի մասին. երկարաձգում հերթական 5-ամեայ ժամանակահատուածով, եթէ համաձայնագրի կողմերից ոչ մէկը ժամկէտի աւարտից 6 ամիս առաջ չյայտարարի այդ դրոյթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին: Իքս ժամից մօտ երեք ու կէս տարի առաջ Բաքուն սկսեց յաւակնութիւններ կուտակել Մոսկուայի դէմ  եւ պայմանաւորուածութիւնների «խախտումների» վերաբերեալ փաստարկներ, որպէսզի նրա համար յարմար պահին կամ ձեռնտու լինի «վաճառել» համաձայնութիւնը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ մանդատի երկարաձգման վերաբերեալ, կամ հասնել նրան, որ նա հեռանայ «իր տարածքից»:

Թւում էր, թէ մնացած հարցերն ու հնարաւոր թիւրըմբռնումները եթէ ոչ ամէն ինչում էին, բայց մեծամասամբ վերացան ընթացիկ տարուայ փետրուարի 22 — ին, երբ ալիեւը Կրեմլում Պուտինի հետ համատեղ արարողութեան ժամանակ իր մէկ այլ ստորագրութիւն էր դրել՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնութեան եւ ադրբեջանի Հանրապետութեան միջեւ դաշնակցային փոխգործակցութեան մասին հռչակագրի տակ։ Եւ հիմա ահա Բաքուի նման յարձակողական պոռթկումը Լեռնային Ղարաբաղում՝ ռուս դաշնակցի խաղաղապահ զօրակազմի պատասխանատուութեան գոտում, աւելին՝ Ուկրաինայի ուղղութեամբ Ռուսաստանի շեղուախ ուշադրութեան ֆոնին…

Ադրբեջանցի գործընկերների գործողութիւնները տխրեցնում եւ միաժամանակ մտահոգիչ են։ Պայմանաւորուածութիւնների ձախողման, բոլորովին վերջերս իրաւաբանօրէն ամրագրուած դաշնակցութեան ոգուց շեղուելու միտումն ակնյայտ է։ Ուզում եմ յուսալ, որ դա ժամանակաւոր բնոյթ է կրում, եւ Բաքուն, ի վերջոյ, կուերադառնայ Ղարաբաղում «գէտնի վրայ» ստանձնած պարտաւորութիւնների խստիւ կատարմանը։ ալիեւը համարւում է բաւական հազուագիւտ պետական գործիչներից մէկը, որը գնահատում է սեփական անունն ու հեղինակութիւնը, իր խօսքի քաղաքական գործիչն է։ Յուսանք, որ նման իրավիճակում կասկածելու նոր առիթներ այլեւս չէն առաջանայ։

Share