«Երկիր Մեդիան» հնարաւորութիւն կ’ունենայ մօտակայ ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր․ Հեռուստաընկերութեան տնօրէն

«Երկիր Մեդիան» հնարաւորութիւն կ’ունենայ մօտակայ ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր․ Հեռուստաընկերութեան տնօրէն



Խնդիրն առաջացել էր դեռեւս օգոստոս ամսին, երբ դատական 3 ատեանների որոշումներով անուաւեր էր ճանաչուել 2021 թուականին անցկացուած 5 սլոթների արդիւնքները։ Օրենքի բացի պատճառով այդ պահին հայ հեռուստադիտողը կանգնած էր որեւէ տեղեկատուութիւն չստանալու վտանգի առջեւ։ Այս մասին ասաց «Երկիր Մեդիայ» հեռուստաընկերութեան տնօրէն Բագրատ Եսայանը։

«Ի պատիւ հեռարձակողների եւ կարգաւորող մարմնի՝ այն ժամանակ հեռուստադիտողի շահերը գերակայ գնահատուեցին եւ 5 հեռուստաընկերութիւնների դիմումի հիման վրայ, նրանց թոյլ տրուեց հեռարձակուել իրենց զբաղեցրած սլոթներով մինչեւ նոր մրցոյթի ամփոփումը։ «Երկիր Մեդիան» մրցոյթի արդիւնքում, քանի որ մէկ սլոթով պակասել էր,  նոյնպէս յաղթող չճանաչուեց։ Այս իրավիճակում ունենք մէկ բաց սլոթ եւ ունենք հեռուստատեսութիւն, որը մինչեւ 2028 թուականը գործունէութեան արտօնագիր ունի, որը չեղեալ է յայտարարուել դատարանի որոշումով։ Օրենքի լրացում ընդունուեց այս քառօրեայի ընթացքում, որը հնարաւորութիւն է ստեղծում «Երկիր Մեդիայ» հեռուսաընկերութեան համար վերականգնել իր հեռարձակումը հանրապետական ծածկոյթում։ Օրենքում միանշանակ է գրուած, որ եթէ կայ ազատ սլոթ եւ կայ հեռուստաընկերութիւն որի արտօնագիրը չեղեալ է համարուել դատարանի որոշումով, ապա նա իրաւունք ունի դիմում ներակայցնելով վերականգնել իր հեռարձակումը մինչեւ այդ սլօթի վրայ մրցոյթի յայտարարումը եւ արդիւնքների ամփոփումը»,- ասաց նա։

Հեռուստաընկերութեան ղեկավարը նշեց, որ օրէնքին տրուել է յետադարձ ուժ՝ օրէնքը տարածւում է նաեւ այսպիսի դէպքերի վրայ․

«Թեկուզ ժամանակաւոր, բայց մինչեւ Հ2-ի հայցը ՀՌՀ-ի դէմ ամփոփուելը եւ իր բոլոր ատեաններով անցնելը, նոր մրցոյթ յայտարարուելը, մենք հնարաւորութիւն կ’ունենանք մօտակայ ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր, իսկ թէ երբ, դա տեխնիկական հարց է։ Օրենքը դեռ պէտք է ՀՀ նախագահի կողմից ստորագրուի, պաշտօնապէս հրապարակուի, որից յետոյ ուժի մէջ կմտնի։ Այդ ժամանակ մենք դիմում կը տանք եւ, յոյս ունեմ, որ կուերադառնանք եթեր»,- ասաց հեռուստաընկերութեան ղեկավարը։

Նրա խօսքով՝ իրենց դիմումը դեռ դատարանից հետ չէն կանչելու, բայց եթէ վերականգնուի հեռուստաեթերը մինչեւ մրցոյթի ամփոփումը,  փաստօրէն օրէնքի ուժով իրենց հայցը արդէն բաւարարուած կը լինի եւ ինքը՝ որպէս տնօրէն, հետ կը կանչի հայցը դատարանից։

«Եթէ այս օրէնքը չընդունուէր, ապա մենք կարող էինք կանգնել նոյն խնդրի առաջ, կը յայտնուեինք այն խնդրի առաջ, որի առաջ կանգնել էին այն ընկերութիւնները, որոնք լիցենզիայ են ստացել դեկտեմբերին, կարող են կանգնել եթերը դադարեցնելու պրոբլեմի առաջ։ Հիմա օրէնքի այդ բացը փակուած է։ Չեմ կարծում, որ լիցենզաւորման այս օրէնքի ընդունումից յետոյ նոր մրցոյթ անցկացնելու պահանջ է առաջանալու, սա կազդի միւս մրցոյթի չափորոշիչների յստակեցման վրայ»,- ասաց նա։

Share