«Ադրբեջանի երազած «ինտեգրացիան» Արցախն է՝ առանց հայերի, յետոյ դա կը տարածւի նաեւ Սիւնիքի վրայ». Տաթեւիկ Հայրապետեան

«Ադրբեջանի երազած «ինտեգրացիան» Արցախն է՝ առանց հայերի, յետոյ դա կը տարածւի նաեւ Սիւնիքի վրայ». Տաթեւիկ Հայրապետեան

«Հրապարակ»-ի զրուցակիցը պատմական գիտութիւնների թեկնածու, ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանն է:

— Արցախում իրավիճակը, կարծես, բարդանում է: Չնայած Ացախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը բացառեց ինտեգրացիայի ճանապարհը, սակայն Ադրբեջանը դա է պահանջում:

— Ադրբեջանը շարունակ փորձում է օրակարգեր ստեղծել: Հայկական կողմերն էլ Արցախում ու Հայաստանում, լաւագոյն դէպքում, փորձում են դիմակայել այդ օրակարգերին: «Խաղաղութեան պայմանագրից» սկսած, «անցակէտի» տեղադրման, «ինտեգրացիայի» թեմաներով վերջացրած, դրանք բոլորն Ադրբեջանի օրակարգերն են: Նախկինում ՀՀ իշխանութիւնները եթէ պնդում էին, որ մինչեւ Ադրբեջանը դուրս չգայ մեր սուվերեն տարածքից, չի լինի քննարկում, յետոյ դրանից էլ յետ քաշւցին: Հիմա մեր տարածքների օկուպացիայի մասին շատ քիչ է խօսւում, մինչդեռ դա պէտք է դառնար թիւ մէկ խնդիրը: Մինչ օրս միակ խնդիրը, որն Ադրբեջանի համար ստեղծւել էր, արւել էր Ռուբեն Վարդանեանի նշանակմամբ: Ադրբեջանն արդէն քանի ամիս պայքարում էր այդ մարդու եւ նրա գործունէութեան դէմ, ու, ցաւօք, ռուս-ադրբեջանական պայմանաւորւածութիւնների արդիւնքում Վարդանեանը հեռացւեց պաշտօնից: Ռուսական կողմը կատարեց իր պայմանը, բայց ադրբեջանցիները ոչ միայն չբացեցին միջանցքը, այլեւ աւելի լարեցին իրադրութիւնը՝ յանգեցնելով մարդկային կորուստների: Իմ տպաւորութեամբ, Ադրբեջանն իսկապէս փորձում է գնալ նոր էսկալացիայի։ Նրանց կարծիքով, «էկոակցիան» ցանկալի արդիւնքներ չի տւել, պէտք է ուժով զաւթել այն, ինչը մնացել է Արցախից, ու դուրս հանել խաղաղապահներին: Սա այն դիսկուրսն է, որը շրջանառւում է ադրբեջանական լրատւադաշտում, փորձագիտական ու պատգամաւորական շրջանակներում՝ արդէն տեւական ժամանակ:

— Ի՞նչ է թաքնված «ինտեգրացիա» ասւածի տակ: Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանի երազած ինտեգրացիան:

— Եթէ կարճ՝ դա ենթադրում է Արցախ՝ առանց հայերի: Սա յստակ է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Սա ապացուցւում է ոչ միայն վերջին տասնամեակների պատմութեամբ, այլեւ վերջին մէկ-երկու տարւայ յայտարարութիւններով: «Չկան հայեր՝ չկայ խնդիր»․ սա է Ալիեւի տրամաբանութիւնը, որը դարձել է պետական քաղաքականութիւն: Մի՞թէ հաշտութեան ձգտող կողմն ամիսներով շրջափակման մէջ կը դնէր 120 հազար մարդու, կը զրկէր նրանց գազից ու էլեկտրաէներգիայից, կը մատնէր ցրտի ու սովի: Ալիեւը պարզ տեքստով յայտարարել է, որ «ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են դուրս գալ Արցախից»: Դրանով չբաւարարւելով՝ յետոյ անցան իրենց յայտնի գործելաոճին՝ սպանելով ոստիկանութեան ծառայողներին: Այսպիսով, Ադրբեջանի երազած «ինտեգրացիան» Արցախն է՝ առանց հայերի, իսկ յետոյ դա կը տարածւի նաեւ Սիւնիքի եւ Հայաստանի այլ շրջանների վրայ: Այս քաղաքականութիւնն այնքան պարզ է ու յստակ, որ անգամ ադրբեջանցի պատգամաւորներն են դրա մասին բարձրաձայնում առաւօտից երեկոյ: Օրինակ՝ սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր Ֆազայիլ Աղամալը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ՝ «Ի՞նչ էք կարծում, ներկայիս պայմաններում հայերը, Ադրբեջանի օրէնքներն ընդունելով, կապրե՞ն մեր հողերում», նշել է․ «Հայերն այս հողերում չեն մնալու։ Հայերը կը գաղթեն, կը գնան Ղարաբաղից։ Այս գաղթն արդէն սկսւել է։ Մինչեւ 50 տարեկան հայերի բացարձակ մեծամասնութիւնը կը գաղթի, կը գնայ առաջիկա 1 տարւայ ընթացքում։ Լաւագոյն դէպքում Ղարաբաղում կը մնան տարեց մարդիկ։ Նման պարագայում խաղաղապահներն էլ Ղարաբաղում մնալու կամ լրացուցիչ դիրքեր կառուցելու կարիք չեն ունենայ։ Հայաստանը ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցութիւնից եւ ուղղութիւն վերցնել դէպի Արեւմուտք։ Եթէ հայերն ուղղութիւն վերցնեն դէպի Արեւմուտք, գաղթելու են Ֆրանսիա կամ Ամերիկա։ Բնակւելու են աշխարհի առանձին-առանձին վայրերում։ Այսպիսով, Հայաստանը գործնականում մնալու է առանց հայերի։ Իսկ մենք կը վերադառնանք մեր պատմական հողերը՝ առանց փամփուշտ արձակելու ու շեհիդ (նահատակ) տալու»։ Սա աւելի քան խօսուն է, կարծում եմ:

— Ադրբեջանի նախագահի աշխատակազմն արցախցիներին առաջարկել է երկրորդ հանդիպումն անցկացնել՝ վերաինտեգրման շուրջ: Ի՞նչ է սա նշանակում:

— Սա խաղ է, որը սկսել է Ադրբեջանը, ու որին պէտք է շատ զգուշաւոր եւ համարժէք մօտենալ: Տեսէք՝ քանի ծուղակ կայ այդ առաջարկում: Ի՞նչ ասել է՝ երկրորդ հանդիպում, ո՞րն էր առաջինը, ո՞րը՝ երկրորդը: Եթէ խօսքը վերջերս Իւանեանում տեղի ունեցած հանդիպման մասին էր, ապա վերջին երկու տարում նման բազմաթիւ հանդիպումներ են եղել, բայց ինչո՞ւ դա ոչ ոք չէր հաշւում: Պատասխանը պարզ է․ որովհետեւ դրանք ընդամէնը տեխնիկական, կենցաղային քննարկումներ էին, այդտեղ չկար քաղաքական որեւէ բանակցութիւն, ու բոլորը դա գիտեն: Հիմա, երբ արեւմտեան գործընկերները շրջանառութեան մէջ են դրել միջազգային մեխանիզմների ներքոյ բանակցելու թէզը, Ադրբեջանը փորձում է դա վերափոխել՝ նշելով, որ պատրաստ են խօսել «ինտեգրացիայի» շուրջ: Յետոյ այս հանդիպումներն Արեւմուտքի վրայ «կը ծախեն» որպէս «տեսանելի երկխօսութիւն»: Տեսէք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարաւային Կովկասում բանակցութիւնների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի աւագ խորհրդական Լուիս Բոնոն «Ազատութիւն» ռադիոկայանին տւած իր հարցազրոյցում հրաժարւեց մեկնաբանել Իւանեանում տեղի ունեցած հանդիպումը: Հիմա Ադրբեջանն իբրեւ փորձում է հանդիպման հրաւէր անել՝ առանց խաղաղապահների, որպէսզի Արեւմուտքը դա համարի երկխօսութիւն: Սա շատ վտանգաւոր ծուղակ է: Ե՛ւ Ստեփանակերտը, ե՛ւ Երեւանը այս թեմայի շուրջ պէտք է լինեն յստակ՝ տեխնիկական/հումանիտար հարցերը քննարկւել ու քննարկւում են խաղաղապահների միջնորդութեամբ, իսկ քաղաքական բանակցութիւններ կարող են տեղի ունենալ բացառապէս միջազգային մեխանիզմների ներքոյ, կը լինի դա Մինսկի խումբ կամ դրա վերափոխւած այլ տարբերակ, կամ յատուկ բանագնացների ու միջնորդների ինստիտուտ։ Ինչ էլ որ լինի, դա պէտք է լինի միջազգային ամրագրւած մեխանիզմ, որին համաձայնել է նաեւ Բաքուն, իսկ հիմա խորամանկօրէն փորձում է խուսանաւել: Եթէ միջազգային միջնորդ գործընկերները շահագրգռւած են իրական խաղաղութեան ձեռքբերման հարցում, թող սկսեն հանդիպումներ Արցախի պաշտօնական ներկայացուցիչների հետ, առանց Արցախի խօսքը լսելու որեւէ լուծման հասնել հնարաւոր չէ: Դա կը լինի առաջին կարեւոր քայլը՝ հետագայում միջազգային մեխանիզմների ներքոյ Բաքու-Ստեփանակերտ քաղաքական երկխօսութեան կազմակերպման համար:

— Այս տարւայ փետրւարի 24-ին հանդիպել էին Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: Ի՞նչ է այն տւել հայկական կողմին, ի՞նչ է տւել Ադրբեջանին:

— Ես արդէն նշեցի այդ հանդիպման մասին: Սա իբրեւ Ալիեւի ժեստն էր՝ Վարդանեանի հեռացումից յետոյ, որն իրականում, ինչպէսեւ կանխատեսելի էր, ոչ միայն օգուտ չտւեց, այլեւ աւելի լարեց իրավիճակը: Ռուբէն Վարդանեանի հեռացմամբ միջազգային հեղինակաւոր լրատւամիջոցներով Արցախի տրանսպորտային շրջափակման, Արցախի բնակչութեան դէմ ուղղւած ադրբեջանական ահաբեկչական գործողութիւնների, էթնիկ զտման եւ ցեղասպանութեան վտանգի վերաբերեալ իրազեկումներն ու դատապարտումները զգալիօրէն պակասել են, ինչի հետեւանքով Բաքուն իրեն շատ աւելի ազատ է զգում իր յանցաւոր արարքներում: Դրա համար էլ Բաքուն հէնք է նախապատրաստում էսկալացիայի համար, որովհետեւ հիմա Արցախի շուրջ միջազգային նախկին արձագանքները չկան, շատ աւելի հեշտ է Ալիեւի համար գնալ էթնիկ զտման ճանապարհով:

Share