Լեւոն Պարոնեան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անթալիայում հանդիպելուց չորս օր առաջ Նիկոլ Փաշինեանը վերահաստատեց, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն այլեւս իր կառավարութեան արտաքին քաղաքականութեան օրակարգում չէ։ Նոյեմբերի 11-ի հանդիպման վերաբերեալ պաշտօնական հաղորդագրութեան մէջ խօսւում էր առեւտրի, տրանսպորտային կապերի եւ յարաբերութիւնների կարգաւորման մասին։ Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին որեւէ յիշատակում չկար։
Մինչդեռ Անթալիայի հիւրանոցում Փաշինեանի վերցրած բանանը դարձաւ տեսանիւթերի մի ամբողջ շարքի նիւթ։ Թուրքիայում նա այն դրեց իր բաճկոնի գրպանը, Դուբլինում հանեց գրպանից, իսկ Երեւան վերադառնալուց յետոյ տեսախցիկի առջեւ բացեց անվտանգ պահարանը(սէյֆը)՝ հանրութեանը ցոյց տալու, թէ որտեղ է պահում այն։
Միլիոնաւոր հայերի համար, որոնք հետեւում են այս ամենին, արձագանգը ոչ թէ զուարճանքն է, այլ զզուանքն ու զայրոյթը՝ տեսնելով, թէ ինչպէս է Հայաստանի վարչապետը պետական բարձրագոյն պաշտօնը վերածում էժանագին խեղկատակութեան՝ միաժամանակ զիջելով ազգային հիմնարար սկզբունքները։
Սակայն այս ամենը պարզապէս անկարողութիւն կամ տարօրինակ վարքագիծ համարելը նշանակում է անտեսել դրա հիմքում ընկած հաշուարկը։ Փաշինեանի բանանային ներկայացումը սոսկ խայտառակութիւն չէ։ Դա միտումնաւոր հոգեբանական գործողութիւն է՝ բանական զայրոյթը շրջանցելու, ազգի դիմադրողականութիւնը թուլացնելու եւ ենթարկուելու պատգամն անմիջականօրէն հայկական ենթագիտակցութեան մէջ արմատաւորելու փորձ։
Ծանօթ խորհրդանիշի ազդեցութիւնը
Ով հասկանում է քաղաքական ուղերձների փոխանցման մեխանիզմները, գիտի, որ քարոզչութիւնը միշտ չէ, որ հիմնւում է ճառերի կամ քաղաքական փաստաթղթերի վրայ։ Յաճախ այն օգտագործում է ծանօթ խորհրդանիշներ, որոնք յուզական ազդեցութիւն են ունենում նախքան մարդու գիտակցութիւնը կը հասցնի հակազդել։
Այն հայերի համար, որոնք մեծացել են այն ժամանակներում, երբ բանանը հազուագիւտ, արտասովոր շքեղութիւն էր, այդ միրգը մինչ օրս յստակ յիշողութիւն է արթնացնում՝ այն ուրախութիւնը, երբ ինչ-որ մէկը բանան էր տուն բերում։
Պատկերացրէք միջին տարիքի մի հայ կնոջ, որը յիշում է մանկութեան այդ զգացումը, իսկ տարիներ անց՝ նաեւ իր երեխաների համար բանան գնելու լուռ հաճոյքը։ Բանանը կարող էր սովորական օրը փոքր-ինչ առանձնայատուկ դարձնել։
Փաշինեանի տեսանիւթերը շահագործում են այդ ջերմ յիշողութիւնը՝ այն տեղաւորելով բոլորովին նոր քաղաքական պատմութեան մէջ։ Այդ հաճելի նուէրը գալիս է Թուրքիայից։ Նա այն տուն է բերում։ Իսկ անվտանգ պահարանն ամբողջացնում է պատկերը՝ բանանը ներկայացնելով որպէս թանկարժէք մի բան, որն արժանի է խնամքով պահպանուելու։
Էկրանին բանանն է։ Իսկ քաղաքական ուղերձը թողնուած է դիտողի ենթագիտակցութեանը՝ իւրացնելու համար. Թուրքիան այն վայրն է, որտեղից գալիս են լաւ բաները, իսկ Փաշինեանն այն առաջնորդն է, որը դրանք տուն է բերում ձեզ համար։
Եթէ վարչապետը կանգնէր խորհրդարանի առջեւ եւ յայտարարէր, որ Անկարային միակողմանի զիջումները բարգաւաճում կը բերեն, անմիջապէս կը բախուէր վճռական դիմադրութեան։
Նրանից կը պահանջէին բացատրել, թէ Թուրքիան փոխարէնն ի՞նչ է տուել, ինչո՞ւ սահմանը շարունակում է փակ մնալ, եւ ինչո՞ւ է Հայաստանը հրաժարւում պատմական արդարութիւնից՝ դատարկ խոստումների դիմաց։
Սակայն սոցիալական ցանցերում հրապարակուած երեսուն վայրկեանանոց տեսանիւթում այդ հարցերից ոչ մէկը չի հնչում։ Վարչակարգն օգտագործում է վարչապետի՝ միրգը անվտանգ պահարանում փակելու տեսարանը՝ խլացնելու այն զայրոյթը, որը պէտք է առաջացնէր նրա իրական զիջումների գիտակցումը։
Հոգեբանական պայմանաւորում՝ ներկայացումների միջոցով
Արդիւնաւէտ քարոզչութիւնը չի գործում մէկ առանձին ներկայացմամբ։ Այն գործում է կրկնութեան, սովորական դառնալու եւ հանրութեան կամքը աստիճանաբար մաշելու միջոցով։
Առօրեայ տեսանիւթերի անվերջանալի շարքով՝ առաւօտեան հեծանուային զբօսանքներ, թուրք լրագրողների հետ սրտաձեւ ժեստեր, թէյի բաժակներ եւ գրպանում պահուած բանաններ, Փաշինեանը փորձում է վերաձեւաւորել հայկական ղեկավարութեան կերպարը։
Պատմական եւ անդառնալի կորուստների համար պատասխանատու պետութեան ղեկավարի փոխարէն նա ներկայանում է որպէս անվնաս, ժողովրդական ու զաւեշտալի ծաղրածու։ Նպատակը հանրային զայրոյթը չէզոքացնելն է՝ պետական կառավարումը վերածելով շարունակական կատակի։
Միաժամանակ, անհեթեթութիւնների մշտական կրկնութիւնը յոգնութիւն է առաջացնում։
Օր օրի հանրային դաշտը ողողելով նուաստացուցիչ ներկայացումներով՝ իշխանութիւնները փորձում են բթացնել ազգային գոյութեանը սպառնացող կորուստների դէմ տեւական դիմադրութիւն ցուցաբերելու ժողովրդի կարողութիւնը։
Մինչ մարդիկ ստիպուած են հանդուրժել Անթալիայի բանանի շուրջ ստեղծուած ներկայացումը, պատմական մի յանձնում՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցի հեռացումը Հայաստանի պետական օրակարգից, իրականացւում է այնպէս, կարծես սովորական մի քայլ լինի։
Սրբագրումից անդին
Սա վրիպում չէ եւ հաղորդակցութեան առանձին ձախողում չէ։ Սա հայերի՝ սեփական պատմութեան, իրաւունքների եւ բանակցութեան ենթակայ հարցերի մասին մտածողութիւնը վերաձեւաւորելու հետեւողական ծրագրի մաս է։
2019 թուականին Ստեփանակերտում Փաշինեանը կանգնեց ազգի առջեւ եւ յայտարարեց. «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։
2023 թուականին նա արդէն յստակօրէն Արցախը ներառել էր Ադրբեջանի այն 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքի մէջ, որի ճանաչմանը պատրաստ էր իր կառավարութիւնը։
Փոխանակ ընդունելու իր դաւաճանութեան պատասխանատուութիւնը՝ նա փորձեց վերաշարադրել քաղաքական յիշողութիւնը։
Նա ընտրողաբար յղումներ կատարեց անցեալի յայտարարութիւններին՝ կապիտուլեացիան ներկայացնելով որպէս նախկին քաղաքականութեան շարունակութիւն, միաժամանակ ջնջելով այն փաստը, որ Մինսկի խմբի բանակցային շրջանակը մշտապէս նախատեսել էր Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը՝ կամքի իրաւաբանօրէն պարտադիր արտայայտման միջոցով։
Իրադարձութիւնների նոր տարբերակը բացարձակ վստահութեամբ կրկնելով՝ նա փորձում էր հանրութեանը սովորեցնել կասկածի տակ դնել այն, ինչն արդէն գիտէր որպէս ճշմարտութիւն, եւ պարտութիւնն ընդունել որպէս անխուսափելի ճակատագիր։
Անթալիայում նոյն մեթոդը կիրառուեց հայկական ինքնութեան է՛լ աւելի խորքային հիմնասիւներից մէկի նկատմամբ։
Սերունդներ շարունակ Հայրենիքում եւ ամբողջ Սփիւռքում հայերը պայքարել են Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ապահովելու եւ Թուրքիային իր յանցագործութիւնների համար պատասխանատուութեան ենթարկելու նպատակով։
Այսօր Էրդողանը կարող է նստել Հայաստանի այնպիսի վարչապետի դիմաց, որը հանդիպումից դեռ առաջ հրապարակաւ յայտարարել է, որ միջազգային ճանաչման հարցն այլեւս բանակցութիւնների օրակարգում չէ։
Անկարան ստանում է պատմական քաղաքական զիջում՝ փոխարէնը պատասխանատուութիւն ստանձնելու որեւէ քայլ չկատարելով։
Իսկ հայերին մատուցւում է բանանի շուրջ նուաստացուցիչ ներկայացում՝ այնպէս փաթեթաւորուած, որ յանձնումը թեթեւ ու զուարճալի թուայ։
Մենք վաղուց անցել ենք այն հանգրուանը, երբ Նիկոլ Փաշինեանից կարելի էր պատասխաններ, բացատրութիւններ կամ քաղաքական ուղեգծի սրբագրում ակնկալել։
Այն առաջնորդի հետ, որը պետութիւնը վերածում է կրկէսի՝ միաժամանակ կազմաքանդելով ազգի հիմնարար իրաւունքները, այլեւս հնարաւոր չէ բանական երկխօսութեամբ փոփոխութիւնների հասնել կամ նրան բարեփոխել։
Նա հայերին ցոյց տուեց, թէ ինչ է փակել իր անվտանգ պահարանում։
Հայ ազգի համար մնացած միակ պատասխանատու քայլը նրան իշխանութիւնից հեռացնելն է, քանի դեռ բանակցութիւնների սեղանին պաշտպանելու այլեւս ոչինչ չի մնացել։
