Մահ՝ տեսախցիկների ներքոյ

Մահ՝ տեսախցիկների ներքոյ

Դիտորդներին արգելել են ծանօթանալ Արսէն Գէորգեանի բժշկական փաստաթղթերին

Նոյեմբերի 12-ին Ստեփանաւանում տեղի է ունեցել 46-ամեայ Արսէն Գէորգեանի յուղարկաւորութիւնը։ Ստեփանաւանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի՝ բանտում տեղի ունեցած ողբերգական մահը հանրութեան ուշադրութեան կենտրոնում է, եւ նրա մահուան հանգամանքներն ուսումնասիրւում են։

ԱՐՍԷՆ ԳԷՈՐԳԵԱՆԸ, ՈՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԷՐ նախընտրական կաշառք տալու մեղադրանքով, նոյեմբերի 10-ի առաւօտեան մահացել է «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկում՝ ենթադրաբար սրտի կաթուածից։ Նրա յանկարծակի մահուան փաստով Քննչական կոմիտէն նոյն օրը քրէական գործ է յարուցել։ Ինչպէս յայտնի է, այսօրուայ դրութեամբ գործով ո՛չ մեղադրեալներ կան, ո՛չ էլ կոնկրետ կասկածեալներ։ Հետաքննութեան շրջանակում նշանակուած դատաբժշկական փորձաքննութեան արդիւնքները, որոնց հիման վրայ հնարաւոր կը լինի պարզել մահուան պատճառը, դեռ պատրաստ չեն։

Նոյեմբերի 11-ին քրէակատարողական հիմնարկներում եւ Արդարադատութեան նախարարութեան մարմիններում վերահսկողութիւն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Արման Սահակեանը եւ խմբի անդամ Շուշան Խնկոյանն այցելել են «Նուբարաշէն» ՔԿՀ՝ Գէորգեանի մահուան հանգամանքները պարզելու նպատակով։ Դիտորդները մտադիր էին ծանօթանալ մահացածի բժշկական փաստաթղթերին։ Սակայն նրանց մերժել են՝ պատճառաբանելով, որ դրանք բժշկական, ինչպէս նաեւ նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկութիւններ են։

Խմբի անդամները կապ են հաստատել «Քրէակատարողական բժշկութեան կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որտեղ նրանց բաւական ինքնատիպ պատասխան են տուել՝ փաստաթղթերը չեն կարող տրամադրուել, քանի որ բացակայում է Գէորգեանի գրաւոր համաձայնութիւնը՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկութիւններին ծանօթանալու վերաբերեալ։

Խմբի կարծիքով՝ սահմանափակումները խոչընդոտում են նրա մահուան հանգամանքների լիարժէք ուսումնասիրութեանը։

«Այս դէպքում խնդիրը առանձնայատուկ մտահոգութիւն է առաջացնում, քանի որ խօսքը մահացած մարդու փաստաթղթերի ուսումնասիրութեան մասին է։ Ակնյայտ է, որ դիտորդական խումբը չէր կարող նախապէս իմանալ մարդու մօտալուտ մահուան մասին եւ մինչեւ նրա մահը ստանալ համապատասխան գրաւոր համաձայնութիւնը։ Մարդու մահից յետոյ նման համաձայնութիւն ստանալն արդէն անհնար է»,– ասւում է խմբի յայտարարութեան մէջ։

Ինչեւէ, Գէորգեանի մահուանը նախորդած հանգամանքները պարզելու նպատակով դիտորդները զրուցել են նրա խցակիցների եւ այլ կալանաւորների հետ։ Վերջիններիս խօսքերից պարզուել է, որ Արսէն Գէորգեանը պահուել է գերբնակեցուած, խոնաւ եւ փայտոջիլներով լի խցում, որտեղ շուրջ ութ մարդ է բնակուել։ Գէորգեանի խցակիցները բողոքել են հակասանիտարական պայմաններից, միջատների առկայութիւնից, որոնք կծում են իրենց եւ լուրջ անհանգստութիւն պատճառում։

ՄԻԵՒՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԻՐԱՒԱՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԱՐԴԷՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ Է՝ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ «ՆՈՒԲԱՐԱՇԷՆ» ՔԿՀ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ պնդելով, որ այնտեղ բոլոր խցերը գտնւում են անմխիթար վիճակում։ Մարդու իրաւունքների պաշտպանի, ԱԺ համապատասխան յանձնաժողովների, իրաւապաշտպան եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների գնահատմամբ՝ 1972 թուականին կառուցուած այս ՔԿՀ-ի շէնքը ոչ միայն չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այլեւ վթարային վիճակում է եւ ենթակայ է փակման։

Մշտադիտարկման խմբերն ու իրաւապաշտպանները յատուկ ուշադրութիւն են հրաւիրում բժիշկների պակասի եւ կալանաւորներին շտապ բժշկական օգնութիւն ցուցաբերելու ուշացումների վրայ, ինչը կարող է մահուան պատճառ դառնալ։

Արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեանն իր հերթին չի ժխտում, որ «Նուբարաշէն» ՔԿՀ-ում պայմանները, մեղմ ասած, անբաւարար են։ Լրագրողների հետ զրոյցում Սրբուհի Գալեանը նախկինում յայտնել էր, որ խօսքը զգալի ֆինանսական ծախսերի մասին է, եւ նոր շէնք կառուցելու նպատակով բանակցութիւններ են ընթանում մասնաւոր ընկերութեան հետ։ Իսկ քանի որ խօսքը շինարարութեան կամ առնուազն վերակառուցման մասին է, պէտք է հաշուի առնել, որ դրա համար անհրաժեշտ կը լինի առնուազն երկու տարի։

«Յեղափոխութիւնից յետոյ մենք քրէակատարողական հիմնարկներ չենք կառուցել, մենք ստացել ենք այդ վատ ժառանգութիւնը»,– նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրոյցում յայտարարել է նախարարը։

Նախարարը նաեւ յայտնել է, որ Արդարադատութեան նախարարութիւնում ընդդիմադիր գործչի մահուան առնչութեամբ ծառայողական քննութիւն է սկսուել։ Սակայն, չսպասելով քննութեան աւարտին, նա վստահօրէն յայտարարել է, որ շտապօգնութիւնը չի ուշացել եւ կանչից 16 րոպէ անց ժամանել է։ Կանչը կատարուել է այն բանից յետոյ, երբ բուժաշխատողը մտել է Գէորգեանի խուց։ Նախարարը վկայակոչել է այն հանգամանքը, որ անձնակազմի բոլոր գործողութիւններն ու իրադարձութիւնների ժամանակագրութիւնն արձանագրուած են ՔԿՀ-ում տեղադրուած տեսախցիկներով։

Պատասխանելով լրագրողների բազմաթիւ հարցերին՝ Գալեանը յուզուել է.

«Ես կարող եմ հասկանալ մարդկանց նեարդային վիճակը, բայց, իհարկէ, կան սահմաններ, որոնք չպէտք է անցնել։ Ես կարող եմ ամէն ինչ հասկանալ, բայց երբ հիմա, օրինակ, գրում են՝ թող յաջորդը քո երեխան լինի…»,– յուզուած ասել է նա՝ շտապելով աւարտել ճեպազրոյցը։

Սոցիալական ցանցերի օգտատէրերը նախարարին յիշեցրել են բազմաթիւ պարագաներ երբ իշխանութեան ներկայացուցիչները ընդդիմադիրների երեխաներին են թիրախաւորել, իսկ ինքը իր յուզմունքը չի յայտնել մինչև իր վրայ է զգացել այդ սխալ արարքի հետևանքները:

Share