Վահէ Յովհաննիսեան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Դրսից մեզ պիտակաւորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրօք, վերածուել ենք ագրեսիւ հասարակութեան։
Կալանքները, կալանավայրերում մահերը, ճանապարհների սահմռկեցուցիչ վթարները՝ անվերջ մահերով, կենցաղային վէճերը՝ դանակահարութիւններով ու կրակոցներով, համատարած անզիջողականութիւնը։ Հայաստանում մթնոլորտը ծայրայեղ ագրեսիւ է։
Սուտ է, թէ նման պայմաններում մենք կարող ենք սահմանին խաղաղութիւն ապահովել։ Սուտ է, թէ նման մթնոլորտում մենք կարող ենք որեւէ լուրջ, համընդհանուր կարեւորութեան հարց քննարկել։ Տարիներ տեւող իշխանական ներքին ագրեսիան յանգեցրել է հասարակական հիւսուածքի քայքայմանը։
Մենք առերեսւում ենք մեր կեանքի ապամարդկայնացման հետ։ Մենք առերեսւում ենք նաեւ երկրի ներսում իռացիոնալ անտարբերութեան հետ։ Այս պայմաններում ոչ մի կարեւոր հարցի լուծում մենք չենք կարողանալու գտնել։ Ժամանակը խեղդելու է, իսկ մենք անպատրաստ ենք լինելու լուծումներ գտնելու։ Խօսքը թէ՛ արտաքին քաղաքական, թէ՛ ներքին սուր խնդիրների մասին է։
Մեր հանրային օրակարգն առաւելագոյն յստակեցման կարիք ունի։
Ազատութիւն։ Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պէտք է լինի ազատութիւնը, դատաիրաւական կալանքային մեքենայի կասեցումը։ Բանտերի դռները պէտք է բացուեն։ Ազատութեան պահանջն ամէն րոպէ, ամէն վայրկեան պէտք է ուժեղացուի, պէտք է ձեւաւորուի համապատասխան մթնոլորտ։
Ապաագրեսիւացում։ Մթնոլորտը պէտք է փոխել։ Պէտք է սկսել քաղաքացու հետ երկխօսութեան գործընթաց։ Անկախ այն բանից, թէ քաղաքացին ո՛ր ընտրազանգուածից է, ո՛ւմ է ձայն տուել կամ չի տուել։ Երկրում ագրեսիան մեղմելու, մարդկային դէմքով հասարակութիւնը վերականգնելու համար պէտք է սկսել խօսել բոլորի հետ՝ բացատրելով, թէ որոնք են Հայաստանի իրական խնդիրները, փորձել մարդկանց դուրս բերել ագրեսիւ հակամարտութեան դաշտից։
Ընդհանուր օրակարգեր։ Կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր ընտրազանգուածների՝ «քաղաքականութեամբ զբաղուողների եւ չզբաղուողների» համար։ Պէտք է կազմել այդ խնդիրների ցանկը եւ դրանց լուծումները ներկայացնել հասարակութեանը։ Մենք ընդհանուր շատ բան ունենք՝ ե՛ւ խնդիրներ, ե՛ւ արժէքներ, ե՛ւ նպատակներ։ Քուէաթերթիկը ախտորոշում չէ եւ յաւիտեան չէ։ Ընդհանուր օրակարգային հարցերի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրուածութիւնը եւ միասնական լուծումների ակտիւ որոնումը կը փոխեն մթնոլորտը։
Համախմբումն աւելին է, քան ձեւաչափը։
Այսօրուայ Հայաստանում ելքեր գտնելու համար ձեւաչափերի նպատակը համախմբում ապահովելն է։ Համախմբում՝ ընտրազանգուածների, ինչպէս նաեւ ընտրութիւններին չմասնակցածների միջեւ։ Քաղաքացուն, հասարակութեանը միասնական քննարկումների եւ միասնական լուծումների որոնման գործընթացում ներգրաւելը։ Սա է միակ ելքը, ու վստահեցնում եմ՝ լիովին հնարաւոր է։
Ընդդիմութեան օգտին չքուէարկած կամ ընդհանրապէս չքուէարկած հարիւր հազարաւոր մարդկանց համար նոյնպէս ընդունելի չէ, որ բանտերում ու կալանքի տակ են Ծառուկեանը, Կարապետեանը, Քոչարեանը, սրբազանները, Թեւանեանը, Աշոտեանը, Գրիգորեանը, Մանուկեանը եւ այլք։
Ընդդիմութեան օգտին չքուէարկած կամ ընդհանրապէս չքուէարկած հարիւր հազարաւոր մարդկանց համար ընդունելի չէ, երբ բանտում անիրաւացիօրէն կալանաւորուած մարդ է մահանում։
Ոչ ոքի համար ընդունելի չէ, որ 13 տարեկան երեխային կարող են իջեցնել աւտոբուսից՝ ուղեվարձը չվճարելու համար։ Անընդունելի է ներքին ագրեսիայի եւ անզիջողականութեան մթնոլորտը՝ մահաբեր ճանապարհները, մահաբեր կենցաղային վէճերը, չլուծուող սոցիալական խնդիրները՝ Երեւանի կաթուածահար փողոցները, քաղցկեղածին օդը, թանկացումները եւ այլն։
Այս ամէնը բոլորի խնդիրն է՝ բոլոր գիտակից, բնականոն մտածող մարդկանց, որոնք ցանկանում են շարունակել ապրել Հայաստանում։
