Ինքնիշխանութեան անկման սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանութիւնը

Ինքնիշխանութեան անկման սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանութիւնը

Արամ Շահնազարեան

Նոյեմբերի 9-ը հայկական պետականութեան ռազմավարական սնանկութեան եւ սուբյեկտայնութեան համակարգային կազմաքանդման ելակէտն է։ 44-օրեայ պատերազմի աղէտալի ելքն ամփոփած փաստաթուղթը ոչ թէ կասեցրեց պետութեան աշխարհաքաղաքական ու անվտանգային գահավիժումը, այլ գործնականում լեգիտիմացրեց այն կործանարար քաղաքական դոկտրինը, որի շրջանակում միակողմանի ու շարունակական զիջումներն աստիճանաբար վերածուեցին պետական քաղաքականութեան գերակայ մեթոդաբանութեան։ Կապիտուլեացիայից վեց տարի անց այդ նոյն զիջողական ընթացքը հասել է իր օրինաչափ, չափազանց վտանգաւոր հանգրուանին՝ թիրախաւորելով Հայաստանի Հանրապետութեան իրաւաքաղաքական գոյութեան հիմնասիւնը՝ Սահմանադրութիւնը։ Գործող վարչախմբի կողմից Մայր օրէնքի ձեւախեղման կամ նոր Սահմանադրութեան պարտադրման հրատապ օրակարգը ոչ այլ ինչ է, քան նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն քաղաքական ուղեգծի իրաւական ձեւակերպում եւ պետական ինքնիշխանութեան անկման վերջնական ու անդառնալի ամրագրում։

Հասկանալու համար, թէ ինչպէս յետկապիտուլեացիոն գործընթացները վերաճեցին սահմանադրական ճգնաժամի, հարկ է վերլուծել այն զիջողական խօսոյթը, որն իշխանութիւնը որդեգրեց յետպատերազմեան շրջանում։ Նոյեմբերի 9-ի յայտարարութեան ստորագրումից անմիջապէս յետոյ պաշտօնական Երեւանը հրաժարուեց դիմադրութեան եւ ինքնապաշտպանութեան գրեթէ բոլոր հնարաւորութիւններից՝ որպէս արտաքին քաղաքականութեան հիմնական դոկտրին ընտրելով «զիջիր, որպէսզի ապրես» կործանարար դրոյթը։ Միջազգային փորձը, սակայն, ապացուցել է՝ ագրեսորին գոհացնելու քաղաքականութիւնը (appeasement) երբեք խաղաղութեան չի յանգեցնում։ 1938 թուականի Միւնխէնի համաձայնագրի պատմական փորձը ցոյց տուեց, որ պատերազմից խուսափելու նպատակով Նացիստական Գերմանիային Չեխոսլովակիայի Սուդետեան երկրամասը զիջելը ոչ միայն չկանխեց հետագայ ագրեսիան, այլեւ չխոչընդոտեց Գերմանիայի նոր տարածքային նուաճումներին։ Աւելին, ընդամէնը մի քանի ամիս անց՝ 1939 թուականի մարտին, գերմանական զօրքերը գրաւեցին Չեխիայի մնացած տարածքը։ Այս պատմական նախադէպը վկայում է, որ ագրեսորի պահանջներին միակողմանի զիջումները կարող են ոչ թէ չէզոքացնել սպառնալիքը, այլ խրախուսել նորանոր ոտնձգութիւնները։ Հայաստանի գործող իշխանութիւնների վարած այս նոյն քաղաքականութիւնը երկիրը վերածեց աշխարհաքաղաքական սակարկութիւնների կամազուրկ առարկայի։ Արցախի ամբողջական հայաթափումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ սողացող բռնագրաւումը եւ սահմանազատման ու սահմանագծման անուան տակ իրականացուող միակողմանի տարածքային զիջումները գործնականում ապացուցեցին, որ իւրաքանչիւր նահանջ ոչ թէ չէզոքացնում է սպառնալիքը, այլ հակառակորդի համար ստեղծում է նորանոր, է՛լ աւելի կործանարար առաւելապաշտական պահանջներ ներկայացնելու եւ պարտադրելու քաղաքական նախադէպեր։

Այս խորապատկերում Սահմանադրութեան փոփոխութեան շուրջ ծաւալուող իշխանական նախաձեռնութիւնը պէտք է դիտարկել ոչ թէ ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարական կառուցակարգերի կատարելագործման տիրոյթում, այլ որպէս արտաքին պարտադրանքի եւ ուղղակի ճնշման արդիւնք։ Բաքուից հնչող բացայայտ սպառնալիքներն ու յայտարարութիւնները, թէ Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր չի ստորագրուի, քանի դեռ չի փոխուել նրա Սահմանադրութիւնը, ուղղակիօրէն մատնում են գործընթացի իրական շարժառիթները։ Իշխանութիւնը, փորձելով հանրութեանը համոզել, որ Մայր օրէնքի «սրբագրումը» բխում է «Իրական Հայաստանի» շահերից, իրականում գնում է պետական սուբյեկտայնութեան ինքնակամ կազմաքանդման՝ սեփական քաղաքական վերարտադրութիւնը պետութեան կենսական շահերի հաշուին երաշխաւորելու համար։ Սա աննախադէպ երեւոյթ է համաշխարհային պատմութեան մէջ, երբ պետութիւնն իր հիմնարար արժէքներից, Անկախութեան հռչակագրից եւ ազգային իղձերից հրաժարւում է ոչ թէ ներքին հասունացման, այլ հարեւան ավտորիտար վարչախմբի թելադրանքով։

Սահմանադրական փոփոխութիւնների այս օրակարգն իշխանութեան կողմից ներկայացւում է որպէս պետութեան «կենսունակութեան» եւ «անվտանգութեան» ապահովման միակ միջոց, սակայն խորքային վերլուծութիւնը բացայայտում է տրամագծօրէն հակառակ պատկերը։ Պետութեան հիմնարար օրէնքի ձեւախեղումը՝ արտաքին պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, հարուածում է պետականութեան լեգիտիմութեան միջուկին։ Դրանով իսպառ ոչնչացւում է պետութեան իրաւայաջորդութեան եւ հիմնադիր հայեցակարգի շարունակականութիւնը (continuitas), եւ պետութիւնը զրկւում է իր պատմական ու բարոյական յենասիւներից։ Այն պահին, երբ Հայաստանը կը հրաժարուի իր Սահմանադրութեան մէջ ամրագրուած հիմնարար սկզբունքներից, նա աշխարհին կը յայտարարի, որ իր ինքնիշխանութիւնն այլեւս բացարձակ արժէք չէ, այլ աշխարհաքաղաքական սակարկութիւնների առարկայ, որը կարելի է խմբագրել որեւէ նոր արտաքին պարտադրանքի կամ սպառնալիքի դէպքում։ Սա հէնց ինքնիշխանութեան անկման սահմանադրական ամրագրումն է, երբ պետութեան ներքին ինքնիշխան կամքը փոխարինւում է արտաքին ճնշումների առջեւ ընկրկելու եւ տեղի տալու կործանարար գործելաոճով։

Այս իրավիճակը յստակօրէն բացայայտում է գործող վարչախմբի գաղափարական եւ ռազմավարական սնանկութիւնը։ Նրանք չունեն ո՛չ հեռանկարային տեսլական, ո՛չ էլ դիմադրութեան ներքին ներուժն ու ազգային հաւաքական հնարաւորութիւնները համախմբելու կամք։ Պարտուողականութեան բարդոյթն ու կապիտուլեացիոն մտածողութիւնը դարձել են նրանց գործունէութեան մշտական ուղեկիցը, ինչի պատճառով նրանք այլեւս ունակ չեն արտաքին աշխարհի հետ իրաւահաւասարութեան դիրքերից յարաբերուելու։ Միակողմանի զիջումների տրամաբանութիւնը նրանց տարել է մի փակուղի, որտեղ իւրաքանչիւր յաջորդ քայլ է՛լ աւելի է մօտեցնում պետականութեան անվտանգային հիմքերի վերջնական փլուզումը։ Իշխանութեան որդեգրած այս քաղաքական ուղեգիծը Հայաստանին դուրս է մղում միջազգային իրաւաքաղաքական գործընթացների տիրոյթից՝ երկիրը վերածելով սեփական ճակատագիրը տնօրինելու հնարաւորութիւնից զրկուած, կամազուրկ մի կազմաւորման, որի կենսական շահերը միջազգային ասպարէզում ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից այլեւս հաշուի չեն առնւում։

Պետականութեան կենսունակութեան հիմնարար օրէնքը փաստում է, որ հարկադրուած ու շարունակական նահանջը երբեք չի կարող վերածուել կայունութեան կամ անվտանգութեան երաշխիքի։ Սեփական իրաւունքների եւ հիմնարար արժէքների հաշուին արտաքին պահանջների բաւարարման որեւէ փորձ տրամաբանօրէն յանգեցնում է ոչ թէ հանգուցալուծման, այլ պետական սուբյեկտայնութեան համակարգային կազմաքանդման։ Այս հարթութիւնում խնդիրը դուրս է սովորական իրավիճակային շահերի կամ ներքաղաքական դիմակայութեան տիրոյթից։ Սա պետութեան գոյութեան իրաւունքի եւ սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնիշխան կամքի պահպանման բացարձակ սահմանագիծն է։ Թոյլ տալ պետականութեան իրաւաքաղաքական հիմքերի ձեւախեղում արտաքին թելադրանքի ներքոյ՝ նշանակում է ինքնակամ հրաժարուել սեփական ապագան ինքնուրոյն տնօրինելու իրաւունքից։ Հայաստանի գոյութեան եւ ֆիզիկական անվտանգութեան երաշխաւորումը հնարաւոր է բացառապէս պետականութեան հիմնադիր հայեցակարգի վերաիմաստաւորման եւ այնպիսի ռազմավարական խօսոյթի ձեւաւորման միջոցով, որտեղ երկրի կենսական շահերը կը պաշտպանուեն ոչ թէ արտաքին պարտադրանքի ու զիջողականութեան, այլ սեփական իրաւունքների անբեկանելիութեան եւ պետական կամքի գերակայութեան տիրոյթում։


Share