«Համահայկական» գագաթնաժողովում արցախցիների համար տեղ չկար

«Համահայկական» գագաթնաժողովում արցախցիների համար տեղ չկար

Երրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովը տեղի ունեցաւ Երեւանում նոյեմբերի 5-8-ը։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի եւ հայկական համայնքների մօտ 800 ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկեցին Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ յարաբերութիւնների հեռանկարները, ինչպէս նաեւ անվտանգութեան, տնտեսական զարգացման, ներդրումների, կրթութեան, մշակոյթի եւ հայրենադարձութեան հարցեր։ Պաշտօնական տուեալներով՝ մօտ 55 երկրներից մասնակցում էին Սփիւռքի շուրջ 600 ներկայացուցիչներ, եւս 200-ը՝ Հայաստանից։

Կազմակերպիչները նշել են, որ Համահայկական գագաթնաժողովի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ կապերը, ընդլայնել գործնական համագործակցութիւնը եւ ներգրաւել արտերկրում ապրող հայերի ներուժը հանրապետութեան զարգացման գործում։ Չնայած յայտարարուել էր, որ նպատակը համազգային ընդհանուր հարցերի շուրջ համախմբուելն է, Երրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովի պաշտօնական ծրագրում չէր ներառուել Արցախի բռնի տեղահանուած բնակչութեան խնդիրների քննարկումը։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանեանը հաստատել է, որ Արցախի ներկայացուցիչները հրաւիրուած չէին, եւ Արցախի թեման չի քննարկուել։

«Սփիւռքի հետ կապերն ամրապնդելու Հայաստանի ղեկավարութեան կոչերի խորապատկերում գագաթնաժողովի օրակարգում Արցախի հարցի քննարկման բացակայութիւնը հարցեր է առաջացնում այն մասին, թէ որքանով է գագաթնաժողովը լիարժէք արտացոլել առկայ ազգային խնդիրներն ու արտերկրում ապրող հայերի ակնկալիքները»։

Ինչո՞ւ արցախահայերի ցեղասպանութեան եւ նրանց հետագայ գոյատեւման թեման դուրս մնաց Համահայկական գագաթնաժողովի օրակարգից։ Հաշուի առնելով Սփիւռքի դերակատարութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կայացման եւ հետագայ 30 տարիների զարգացման գործում՝ առաւել քան զարմանալի է, որ գագաթնաժողովի ծրագրում չէր ներառուել Արցախ վերադառնալու արցախցիների իրաւունքի, գոյքային պահանջների կամ մշակոյթի ու ինքնութեան պահպանման վերաբերեալ քննարկում։ Սփիւռքի ներկայացուցիչների կողմից նոյնպէս նախաձեռնութիւն չի եղել՝ քննարկելու Արցախի բռնի տեղահանուած բնակիչների իրաւունքները։

Հասարակական գործիչ Սերգէյ Շահվերդեանն իր հարցազրոյցներում նշել է.

«Սփիւռքը եղել եւ մնում է Արցախի պահպանման ամենակարեւոր ռեսուրսը, բայց դրա դերը չպէտք է սահմանափակուի միայն բարեգործութեամբ։

Հայ բնակչութեան բռնի տեղահանումից յետոյ Սփիւռքի աջակցութեան կարեւորութիւնը նոր երանգ է ստացել։ Յատկապէս կարեւոր է, որ Արցախը չվերանայ միջազգային հասարակական-քաղաքական օրակարգից։

Սփիւռքը կարող է եւ պէտք է նպաստի Արցախի խնդիրների միջազգային առաջմղմանը, աջակցի մարդու իրաւունքների պաշտպանութեան նախաձեռնութիւններին, խթանի մշակութային ժառանգութեան պահպանումը եւ ստեղծի կրթութեան ու մասնագիտական զարգացման հնարաւորութիւններ արցախցիների համար»։

Գագաթնաժողովում ներկայացնելով «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ Նիկոլ Փաշինեանը նշել է, որ ««Իրական Հայաստանի» գաղափարախօսութիւնն այն է, որ պետութիւնն այն ամենակարեւորն է, ինչ մենք՝ որպէս ժողովուրդ, կարող ենք ունենալ»։

Նա ընդգծել է, որ պետութիւնը պէտք է դառնայ քաղաքացիների անվտանգութեան, բարեկեցութեան եւ ազատութեան ապահովման գործիք, որը պէտք է պահպանուի եւ փոխանցուի ապագայ սերունդներին։

Այնուամենայնիւ, ներկայացուած հայեցակարգից դատելով՝ ներկայիս իշխանութիւնների «Իրական Հայաստանում» ակնյայտօրէն տեղ չկայ ո՛չ Արցախի բռնագրաւուած տարածքների, ո՛չ էլ Արցախի բռնի տեղահանուած բնակչութեան համար։

Հայ հասարակական գործիչ Արման Գալստեանը նշել է.

«Դա պարզապէս իշխանութիւնների եւ նրանց կողմնակիցների միջեւ հաւաքոյթ էր։ Եւ զարմանալի չէ, որ Արցախի վերաբերեալ քննարկում չի եղել, քանի որ, որպէս կանոն, նման հանդիպումների ժամանակ մասնակիցներն ու նրանց յայտարարութիւնները խստօրէն ստուգւում են»։

Միեւնոյն ժամանակ, 2023 թուականի սեպտեմբերին Արցախը լքած աւելի քան 100 հազար հայերի վիճակը շարունակում է մնալ հայ հասարակութեան եւ Սփիւռքի համար ամենահրատապ խնդիրներից մէկը։

Չլուծուած խնդիրների թւում են բնակարանային ապահովութեան, զբաղուածութեան, սոցիալական ինտեգրման, իրաւական պաշտպանութեան եւ հայրենիք վերադառնալու հեռանկարների հարցերը։

Արցախի հարցի դիտաւորեալ բացառումը միջազգային համաժողովների եւ գագաթնաժողովների օրակարգերից նուազեցնում է նման միջոցառումների հեղինակութիւնն ու լրջութիւնը։

Ալվարդ Գրիգորեան

Share