Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աջակցութիւնը վայելող թեկնածուները համոզիչ յաղթանակներ են տարել, իսկ ադրբեջանական փողերը չեն ապահովել ակնկալուած արդիւնքը 2026 թուականի միջանկեալ ընտրութիւններում
Նիւ Հեմփշիրում Փափասը յաղթել է Ադրբեջանի հետ կապեր ունեցող Սունունուին։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աջակցութիւնը վայելող թեկնածուների 90 տոկոսը յաղթել է արդիւնքներն արդէն յայտարարուած ընտրապայքարներում, իսկ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում մեծամասնութեան փոփոխութեամբ վերականգնուել է զսպումների եւ հակակշիռների համակարգը։
2026 թ. Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցութիւն են ունեցել՝ ի թիւս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրութիւնը, որոնք շահոյթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազաւթումից կամ Կոնգրեսում հանդէս են գալիս Բաքուի շահերի պաշտպանութեամբ։
Միեւնոյն ժամանակ, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աջակցութիւնը վայելող՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի թեկնածուների 90 տոկոսը յաղթանակ է տարել ընտրութիւններում։
Հայ դատի յանձնախմբի գործունէութեան ամենանշանակալի արդիւնքը գրանցուել է Նիւ Հեմփշիրում, որտեղ կոնգրեսական Քրիս Փափասը յաղթել է նախկին սենատոր Ջոն Է. Սունունուին, որն անձամբ միլիոնաւոր դոլարների բաժնեմաս ունի օտարերկրեայ հանքարդիւնաբերական ընկերութիւնում, որը շահագործում է բռնազաւթուած Արցախում գտնուող հանքավայրը։
Ընտրութիւնների արդիւնքները եւ դրանցում Հայ դատի յանձնախմբի ներգրաւուածութիւնը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի պատասխանատու Արամ Համբարեանը նշել է.
«Կոռումպացուած ամերիկացի քաղաքական գործիչներն այլեւս չեն կարող անպատիժ կերպով գաղտնի իւրացնել Ալիեւի կաշառքները։ Այլեւս՝ ո՛չ։ Մենք Բաքուի կոռուպցիան ստուերից դուրս բերեցինք եւ այն հասցրինք հեռուստատեսային նախընտրական գովազդների միջոցով հանրային քննարկման՝ այդ կեղտոտ փողերը վերածելով քաղաքական պատասխանատուութեան։ Նրանք կարծում էին, թէ կարող են շարունակել անվճար օգտուել այդ գումարներից։ Ընտրութիւնների գիշերը Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը նրանց պատասխանատուութեան կանչեց։ Ադրբեջանի նաւթադոլարները, որոնք նախկինում օգնում էին ձայներ հաւաքել, այժմ նրանց համար ձայների կորուստ են արժենում։ Սա ծառայութիւն է մեր համայնքին եւ մեր երկրին»։
Հայ դատի յանձնախումբն աշխատանքներ է տանում՝ 120-րդ գումարման Կոնգրեսի իւրաքանչիւր անդամի ուշադրութեան կենտրոնում ամերիկահայ համայնքի առաջնահերթութիւնները պահելու ուղղութեամբ՝ միաժամանակ նախապատրաստուելով 2028 թ. նախագահական եւ Կոնգրեսի ընտրութիւններին։
Ամերիկահայերը կարող են ծանօթանալ ընտրութիւնների արդիւնքներին եւ աջակցել համայնքի օրակարգի առաջմղմանը՝ մասնակցելով յանձնախմբի համազգային առցանց հանդիպմանը, որը կրում է «Մեր աշխատանքը սկսւում է հիմա․ միջանկեալ ընտրութիւնների յետընտրական վերլուծութիւն եւ գործողութիւններ» խորագիրը։
Հանդիպումը տեղի կ՚ունենայ նոյեմբերի 5-ին՝ հինգշաբթի, ԱՄՆ արեւելեան ժամանակով ժամը 21։00-ին։
Ընտրութիւնների ամբողջական արդիւնքները հասանելի են Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ընտրական հարթակում։
Փափասի յաղթանակը
Հայ դատի յանձնախմբի աջակցութիւնը վայելող Փափասն աջակցել է արցախցի փախստականներին, հետեւողականօրէն հանդէս է եկել Բաքւում պահուող հայ պատանդների ազատ արձակման օգտին եւ պաշտպանել 907-րդ յօդուածի կիրարկումը։
Politico-ի ձեռք բերած՝ մայիսի 11-ի ֆինանսական յայտարարագրում նրա մրցակից Սունունուն յայտնել էր, որ ունի մինչեւ 5 միլիոն դոլարի բաժնետոմսեր Anglo Asian Mining ընկերութիւնում։ Նա նաեւ յայտարարագրել էր իր բաժնեմասը Sununu Holdings LLC ընկերութիւնում, որը Anglo Asian Mining-ի երկրորդ խոշոր բաժնետէրն է։
Սունունուի հայրը՝ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Հ. Սունունուն, եւ եղբայրը՝ Մայքլ Սունունուն, ընդգրկուած են ընկերութեան տնօրէնների խորհրդում։
2022 թ. Ադրբեջանը Anglo Asian Mining ընկերութեանը յանձնել էր Արցախի Մարտակերտի շրջանում գտնուող Կաշէնի պղնձի հանքավայրը՝ հայերի՝ այդ տարածքից բռնի տեղահանուելուց մէկ տարի առաջ։
Հայ դատի յանձնախմբի համայնքային ծրագրերի տնօրէն Գեւ Իսկաջեանը եւ ծրագրերի տնօրէն Մայքլ Թաթեւոսեանը յուլիսի 27-ին հրապարակուած յօդուածում անդրադարձել էին Սունունուի այդ կապերին։
«Թափանցիկութիւնը երկկողմանի փողոց է Նիւ Հեմփշիրի լարուած սենատորական ընտրապայքարում» վերնագրով յօդուածը հրապարակուել էր NH Journal-ում։
Հայ դատի յանձնախմբի քարոզչական աշխատանքների շնորհիւ այս հարցը մինչեւ ընտրութիւնների օրը մնացել է Նիւ Հեմփշիրի ընտրողների ուշադրութեան կենտրոնում, իսկ նախընտրական հեռուստագովազդների միջոցով այն ներկայացուել է նաեւ լայն հանրութեանը։
Սենատի բոլոր եօթ թեկնածուների յաղթանակը
Հայ դատի յանձնախմբի աջակցութիւնը վայելող Սենատի բոլոր եօթ թեկնածուները յաղթանակ են տարել ընտրութիւններում։
Միչիգանում յաղթել է Աբդուլ Էլ-Սայեդը, որը նախընտրական քարոզարշաւի ընթացքում յայտարարել էր.
«Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնութիւն տրամադրելու անվերապահ քաղաքականութիւնը՝ շարունակուող վայրագութիւնների պայմաններում, միջազգային իրաւունքի բացայայտ խախտում է։ Որպէս Միչիգանից ընտրուած յաջորդ սենատոր՝ ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի եւ բոլոր ժողովուրդների խաղաղութեան, արժանապատուութեան, անվտանգութեան ու ինքնորոշման իրաւունքը, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքը»։
Կոնգրեսում իրական վերահսկողութեան հաստատումը
Քանի որ իշխանութեան փոփոխութիւն է տեղի ունեցել թէ՛ Ներկայացուցիչների պալատում, թէ՛ Սենատում, 2006 թուականից ի վեր առաջին անգամ միջանկեալ ընտրութիւնների արդիւնքում երկու պալատներում էլ փոխուել է կուսակցական մեծամասնութիւնը։
Ամերիկացիները վերադարձել են իշխանութեան բաժանուած համակարգին, երբ Սպիտակ տունը գտնւում է մի կուսակցութեան վերահսկողութեան ներքոյ, իսկ Կոնգրեսի ղեկավարումը՝ միւսի ձեռքում։
Իշխանութեան այս հաւասարակշռութիւնը վերականգնում է Սահմանադրութեամբ ամրագրուած զսպումների եւ հակակշիռների համակարգը՝ ընդլայնելով Կոնգրեսի հնարաւորութիւնները՝ հարցեր բարձրացնելու, հետաքննութիւններ անցկացնելու եւ գործադիր իշխանութեանը պատասխանատուութեան ենթարկելու հարցում։
Ամերիկահայերի տեսանկիւնից՝ իշխանութեան այս դասաւորուածութիւնը հնարաւորութիւն է ստեղծում, որպէսզի Կոնգրեսը վերահսկողութիւն իրականացնի Թրամփի վարչակազմի՝ 907-րդ յօդուածով սահմանուած սահմանափակումներից հրաժարուելու որոշումների եւ Ադրբեջանին տրամադրուող ԱՄՆ ռազմական օգնութեան նկատմամբ։
Կոնգրեսի վերահսկողութիւնը կարող է տարածուել նաեւ Թրամփի առաջարկած «Խաղաղութեան եւ բարգաւաճման միջազգային երթուղի» (TRIPP) նախագծի, ինչպէս նաեւ Բաքւում պահուող հայ պատանդների ազատ արձակման հարցում ԱՄՆ դիւանագիտական ջանքերի վրայ։
Հայկական հարցերով Կոնգրեսի խմբի ղեկավարների վերընտրութիւնը
Հայ դատի յանձնախմբի աջակցութիւնը վայելող՝ Ներկայացուցիչների պալատի թեկնածուները յաղթել են մինչ այժմ արդիւնքներն ամփոփուած 55 ընտրապայքարներից 50-ում՝ 120-րդ գումարման Կոնգրեսում ապահովելով հայկական շահերին աջակցող հզօր երկկուսակցական խմբի շարունակական ներկայութիւնը։
Այդ խմբի առաջատարներն են Հայկական հարցերով Կոնգրեսի խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Գաս Բիլիրակիսը, ինչպէս նաեւ փոխնախագահ Բրեդ Շերմանը։
Հայ դատի կենտրոնական գրասենեակ
5 նոյեմբերի, 2026 թուական
