Թշնամիները՝ դրսից, Փաշինեանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առջեւ է երկու ճակատում

Թշնամիները՝ դրսից, Փաշինեանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առջեւ է երկու ճակատում

Յարութ Սասունեան
www.TheCaliforniaCourier.com

Անցեալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնեակ պատգամաւորներ ներքաշուեցին խայտառակ ծեծկռտուքի մէջ․ նրանք հարուածներ էին հասցնում միմեանց եւ նոյնիսկ աթոռ նետում, ինչի հետեւանքով ոմանց քթից արիւն էր հոսում, իսկ հագուստները պատռուել էին։

Երկու կողմից սպառնացող հարեւաններից զատ՝ Հայաստանն ունի ներքին թշնամի, որը թերեւս ամենավտանգաւորն է։

Անցեալ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած եւ ուղիղ եթերով հեռարձակուած ծեծկռտուքն անվայելուչ վարքագիծ էր, որը հարիր չէ մի ժողովրդի ընտրեալ ներկայացուցիչներին, որոնք հպարտանում են աշխարհի հնագոյն քրիստոնեայ ազգին պատկանելով եւ ապրում են, իբր, ժողովրդավարական երկրում։

Ցաւօք, Ազգային ժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեանը հրաժարուեց ընդհատել այս սկանդալային տեսարանի ուղիղ հեռարձակումը։ Նա յայտարարեց, որ ցանկանում է՝ հանրութիւնը տեսնի, թէ ինչ է կատարւում խորհրդարանում։ Ծեծկռտուքի տեսանիւթերը լայն տարածում գտան սոցիալական ցանցերում եւ լուսաբանուեցին NBC-ի, Al Jazeera-ի եւ CNN-ի կողմից՝ ամօթալի վիճակի մէջ դնելով աշխարհասփիւռ հայութեանը։

Ռուբինեանն իրեն աւելի շատ խուլիգանի պէս է պահում, քան Ազգային ժողովի նախագահի։ Նա թոյլ է տալիս իր կուսակիցներին վիրաւորել ընդդիմութեանը, սակայն հէնց ընդդիմութեան ներկայացուցիչներից որեւէ մէկը քննադատական խօսք է հնչեցնում մեծամասնութեան հասցէին, անմիջապէս անջատում է նրա խօսափողը եւ կարգադրում անվտանգութեան աշխատակիցներին հեռացնել այդ պատգամաւորին նիստերի դահլիճից։

Իրավիճակն աւելի վատթարացնելով՝ Նիկոլ Փաշինեանը, մեկնաբանելով տեղի ունեցած ծեծկռտուքը, յայտարարեց, որ «սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան ձեռնարկած քայլերին… Աթոռով կը լինի, թէ այլ բանով՝ դա համաչափ է եւ ճիշտ… Եթէ որեւէ մէկը կարծում է, թէ կարող է ձեռք բարձրացնել եւ հարուածել պատգամաւորին… ապա մենք կը կոտրենք այդ ձեռքը»։

Ընդդիմադիր պատգամաւորների ուղղութեամբ աթոռ էր նետել Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ Վահագն Ալեքսանեանը։ Թէեւ Փաշինեանը խոստացել էր կոտրել իւրաքանչիւրի ձեռքը, ով կը հարուածի պատգամաւորին, յարձակման համար որեւէ մէկին մեղադրանք չի առաջադրուել։

Բազմիցս եւ կեղծօրէն յայտարարելով, թէ ինքը Հայաստանին ժողովրդավարութիւն եւ խաղաղութիւն է բերել, Փաշինեանն անցեալ շաբաթ խոստովանեց, որ եթէ մինչեւ 2031 թուականը, այսինքն՝ իր պաշտօնավարման ընթացքում, խաղաղութեան պայմանագիրը չստորագրուի եւ չվաւերացուի, ապա «ես դա կը համարեմ անձնական ձախողում»։

Օրէցօր Փաշինեանն աւելի մտահոգիչ քայլեր է ձեռնարկում՝ անկայունութիւն հրահրելով երկրի ներսում։ Նա համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջին՝ Հայաստանի Սահմանադրութեան նախաբանից հանելու 1990 թուականի Անկախութեան հռչակագրին կատարուած յղումը։ Ալիեւն այդ յղման հեռացումն է դարձրել Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու նախապայման։ Անհաւատալի է, որ Հայաստանի թշնամին է թելադրում նրա Սահմանադրութեան բովանդակութիւնը, իսկ Փաշինեանը ոչ միայն համաձայնում է դրան, այլեւ Հայաստանի Անկախութեան հռչակագիրն անուանում է «հակապետական»։

Բարեբախտաբար, նոր Սահմանադրութեան ընդունման ճանապարհին կայ մի լուրջ խոչընդոտ։ Փաշինեանի կուսակցութիւնը խորհրդարանում չունի երկու երրորդ մեծամասնութիւն, որն անհրաժեշտ է համազգային հանրաքուէ նշանակելու համար։ Ալիեւը յայտարարել է, որ առանց նման հաստատման չի ստորագրի խաղաղութեան պայմանագիրը։ Սա կարող է լուրջ հարուած լինել Փաշինեանի առանցքային քաղաքական նպատակին եւ նոյնիսկ յանգեցնել նրա քաղաքական անկմանը։

Այս երկընտրանքը յաղթահարելու նպատակով Փաշինեանը սկզբում յայտարարեց, որ ստիպուած կը լինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ՝ յոյս ունենալով, որ իր կուսակցութիւնը կը ստանայ անհրաժեշտ թուով ձայներ՝ խորհրդարանում երկու երրորդ մեծամասնութիւն ապահովելու համար։ Սակայն շուտով նա հրաժարուեց այս գաղափարից՝ տեսնելով, որ իր կուսակիցները մտավախութիւն ունեն, թէ նման ընտրութիւնների արդիւնքում հնարաւոր է՝ իրենք դառնան փոքրամասնութիւն։

Փաշինեանը ստիպուած է մշակել նոր ծրագիր, որը չի պահանջի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ։ Նա խորհրդաւոր կերպով յայտարարեց. «Ես մի առաջարկ կ՚անեմ, որից ընդդիմութիւնը չի կարողանայ հրաժարուել»։ Հաւանաբար, նա առնուազն վեց ընդդիմադիր պատգամաւորի դէմ շինծու մեղադրանքներ կը յօրինի եւ նրանց կը սպառնայ ազատազրկմամբ։ Եթէ նրա շանտաժը յաջողուի, նա կը ստանայ անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնութիւնը։ Սակայն երկու ընդդիմադիր խմբակցութիւններն արդէն յայտարարել են, որ կը խոչընդոտեն հանրաքուէի անցկացմանը։

Յատկանշական է, որ անցեալ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյեանն Ազգային ժողովի պատգամաւորներին յայտնել է, որ եթէ հանրաքուէի ընթացքում ժողովուրդը մերժի Սահմանադրութիւնը, ապա կառավարութիւնը «հրաժարական կը տայ եւ կը հեռանայ»։ Սա վերջ կը դնի թէ՛ Փաշինեանի սիրելի խաղաղութեան պայմանագրին, թէ՛ նրա վարչապետութեանը։

Մէկ այլ լուրջ խնդիր է այն, որ Փաշինեանի հրահանգով ձերբակալուել են ընդդիմութեան մի քանի հարիւր կողմնակիցներ՝ 2026 թուականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում ընտրողներին, իբր, կաշառելու մեղադրանքով։ Նրանք արդէն ամիսներ շարունակ պահւում են կալանքի տակ՝ առանց դատաքննութեան, մինչդեռ Փաշինեանը շարունակաբար նրանց ներկայացնում է որպէս կաշառատուներ։ Մինչ օրս որեւէ դատարան նրանց մեղաւոր չի ճանաչել որեւէ յանցանքի համար։ Միեւնոյն ժամանակ, Փաշինեանի կուսակցութեան օգտին քուէարկած ոչ մի անձ չի ձերբակալուել ընտրակաշառքի համար։

Հեգնական է, որ վերջերս հրապարակուած մի տեսանիւթում երեւում է, թէ ինչպէս է Փաշինեանն անձամբ ընտրակաշառք առաջարկում ընտրողներից մէկին՝ 2026 թուականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում։ Ինչո՞ւ նա չի ձերբակալուել իր ակնյայտ անօրինական արարքի համար։

Երկրորդ իրաւական խնդիրը Փաշինեանի հրահանգով մի շարք յայտնի եւ մեծահարուստ հայերի ձերբակալութիւնն է։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, ինչպէս նաեւ գործարարներ Գագիկ Ծառուկեանն ու Սամուէլ Կարապետեանը ձերբակալուել են չապացուցուած մեղադրանքների հիման վրայ, բռնագրաւել են նրանց գոյքն ու բիզնեսը եւ կալանք դրել նրանց բանկային հաշիւների վրայ։ Նրանց մեղադրանք է առաջադրուել բացառապէս Փաշինեանի յայտարարութիւնների հիման վրայ։ Նրանցից ոչ մէկը դատարանի կողմից մեղաւոր չի ճանաչուել որեւէ յանցագործութեան կատարման մէջ։ Հետեւաբար, նրանց գոյքի բռնագրաւումը պատշաճ ընթացակարգերի եւ օրէնքի գերակայութեան խախտում է։

Վերոնշեալ երեք անձինք, ինչպէս նաեւ շատ ուրիշներ, պէտք է դիմեն Մարդու իրաւունքների եւրոպական դատարան՝ պահանջելով ազատ արձակել իրենց եւ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի կառավարութեան դէմ՝ թոյլ տուած բազմաթիւ խախտումների համար։


Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

Share