COP-17-ը, կենսաբազմազանութիւնն ու աղէտեալ Ծաղկաձորը
Դժուար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հէնց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքականութեան կամ պետական կառավարման հիմնական բնութագրիչ եւ անգամ՝ կառավարման էութիւն, շարժիչ ուժ ու յաղթաթուղթ։ Բայց այն ընթացքը, որն արդէն ութ տարի կլանել է մեզ ու բառիս քաղաքական եւ կենսական իմաստով շնչահեղձ է անում հայ մարդուն, ցինիզմն է ու անպատժելիութիւնը։
Գոյները թանձրացրած չեմ լինի, եթէ աւելացնեմ՝ թշնամու ձեռագրով ցինիզմ։ Աւելի ճշգրիտ բառ դժուարանում եմ գտնել, մանաւանդ որ բառերն ու բնութագրիչները վաղուց իմաստազրկուել են․․․
Հոկտեմբերի 16-ին, Հայաստանի նախագահութեամբ, Երեւանում մեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանութեան» կոնվենցիայի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որի հիմնական թեման Երկիր մոլորակի կենդանի աշխարհի պահպանումն է, միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտաւորութիւններին հաւատարմութիւնը։
Դէ, Հայաստանն էլ՝ Փաշինեանի գլխաւորութեամբ, առիթը բաց չի թողնում եւ շոումենի անգերազանցելի վարպետութեամբ աշխարհին ներկայանում է կանաչ օրակարգով՝ որպէս կենդանի աշխարհի, կենսաբազմազանութեան եւ բնութեան ջատագով․․․
Մինչդեռ ընդամէնը մի քանի օր առաջ ՀՀ կառավարութիւնը, ոտնատակ տալով /հիմա «իգնոր» են ասում/ շուրջ հինգ տասնեակ հասարակական, բնապահպանական կազմակերպութիւնների, մի քանի տասնեակ մասնագէտների ահազանգերն ու դատապարտող յայտարարութիւնները, պաշտօնապէս յայտարարում է Ամուլսարի հանքավայրի բացման մասին։
Ամուլսարում՝ Ջերմուկի ակունքներում, ոսկու հանքավայրի շահագործումով բնապահպանական աղէտի մեկնարկն է տրւում, յայտարարում են ՀԿ-ներն ու բնապահպանները՝ առերեսուելով իրեն ժողովրդավար հռչակած իշխանութեան արհամարհանքին ու քար լռութեանը։
Յիշեցնեմ՝ սա այն իշխանութիւնն է, որի գունաւոր յեղափոխութիւնն իրականութիւն դարձաւ նաեւ ՀԿ ՍԵԿՏՈՐԻ ԼԱՅՆԱԾԱՒԱԼ ԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ։
Հիմա, ահագնացող աղէտներին զուգահեռ, այդ նոյն ՀԿ-ները յայտարարութիւն են տարածում եւ արձանագրում, որ
«ՀՀ կառավարութիւնը տարիներ շարունակ բարձրաձայնուած բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերեալ որեւէ իրատեսական եւ փաստարկուած լուծում չի տուել»,
«ՀՀ-ն կոպտօրէն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտաւորութիւնները»։
Զուգահեռաբար, Երեւանում մեկնարկած բնութեան եւ կենսաբազմազանութեան պահպանութեան մասին ՄԱԿ-ի միջազգային համաժողովում քննարկում են անտառների, լճերի, գետերի եւ բնական տարածքների, կենդանիների ու բոյսերի պաշտպանութեան, նրանց անհետացման կանխման, հանքարդիւնաբերութեամբ շրջակայ միջավայրին հասցուող վնասների նուազեցման հարցերը։
Փաշինեանն էլ իր ելոյթում շեշտում է, թէ որքան կարեւոր է, որ բնութեան պահպանութեան համար ստանձնած խոստումները վերածեն իրական գործողութիւնների․․․
Այնքա՜ն յուզիչ, բնապաշտ եւ հումանիստական, որ քիչ է մնում հաւատաս․․․
Երէկ, տարիների դադարից յետոյ, Ծաղկաձորում եմ՝ գործով։ Վաղուց այնտեղ չեմ գնում որպէս հանգստավայր, որովհետեւ իմ մանկութեան եւ երիտասարդութեան կանաչ ձորը չկայ, որովհետեւ Ծաղկաձորն անհոգի քարակոյտ է դարձել, էլ կանաչ չէ, բարի չէ, առաջուանը չէ․ անխնամ է ու թափթփուած, որովհետեւ անճաշակ է, որովհետեւ խաղաղութիւն չկայ, որովհետեւ ներդաշնակութիւն չկայ, որովհետեւ սէր չկայ ու տիրոջ ձեռք չկայ։
Բայց այսքա՜ն․․․ Երանի չգնայի եւ չտեսնէի․ ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թէ ինչպէս են այլանդակել ու խեղդել Ծաղկաձորը․․․
Այն, ինչ տեղի է ունեցել քաղաքի հետ, մէկ անուն ունի՝ քաղաքաշինական կատաստրոֆա-աղէտ, բառիս բուն իմաստով խեղուած, այլանդակ, անհասկանալի ու անհամաչափ չգիտես թէ ինչ․․․
Բարձրայարկերի արանքներում թլպատուած ու անշունչ առանձնատներ, հատուկենտ դիմանկար ունեցող ցածրայարկ կառոյցներ, անցեալի պատմական շերտի ու դիմանկարի անխնայ վերացում կամ աղճատում, անճաշակ, միմեանց հետ կապ չունեցող շինութիւն-կոյտեր, ոչ մի համաչափութիւն, ոչ մի անսամբլային մտածողութիւն, չափանիշների չգոյութիւն, մարդու եւ բնութեան նկատմամբ արհամարհանք։
Քաղաքն իր անուան ու կենսագրութեան հետ էլ կապ չունի․․․
Կենտրոնական հրապարակի ձախ հատուածում, անտառի մէջ սեպուած բետոնէ զանգուածեղ բարձրայարկերը բառիս բուն իմաստով սպանել են անտառն ու կերել ողջ լանջը, անտառը չկայ, չես տեսնում։ Անտառների արանքներից տնկուած բարձրայարկեր են․․․
Քաղաքի մուտքին, ձորի մէջ բարձրայարկերի մի ամբողջ, ծանր ու մռայլ թաղամաս է կառուցւում, ասես երկնաքար ընկած լինի․․․
Ու շարունակ նոյն հարցերը՝
Այս քաղաքը համայնքային ղեկավարութիւն, գլխաւոր ճարտարապետ, աւագանի չունի՞։
Ո՞վ է ձեզ թոյլ տուել այլանդակել եւ սպանել Ծաղկաձորը․․․
Ամենուր համատարած անորակ, անպատասխանատու, «փինաչու եւ գռդոնչու, կիսատ-պռատ» շինարարական «կուլտուրա» ու պետական վերահսկողութեան ամբողջական բացակայութիւն, փնթի ու անտէր, շինարարական աղբի մէջ թաղուած․․․
ԱՅՍՔԱ՜Ն ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ, սեփական բնութիւնը, սեփական ժառանգութիւնը, սեփական հողը․․․ Հիւանդ, որկրամոլ, ագրեսիւ, ոչ քաղաքակիրթ հաւաքականութիւն՝ անղեկ ու էգոիստ, ոչնչատեսիլ, գաւառական ճաշակով, չտեսի կարճատեսութեամբ ու ագահութեամբ․․․
Սա սոսկ հողի դեգրադացիա չէ, սա մեր հասարակութեան, մեր արժէքային համակարգի դեգրադացիան է, երբ կորցրել ենք մեզ ու մեզ կրող ու սնող հողը պաշտպանելու ունակութիւնը, կամքը, ցանկութիւնը․․․
Մտածում եմ՝ մի՞թէ այս կողմերում պետական պաշտօնեաներ չեն լինում եւ չեն տեսնում, թէ ինչ աղէտալի եւ անդառնալի ճակատագրի է արժանացել Ծաղկաձորը․․․
Աչքիցս չի վրիպում, որ գրեթէ ամէն թփի տակ պարեկ-ոստիկանների կոյտեր են, նեարդային վերուվար անող ոստիկանական մեքենաներ։ Ի՞նչ անասելի միջոցներ են մսխւում ոչ կարեւոր բաների վրայ, մտածում եմ․․․
Յետոյ պարզւում է, որ Փաշինեանին են սպասում․ գալու է Ծաղկաձոր՝ մասնակցելու «Mining Armenia Forum 2026» հանքարդիւնաբերական համաժողովին։ Հանքարդիւնաբերութիւն եւ Ծաղկաձոր․ մի տեսակ սիւրրէալիստական է։
Յետոյ կարդում եմ, որ խօսել է բնապահպանական չափանիշներից, պատասխանատու հանքարդիւնաբերութիւնից եւ էլի նորաձեւ բաներից։
Յետոյ գլխի եմ ընկնում, որ առջեւում Հանքաւանն է՝ Ծաղկաձորի ճակատագրով․․․
Լաւատես լինելու ոչ մի հիմք, որովհետեւ Հայաստանում, ինչպէս Հայաստանում․ ցինիզմ, ոչ պրոֆեսիոնալիզմ եւ անպատժելիութիւն․ ինչին կպնում են՝ անդառնալի աղէտ․․․
Հայաստանը դառնում է հարուստ երկրների համար հումք արտահանող ու մատակարարող երկիր, եւ թքած, թէ սերունդներին ինչ ընդերք ենք թողնում կամ, առհասարակ, ինչ ենք թողնում․․․
Հ.Գ. Մինչ այդ՝ Հայաստանում շարունակւում է կենսաբազմազանութեան ՄԱԿ-ի համաժողովը․․․
Հ.Գ. Ու ոչ պաշտօնական աղբիւրներից փոխանցում են, որ «ժողովրդավար» կառավարութիւնը մտադիր է բնապահպանական հարցերում համայնքներին վերապահուած վերահսկողական լծակները չէզոքացնել․․․
Լիլիթ Գալստեան ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
