Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործիչներն ամերիկահայութեան ռազմավարական առաջնահերթութիւնները ներկայացրել են Վաշինկտոնում

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործիչներն ամերիկահայութեան ռազմավարական առաջնահերթութիւնները ներկայացրել են Վաշինկտոնում

— Հայ պատանդների ազատ արձակումը, Արցախի փախստականների վերադարձը եւ Հայաստանի անվտանգութիւնը՝ համայնքի գլխաւոր նպատակների շարքում նոյեմբերեան միջանկեալ ընտրութիւնների նախաշեմին

ՎԱՇԻՆԳՏՈՆ — ԱՄՆ աւելի քան 30 նահանգներից ժամանած ամերիկահայ գործիչները սեպտեմբերի 14-ին եւ 15-ին այցելել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 եւ Սենատի բոլոր 100 գրասենեակները՝ անցկացնելով Կոնգրեսի ներկայացուցիչների հետ աւելի քան 150 քաղաքական խորհրդակցութիւն՝ «Strategic Advocacy 2026» երկօրեայ նախաձեռնութեան շրջանակում։ Միջոցառումը կազմակերպել էին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի (ANCA) ազգային կենտրոնական գրասենեակը, Արեւելեան եւ Արեւմտեան շրջանները։

«Կոնգրեսը չի կարող շարունակել ֆինանսաւորել Ադրբեջանին՝ աջակցելով Ալիեւի կոռումպացուած կառավարութեանը, որը պահում է հայ պատանդների, քանդում քրիստոնէական եկեղեցիները, բռնագրաւում ինքնիշխան տարածքներ եւ խոչընդոտում Արցախի փախստականների վերադարձը»,– ասել է ANCA-ի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։ «Այդ ուղերձը փոխանցուեց բարձրաձայն եւ յստակ՝ կիրառել Բաքուին ԱՄՆ հարկատուների միջոցների տրամադրումն արգելող 907-րդ յօդուածը, ապա բարձրացնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային գործընկերութեան մակարդակը՝ դիմակայելու Հայաստանի առջեւ շարունակուող տարածաշրջանային սպառնալիքներին»։

Ամերիկահայութեան օրակարգը

Ալեասկայից, Ֆլորիդայից, Մէյնից եւ Տեխասից մինչեւ Վայոմինգ, Արիզոնա եւ Ռոդ Այլենդ՝ տարբեր նահանգներից ժամանած գործիչները հանդիպումներին ներկայացրել են եօթ կէտից բաղկացած օրակարգ։

Նրանք Կոնգրեսից պահանջել են նպաստել Բաքւում պահուող հայ պատանդների ազատ արձակմանը, որոնց թւում են Արցախի նախագահներ, արտաքին գործերի նախարարներ եւ խորհրդարանի ղեկավարներ։ Նրանք նաեւ պահանջել են միջազգային պաշտպանութեան ներքոյ ապահովել Արցախի՝ բռնի տեղահանուած 150,000 հայերի վերադարձը իրենց տները։ Այս երկու պահանջներն ընդգրկուած են «ARMENIA Security Partnership Act» (H.R.6840) օրինագծում, որով նախատեսւում է նախագահին արգելել շրջանցել Ադրբեջանին ամերիկեան ռազմական օգնութեան տրամադրման արգելքը, մինչեւ Բաքուն ազատ չարձակի պատանդներին, դուրս չբերի ուժերը Հայաստանի տարածքից եւ չճանաչի վերադարձի իրաւունքը։

Մասնակիցները նաեւ կոչ են արել օրէնսդիրներին արձագանգել Արցախի էթնիկ զտմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակուող բռնագրաւմանը եւ հայկական քրիստոնէական ժառանգութեան դէմ գործողութիւններին։ Նրանք կոչ են արել ընդունել «Azerbaijan Sanctions Review Act» (H.R.5369) օրինագիծը, որով Պետդեպարտամենտից եւ Ֆինանսների նախարարութիւնից կը պահանջուի գնահատել «Գլոբալ Մագնիտսկու» պատժամիջոցների կիրառման հնարաւորութիւնը ռազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների ծանր խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի ղեկավարների նկատմամբ։

Մասնակիցները նաեւ բարձրացրել են Հայոց ցեղասպանութեան մասին ԱՄՆ դպրոցներում դասաւանդման դաշնային աջակցութեան հարցը՝ «Armenian Genocide Education Act» (H.R.2585) օրինագծի միջոցով։ Քննարկուել են նաեւ Արցախի փախստականներին մարդասիրական աջակցութիւնը, Թուրքիային ամերիկեան զէնքի վաճառքի նկատմամբ Կոնգրեսի վերահսկողութիւնը եւ Երուսաղէմի Հայկական թաղամասի պաշտպանութիւնը։

Ադրբեջանին ռազմական օգնութեան արգելքի կիրառումը

Հանդիպումների ընթացքում հիմնական պահանջներից մէկը Ադրբեջանին ամերիկեան զէնքի եւ օգնութեան տրամադրումը դադարեցնելն էր, ինչպէս նաեւ ադրբեջանական ռազմական յանցագործութիւնների համար պատասխանատուութեան ապահովումն ու Հայաստանի հետ անվտանգային յարաբերութիւնների խորացումը։

Այս համատեքստում ներկայացուել է սենատորներ Գարի Փիթըրսի եւ Ադամ Շիֆի, ինչպէս նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրաքիսի եւ Ֆրենք Փալոնի նախաձեռնած երկկուսակցական նամակը։ Դրանով վարչակազմին կոչ է արւում դադարեցնել Ադրբեջանին ամերիկեան ռազմական օգնութիւնը, մինչեւ շօշափելի առաջընթաց արձանագրուի բոլոր հայ պատանդների ազատ արձակման, հայկական քրիստոնէական ժառանգութեան պաշտպանութեան եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ուղղութեամբ։

Յիսուն օր՝ մինչեւ նոյեմբեր

«Strategic Advocacy 2026»-ը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի միջանկեալ ընտրութիւններից 50 օր առաջ։ Մասնակիցները հանդիպումների ընթացքում Կոնգրեսի անդամներին ներկայացրել են վերոնշեալ քաղաքական առաջնահերթութիւնները։

«Մեր գործիչների մուտքն այս գրասենեակներ Արցախը շօշափելի դարձրեց մեր ընտրուած ղեկավարների համար»,– ասել է ANCA-ի ազգային հասարակական աշխատանքների տնօրէն Գեւ Իսկաջեանը։ «Դատարկ տները։ Առանց իրենց հաւատացեալների մնացած եկեղեցիները։ Ընտանիքները, որոնք երեք տարի սպասել են, որ մի դուռ բացուի։ Այն, ինչ Բաքուն յոյս ունէր հեռու եւ լուռ պահել, մեր գործիչները դրեցին Կապիտոլիումի սեղանին»։

ANCA-ի Արեւմտեան շրջանի նախագահ Օշին Յարութիւնեանն ընդգծել է, որ Վաշինգտոն էին ժամանել ներկայացուցիչներ Վայոմինգից, Ալեասկայից, Տեխասից, Արիզոնայից, Կոլորադոյից, Օրեգոնից, Վաշինգտոն նահանգից եւ Կալիֆորնիայից։

Առաջատար դերում՝ նոր սերունդը

Պատուիրակութեան մեծ մասը կազմել են ուսանողներն ու երիտասարդ մասնագէտները՝ ANCA-ի տարբեր ծրագրերի, այդ թւում՝ Rising Leaders Program-ի, Leo Sarkisian եւ Maral Melkonian Avetisyan Internship-ների, Kasparian Summer Academy-ի եւ Hovig Apo Saghdejian Capital Gateway Program-ի մասնակիցներն ու շրջանաւարտները։ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւելեան եւ Արեւմտեան շրջանները եւս խրախուսել են իրենց մասնաճիւղերի ուսանողական ղեկավարների մասնակցութիւնը։

Աշխատանք Կապիտոլիումում եւ դրանից դուրս

«Strategic Advocacy 2026»-ը սեպտեմբերի 14-ին մեկնարկել է ճեպազրոյցներով եւ փոքր խմբերով նախապատրաստական հանդիպումներով, որոնք վարել են ANCA-ի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, քաղաքականութեան տնօրէն Ալեքս Գալիցկին, ազգային հասարակական աշխատանքների տնօրէն Գեւ Իսկաջեանը, ծրագրերի տնօրէն Մայքլ Թաթեւոսեանը եւ ANCA-ի Արեւելեան շրջանի գործադիր տնօրէն Նայիրի Տիրացուեանը։

Երկօրեայ աշխատանքի ընթացքում մասնակիցներն օգտագործել են այս նախաձեռնութեան համար ստեղծուած «ANCA Advocacy Day Connect» յաւելուածը, որը նրանց տրամադրել է Կոնգրեսում նախատեսուած հանդիպումների ժամանակացոյցը, օրէնսդիրների վերաբերեալ տեղեկութիւններ եւ հանդիպումների արդիւնքները հաղորդելու հնարաւորութիւն։

«Կապիտոլիումում այս շաբաթ կատարուած աշխատանքը չի աւարտւում մեր գործիչների տուն վերադառնալով»,– ասել է ANCA-ի Արեւելեան շրջանի նախագահ դոկտ. Արա Չալեանը։ «Նրանք արդէն կազմակերպում են յաջորդ հանդիպումները իրենց ընտրատարածքների գրասենեակներում եւ շարունակում երկխօսութիւնը»։

«Accountability | 2026»

Երկօրեայ նախաձեռնութիւնն աւարտուել է Կապիտոլիումում կայացած «Accountability | 2026 – Artsakh: Justice. Freedom. Right of Return» ծրագրով՝ նուիրուած Արցախի հայութեան բռնի տեղահանութեան երրորդ տարելիցին։ Միջոցառմանը մասնակցել են Կոնգրեսի անդամներ, հոգեւորականներ, իրաւապաշտպաններ եւ միջազգային իրաւունքի փորձագէտներ՝ բարձրացնելով հայ պատանդների ազատ արձակման եւ Արցախի բնիկ հայ բնակչութեան պաշտպանուած վերադարձի հարցերը։

Տեսանիւթը տեսնել այստեղ՝

Share