«Այսօր, առաւել քան երբեւէ, հայերին միասնութիւն է անհրաժեշտ». Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ

«Այսօր, առաւել քան երբեւէ, հայերին միասնութիւն է անհրաժեշտ». Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը՝ Հայաստանի Հանրապետութեան 35-ամեակի առթիւ. «Այսօր, առաւել քան երբեւէ, հայերին միասնութիւն է անհրաժեշտ»

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ջերմագին մաղթանքներ է յղում եւ սրտանց շնորհաւորում Հայաստանի Հանրապետութեանը, աշխարհասփիւռ հայութեանը՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 35-ամեակի առթիւ։

Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը մեր մեծագոյն ձեռքբերումն է, որը ծնուել է մի ամբողջ ազգի՝ այդ թւում՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերի ձգտումներից, զոհողութիւններից եւ վճռականութիւնից։

Այսօր՝ Արցախի ողբերգական հայաթափումից երեք տարի անց, մեզ առաւել քան երբեւէ միասնութիւն է անհրաժեշտ. ոչ թէ միակարծութիւն, այլ միասնութիւն՝ մեր հիմնարար ազգային շահերի, մեր հայրենիքի անվտանգութեան, ինքնիշխանութեան եւ ժողովրդավարական ապագայի շուրջ։

Քաղաքական տարաձայնութիւնները բնական են ցանկացած ժողովրդավարական հասարակութիւնում։ Սակայն դրանք երբեք չպէտք է դառնան պատճառ՝ հայերին միմեանց դէմ հանելու կամ Հայաստանի հասարակութեան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Սփիւռքի միջեւ արհեստական ջրբաժաններ ստեղծելու համար։

Ոչ մի կառավարութիւն, անկախ իր քաղաքական կողմնորոշումից, չպէտք է պառակտի մեր ազգային կեանքի այս կարեւորագոյն բաղադրիչները։ Մենք պէտք է կարողանանք տարբեր կարծիքներ ունենալ՝ միաժամանակ մնալով միասնական այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք վեր են քաղաքական շրջափուլերից. դրանք են՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը, ազգային ինքնութեան եւ մշակութային ժառանգութեան պահպանումը, հայերի հիմնարար իրաւունքների պաշտպանութիւնը եւ Հայաստանի ու Սփիւռքի միջեւ կապերի ամրապնդումը։

Պատմութիւնը մեզ սովորեցնում է, որ երբ միասնական ենք եղել, ցուցաբերել ենք մեր թուաքանակից շատ աւելի մեծ ուժ։ Հակառակ դէպքում, երբ ներքին պառակտումները թուլացրել են մեր ազգային համախմբուածութիւնը, այլոք կարողացել են օգտուել այդ պառակտումներից՝ ի վնաս մեր հաւաքական շահերի։ Ազգային միասնութիւնը չի նշանակում լռութիւն։ Այն չի նշանակում հրաժարուել քաղաքական բանավէճից կամ ժողովրդավարական տարաձայնութիւններից։ Այն նշանակում է հրաժարուել հայ ազգին ինքնին մեր քաղաքական տարաձայնութիւնների մարտադաշտ դարձնելուց։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը շարունակելու է իր գործունէութիւնը Եւրոպայում՝ յանուն մեր ազգային իրաւունքների ու շահերի պաշտպանութեան, ժողովրդավարական արժէքների, Հայաստան-Եւրոպա յարաբերութիւնների ամրապնդման, ինչպէս նաեւ հայ ժողովրդի միասնութեան ու արժանապատուութեան պահպանման։

Ուստի, անկախութեան այս օրը մեր ուղերձը միասնութեան, պատասխանատուութեան եւ յոյսի ուղերձ է։

Թող Հայաստանի Հանրապետութիւնը լինի ինքնիշխան, անվտանգ, ժողովրդավարական եւ բարգաւաճ։

Թող հայ ժողովուրդը՝ թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնում, թէ՛ Սփիւռքում, լինի միասնական՝ պաշտպանելով մեր ազգային արժանապատուութիւնը, իրաւունքներն ու ապագան։

Share