Ռուբէն Վարդանեանը ուղերձ է յղել Ադրբեջանի ՄԻՊ-ին

Ռուբէն Վարդանեանը ուղերձ է յղել Ադրբեջանի ՄԻՊ-ին

Կարեւոր չէ, թէ դեռ որքան ժամանակ կ՚անցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետեւէք ձեր իսկ օրէնքներին

«2026 թուականի սեպտեմբերի 16-ին Ռուբէն Վարդանեանը հրապարակային ուղերձ է յղել Ադրբեջանի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Սաբինա Ալիեւային, որն աւելի վաղ պատրաստակամութիւն էր յայտնել աջակցելու հայ դատապարտեալների իրաւունքների պաշտպանութեան հարցում։

Ռուբէն Վարդանեանը, որը Հայաստանի եւս տասնութ քաղաքացիների հետ գտնւում է Ումբակի քրէակատարողական համալիրում, իր ուղերձում թուարկում է մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հէնց Ադրբեջանի օրէնսդրութեանը։

Նա յղում է կատարում Պատիժների կատարման օրէնսգրքին եւ դատապարտեալների իրաւունքների մասին գրքոյկին, որն այս տարուայ ապրիլին Ադրբեջանի Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը տրամադրել է բանտարկեալներին։ Նա ընդգծում է, որ այդ իրաւունքները պէտք է պահպանուեն՝ անկախ մեղադրանքի յօդուածից, ազգութիւնից, կրօնական պատկանելութիւնից եւ քաղաքացիութիւնից։

Նրա բարձրացրած խնդիրների թւում են՝ բանտարկեալների մի մասի համար ամենշաբաթեայ հեռախօսազանգերի բացակայութիւնը եւ տեսազանգերի անհասանելիութիւնը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթէ երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին, նոյնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազօտութիւններ յանձնելու անհնարինութիւնը, նոտարական ծառայութիւնների մերժման պատճառով հարազատների անունով լիազօրագիր ձեւակերպելու անհնարինութիւնը, ֆիզիկական վարժութիւնների սահմանափակումը շաբաթական մէկ անգամ՝ 20–40 րոպէով՝ օրական սահմանուած մէկ ժամի փոխարէն, ինչպէս նաեւ դիմումներին եւ բողոքներին գրաւոր պատասխանների բացակայութիւնը։

Առանձին Ռուբէն Վարդանեանն անդրադառնում է այն հանգամանքին, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գործունէութեան դադարեցումից յետոյ բանտարկեալները զրկուել են ընտանիքների հետ կապի կարեւոր ուղուց․ նրանց մեծ մասը ծանրոցներ չի ստանում։ Նա նաեւ նշում է, որ շատերը հնարաւորութիւն չունեն բանտային խանութից սննդամթերք գնելու եւ հեռախօսազանգեր կատարելու, քանի որ միջոցներ չունեն։

Նա յիշեցնում է նաեւ իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնութեան մասին, որը պատրաստ է մեկնել Բաքու, հանդիպել Մարդու իրաւունքների պաշտպանի եւ Հայաստանի դատապարտուած քաղաքացիների հետ, նրանց փոխանցել մօտ հազար նամակ, ծանրոցներ եւ անհրաժեշտ իրեր։ Նրա դիմումները մնացել են անպատասխան, իսկ այլընտրանքային լուծում չի առաջարկուել։

Ռուբէն Վարդանեանն առաջարկել է Մարդու իրաւունքների պաշտպանին հանդիպել բանտարկեալների հետ եւ հետեւել իրենց իսկ օրէնքներին. «Կարեւոր չէ, թէ դեռ որքան ժամանակ կ՚անցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետեւէք ձեր իսկ օրէնքներին»,– նշուած է ուղերձում։

Ձայնագրութիւնն՝ այստեղ։

Share