Ադրբեջանական քարոզչութիւնը հերթական անգամ յայտնուել է ծուղակում

Ադրբեջանական քարոզչութիւնը հերթական անգամ յայտնուել է ծուղակում

«Բաքուի հետազօտական ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրէն, պատմաբան Ալթայ Գէօյուշովը X-ի իր էջում օրերս տառացիօրէն մերկացրել է ադրբեջանական քարոզչութեան յօրինուածքներից մէկը:
Գէօյուշովն անդրադարձ է կատարել Հարաւային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցչի պաշտօնական էջում Մագդալենա Գրոնոյի գրառմանը: Ըստ այդ գրառման՝ Սեպտեմբերի 11-12ը ԵՄ յատուկ ներկայացուցիչը մասնակցել է ադրբեջանական իշխանութիւնների՝ դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպած այցին դէպի «Ղարաբաղի եւ Արեւելեան Զանգեզուրի նախկին կոնֆլիկտային գօտի հանդիսացող շըրջաններ»՝ ծանօթանալու տեղի իրավիճակին:
Ուշագրաւն այն է, որ Գէօյուշովն իր անդրադարձում շեշտել է, թէ Ադրբեջանի պատմութեան մէջ ոչ ոք այդ տարածաշրջանն «Արեւելեան Զանգեզուր» չի անուանել, եւ փաստացի, տերմինը շրջանառութեան մէջ է դրուել նախագահ Ալիեւի կողմից՝ 2020 թուականի պատերազմից անմիջապէս յետոյ:
Պատմաբանն անգամ ծաղրել է այդ «տերմին»ը՝ այն անուանելով Ալիեւի «գիւտ»: Շեշտելով, թէ տերմինի կիրառութիւնն ու տարածումն ինքնին հակասում է խաղաղութեան մասին դրա հռետորաբանութեանը՝ Գէօյուշովը նշել է. «Ինչպէ՞ս կարող է նման հռետորաբանութիւնը խրախուսող Եւրոպան անկեղծօրէն ցանկանայ խաղաղութիւն տեսնել տարածաշրջանում»:
Նշենք, որ Գէօյուշովը երբեմն հանդէս է գալիս ալիեւեան վարչակարգը դատապարտող ելոյթներով՝ յայտնուելով ադրբեջանական իշխանութիւնների թիրախում: 2025 թուականին «հակապետական կոչեր անելու» մեղադրանքով Գէօյուշովը, Բինգարդիի շրջանի դատարանի որոշմամբ, անգամ Ադրբեջանից դուրս դատապարտուել է վեց տարուայ ազատազրկման՝ Քրէական օրէնսգրքի 281.2 յօդուածով:
Գէօյուշովն ադրբեջանցի գիտնականներից միակը չէ, ով դատապարտել է նմանօրինակ մտացածին քարոզչական հնարքները: Նոյն կերպ, օրինակ, այսպէս կոչուած «Արեւմըտեան Ադրբեջան» եզրոյթին անդրադարձել է Նիդերլանդներում գտնուող վտարանդի, ադրբեջանցի մէկ այլ պատմաբան եւ հակամարտութիւններն ուսումնասիրող Արիֆ Եուսուֆը: Վերջինս նախկինում եղել է քաղբանտարկեալ՝ ադրբեջանական իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան վերաբերեալ քննադատական իր յօդուածների պատճառով: Եուսուֆի կարծիքով՝ «Արեւմտեան Ադրբեջան» նարատիւը քաղաքական ու քարոզչական գործիք է:
Է՛լ աւելի ուշագրաւ է այն, որ անգամ թուրք մասնագէտներն են դատապարտում ալիեւեան քարոզչութեան այս դրսեւորումները: Թուրք քաղաքագէտ Ջենգիզ Աքթարը եւս քննադատել է «Արեւմտեան Ադրբեջան» եզրոյթի կիրառումը: Հարցազրոյցներից մէկում Աքթարը նշել է, որ նոյնիսկ Ղարաբաղը գրաւելուց յետոյ Բաքուն «կանգ չի առել» եւ այս անգամ շրջանառութեան մէջ է մտցրել «Արեւմտեան Ադրբեջան» եզրոյթը՝ ուղղակիօրէն նկատի ունենալով Հայաստանը:
Աքթարը գիտական իր յօդուածներում ու շրջանակներում ակտիւօրէն քննարկում եւ քննադատում է այս երեւոյթը:
Թուրք գիտնական եւ քաղաքական գործիչ Բասկըն Օրանը եւս անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառուող տերմինաբանութիւններին: Հարցազրոյցի ընթացքում Օրանը շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի մօտաւորապէս 70 %-ն անուանում է «Արեւմտեան Ադրբեջան»: Գործիչը դա բնութագրել է որպէս էքսպանսիոնիստական հռետորաբանութիւն՝ նշելով, որ տերմինը հանդիսանում է որպէս քօղարկող գործօն Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների զարգացմանը եւ նպատակ է հետապնդում խաղաղութեան գործընթացում զրոյացնել արձանագրուած ձեռքբերումները:
Ակնյայտ է, որ ալիեւեան ապարատի կողմից ստեղծուած եւ շրջանառութեան մէջ դրուած «Արեւելեան Զանգեզուր» եւ «Արեւմտեան Ադրբեջան» քարոզչական յօրինուածքները չունեն պատմագիտական որեւէ հիմք եւ սուր քննադատութեան են արժանանում անգամ ադրբեջանցի եւ թուրք պատմաբանների ու գիտնականների կողմից: Սա եւս մէկ անգամ ապացուցում է այս քարոզչանիւթի հակագիտական ու սնանկ լինելը:


«Գեղարդ» գիտավերլուծական կենտրոն

Share