Հարութ Սասունեան
www.TheCaliforniaCourier.com
Հայաստանի ներքին գործերի նախարարութիւնն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու եւ տասնապատկել դադարեցնելու համար նախատեսուած պետական տուրքի չափը։ 2028 թուականի յունուարի 1-ից քաղաքացիութիւն ստանալու վճարը 138 դոլարից կը բարձրանայ մինչեւ 689 դոլար, իսկ քաղաքացիութիւնը դադարեցնելու վճարը՝ 413-ից մինչեւ 4132 դոլար։ Նախագիծը նաեւ սահմանում է բնակութեան աւելի խիստ պահանջներ։ Այս փոփոխութիւններն ուժի մէջ կը մտնեն Ազգային ժողովի կողմից հաստատուելու դէպքում։
Ըստ նախագծի՝ քաղաքացիութիւն հայցող անձանցից կը պահանջուի վերջին հինգ տարուայ ընթացքում Հայաստանում ունենալ օրինական բնակութեան կարգավիճակ եւ այդ ժամանակահատուածում փաստացի գտնուել երկրում առնուազն 915 օր։ Նրանցից կը պահանջուի նաեւ ցուցաբերել հայերէնի բաւարար իմացութիւն եւ Սահմանադրութեան վերաբերեալ գիտելիքներ։ Երդման արարողութիւնը նախատեսւում է անցկացնել Հայաստանում։
Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու հետ առնուազն երկու տարի օրինական ամուսնութեան մէջ գտնուող անձինք, ինչպէս նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայ կամ ծնող ունեցող դիմողները եւ փախստականները պարտաւոր են ունենալ օրինական բնակութեան երեք տարուայ ժամկէտ եւ առնուազն 549 օրուայ փաստացի ներկայութիւն Հայաստանում։
Էթնիկ հայերը քաղաքացիութիւն ստանալու իրաւունք կ՚ունենան այն դէպքում, եթէ նախորդ երկու տարուայ ընթացքում Հայաստանում հաստատեն օրինական բնակութիւն եւ փաստացի երկրում գտնուեն առնուազն 366 օր։ Հայկական ծագումը կը հաստատուի Ներքին գործերի նախարարութեան յատուկ յանձնաժողովի կողմից՝ հիմնուելով ներկայացուած փաստաթղթերի, արխիւային տուեալների, ինչպէս նաեւ եկեղեցիների կամ համայնքային կազմակերպութիւնների տրամադրած վկայականների վրայ։
Հայաստանի քաղաքացիութիւնից նախկինում հրաժարուած անձանց թոյլ կը տրուի կրկին դիմել դրա համար միայն հինգ տարի անց՝ պայմանով, որ նախորդ երկու տարուայ ընթացքում նրանք առնուազն 366 օր բնակուած լինեն Հայաստանում։
Քաղաքացիութիւն ստանալու դիմումը կարող է մերժուել, եթէ անձի գործունէութիւնը վնաս է հասցնում (կամ առկայ է հիմնաւոր կասկած, որ այն կարող է վնաս հասցնել) պետական եւ հասարակական անվտանգութեանը, հասարակական կարգին, հանրային առողջութեանն ու բարոյականութեանը կամ այլոց իրաւունքներին ու ազատութիւններին։ Նոր նախագծի համաձայն՝ ազգային անվտանգութեան կամ հասարակական կարգի նկատառումներով դիմումը մերժելու մասին նախագահի որոշումը ենթակայ չի լինի վարչական կամ դատական վերանայման։
Քաղաքացիութիւն ստանալու ծախսատար եւ աւելի խիստ այս պահանջները հակասում են Հայաստանի կառավարութեան՝ երկրի բնակչութեան թուաքանակն աւելացնելու յայտարարած նպատակին։ Տրամաբանական կը լինէր ակնկալել, որ կառավարութիւնը քաղաքացիութիւն ստանալու գործընթացն աւելի կը հեշտացնի եւ կը դարձնի աւելի նուազ ծախսատար։
Իմ կարծիքով, այս փոփոխութիւնների հիմքում ընկած են երկու անհիմն պատճառներ։ Վճարների բարձրացումը կը յանգեցնի հետեւեալին.
1․ Աւելի շատ եկամուտ ապահովել երկրի բիւջէի համար։
Սա, սակայն, ամենեւին էլ անհրաժեշտ չէ։ Փոխարէնը կառավարութիւնը պէտք է դադարեցնի բիւջետային միջոցների անիմաստ վատնումը՝ ոստիկանութեան բոլոր աշխատակիցներին եւ պետական ծառայողներին տրուող խոշոր ու անհիմն պարգեւավճարների, ինչպէս նաեւ փառատօնների ու համերգների կազմակերպման վրայ։ Իշխանութիւնները պէտք է նաեւ դադարեցնեն պետական պարտքի աւելացումը՝ միջազգային ֆինանսական կառոյցներից միլիարդաւոր դոլարներ պարտքով վերցնելու միջոցով։ 1991-2018 թուականներին Հայաստանի պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ դոլար, իսկ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ՝ վերջին ութ տարում, այն կրկնապատկուել է՝ հասնելով 14 միլիարդ դոլարի։
2․ Սահմանափակել Հայաստան ներգաղթել ցանկացող օտարերկրացիների (ինչպէս ազգութեամբ հայերի, այնպէս էլ ոչ հայերի) թուաքանակը։
Կարելի էր կարծել, որ Հայաստանի կառավարութիւնը կ՚որդեգրէր հակառակ քաղաքականութիւնը՝ քաջալերելով սփիւռքահայերին ներգաղթել հայրենիք՝ քաղաքացիութեան ձեռքբերման վճարը նուազեցնելու կամ այն լիովին անվճար դարձնելու միջոցով։
Վերջին հանգամանքը խիստ մտահոգիչ է, քանի որ Հայաստանի կառավարութիւնը ձգտում է սփիւռքահայերին հեռու պահել երկրից, քանի որ նրանցից շատերը համաձայն չեն Փաշինեանի հակահայկական քաղաքականութեանը։
Հաշուի առնելով, որ այսօր շատ մարդիկ մեծ շարժունակութիւն են ցուցաբերում՝ թէ՛ աշխատանքային, թէ՛ անձնական նպատակներով, տրամաբանական չէ պահանջել, որ նրանք քաղաքացիութիւն ստանալու համար դիմելուց առաջ մի քանի տարի բնակուեն Հայաստանում։ Դեռեւս 2026 թուականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին Հայաստանի կառավարութիւնն արդէն փորձել էր սահմանափակել արտերկրում բնակուող ՀՀ քաղաքացիների ընտրական իրաւունքները։ Ակնյայտ նպատակն էր թոյլ չտալ Հայաստան ժամանողներին մասնակցել ընտրութիւններին, քանի որ պաշտօնեաները կասկածում էին, թէ նրանք քուէարկելու են ընդդիմադիր կուսակցութիւնների օգտին։
Քաղաքացիութեան վերաբերեալ առաջարկուող նոր կանոնների ամենաանհեթեթ դրոյթը Հայաստանի քաղաքացիներից մօտ 4000 դոլար գանձելն է՝ քաղաքացիութիւնից հրաժարուելու դէպքում։ Ինչո՞ւ պէտք է որեւէ մէկը 4000 դոլար վճարի քաղաքացիութիւնը դադարեցնելու համար, եթէ այլեւս չի ցանկանում լինել ՀՀ քաղաքացի։ Թէեւ խիստ ցաւալի է, որ արտերկրում բնակուող Հայաստանի որոշ քաղաքացիներ ցանկանում են խզել կապը հայրենիքի հետ, նրանց համար բաւարար է պարզապէս չօգտագործել իրենց հայկական անձնագրերը՝ քաղաքացիութիւնից հրաժարուելու համար 4000 դոլար վճարելու փոխարէն։
Միակ բացառութիւնը կը լինի այն դէպքը, երբ տուեալ օտարերկրեայ պետութիւնը, որտեղ նրանք բնակւում են, պահանջի պաշտօնապէս հրաժարուել երկրորդ քաղաքացիութիւնից։ Այդ դէպքում այդ երկքաղաքացիներին այլ բան չի մնայ, քան վճարել 4 հազարական դոլար եւ պաշտօնապէս դադարեցնել ՀՀ քաղաքացիութիւնը՝ ԱՄՆ-ի կամ բնակութեան որեւէ այլ երկրի հետ իրաւական խնդիրներից խուսափելու համար։
ՀՀ կառավարութեանը ներկայացուող իմ առաջարկն է՝ հրաժարուել քաղաքացիութեան առաջարկուող վերանայուած կանոններից եւ վերացնել վճարը՝ բնակութեան պահանջի հետ միասին։ Դրա փոխարէն ՀՀ կառավարութիւնը, իր դեսպանութիւնների եւ հիւպատոսութիւնների միջոցով, պէտք է համաշխարհային արշաւ նախաձեռնի՝ խրախուսելու սփիւռքահայերին դառնալ երկքաղաքացի, ինչը որոշ դէպքերում կարող է յանգեցնել նրանց մշտական ներգաղթին Հայաստան։ Հայկական անձնագիր ունենալը սփիւռքահայերի համար խոր յուզական կապ է ստեղծում հայրենիքի հետ՝ խրախուսելով նրանց աւելի յաճախ այցելել Հայաստան, հնարաւոր է՝ ներդրումներ կատարել երկրում եւ, ի վերջոյ, մտածել այնտեղ տեղափոխուելու մասին։ Սա շատ աւելի խելամիտ տարբերակ կը լինի, քան քաղաքացիութեան համար աւելի բարձր վճարներ գանձելն ու բնակութեան պահանջ սահմանելը։
Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի
