
Վահէ Յովհաննիսեան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
Երէկ՝ Խաչվերացի տօնին, բացառիկ կարեւորութեան ուղերձ յղեց Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը։
Իր ոճով՝ յստակ ու առանց ձեւական մեղմութեան, խօսեց մեր ներքին բարքերի եւ յարաճուն հանրային դեգրադացիայի մասին։ Խորհուրդ կը տամ՝ բոլորը լսեն։
Մենք ցանկապատի, կայանատեղիի համար պատրաստ ենք իրար սպանել։ Պատրաստ ենք դանակահարել, կրակել՝ մեքենայի ազդանշանի, հայեացքի, ֆէյսբուքեան գրառման եւ այլ նման բաների համար։
Ագրեսիան եւ սուտը մեր այսօրուայ հասարակութեան համառօտ բնութագիրն են։ Մենք ապրում ենք անասնական ագրեսիայի մէջ, որը միայն ուժեղանում է, եւ համատարած ստի մէջ։
Ես որեւէ լաւատեսութիւն չունեմ եւ կանխատեսում եմ իրավիճակի վատթարացում։
Մօտաւորապէս երկու հաւասար մասի բաժանուած հասարակութիւն, որը ընդհանուր եզրեր արդէն գրեթէ չունի։ Քաղաքական վերնախաւերում բոլորը բոլորին մեծ հաշուով ուզում են միմեանց ոչնչացնել։ Պարզ չէ՞, որ այս տրամադրութիւններն արագ կ՚իջնէին հանրութեան տարբեր շերտեր։
Պարտութիւնը, խեղճութիւնը, օտարի առաջ չդադարող ստորացումը, ագրեսիան, կզցնելն ու բռնելը «քաղաքական նորմալութիւն» դարձնելը պարզ է, որ կը բերէր հասարակութեան այս վիճակին։
Քրիստոնեայ հայ ժողովուրդը վայրենանում է, ստի եւ ագրեսիայի մթնոլորտն ի զօրու է ամէն ինչ ջարդել, քանդել, անապատացնել մեր երկիրը։
Ու պատահական չէ, որ էլի Եկեղեցին խօսեց ու որպէս առաքելութիւն տեսաւ ագրեսիայի ու վայրենացման թեմայի մասին ահազանգելը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով, որովհետեւ պետութիւնն այս գործը տապալել է, հանրային էլիտաները տապալել են, բոլոր ինստիտուտները կա՛մ քանդուած են, կա՛մ վախեցած, կա՛մ մտքից զուրկ։
Այնինչ սա ամենակարեւոր խնդիրն է։ Արտաքին գործօնների հանդէպ մեր համազգային խեղճութիւնը, ներքին արժեհամակարգային փլուզումները, առաքելութեան գիտակցումով եւ ներուժով վերնախաւերի բացակայութիւնը ներքին ագրեսիան հասցրել են անասնական որակների։
Երբ Հաջիեւը Գանձասարում ծաղրում է մեր ամբողջ ժողովրդին, իսկ մենք պատասխանելու իրաւունք չունենք, երբ երկիրը մի մեծ բանտի է վերածւում, երբ իշխանական կարեւոր աշխատասենեակներից հանդարտութեան փոխարէն ագրեսիա է յորդում, երբ երկրի ԱԺ-ում անընդհատ խօսւում է էն մասին, թէ ո՛վ, ե՛րբ եւ ո՛ւմ առաջինը կը ծեծի, երբ երկրում Վեհափառի ու Սրբազանների են դատում, ու Մայր Աթոռին քացի տալու տեսարաններ են լինում, երբ հասարակութիւնը չունի հեղինակութիւններ ու տրամադրութիւններ ձեւաւորող սոլիդութիւն, արդիւնքը լինում է սա։
Մենք լրջագոյն խնդիր ունենք՝ ներքին հանրային երկխօսութիւն սկսել։ Պատմական լիդերութիւնը, իմ կարծիքով, հիմա սա է։ Հասարակութեան շերտերը պէտք է սկսեն իրար հետ խօսել՝ կենցաղային թեմաներից սկսած։ Վերջը՝ ի՞նչ ենք մենք իրարից ուզում։ Ինչքա՞ն կարելի է լինել խեղճ ու ագրեսիւ։ Ինչքա՞ն կարելի է խաբել իրար, խաբել դիմացինին, ապրել ազգային եւ անհատական ստի մէջ։
Ներքին համերաշխութիւնն ամենակարեւոր գործն է, իսկ դրա տեխնոլոգիական լուծումը ներքին երկխօսութիւնն է։ Սա սկզբում լինելու է շատ դժուար, անդուր, ագրեսիւ դրսեւորումներով, չհասկացուածութեան ահռելի պաշարով, բայց դա առողջացման միակ ճանապարհն է՝ հանրային, քաղաքական, պետական, անձնական առողջացման միակ ճանապարհը։ Ես ինքս պատրաստւում եմ իմ գործունէութիւնն այս ուղղութեամբ կառուցել, քանի որ գոնէ տեսանելի ապագայում չեմ հաւատում դասական քաղաքական պրոցեսների արդիւնաւէտութեանը։
Նորից եմ խորհուրդ տալիս լսել Միքայէլ Սրբազանի երէկուայ խօսքը՝ «Չափաւորէ՛ք ձեր ընթացքը…»
Լսելուց յետոյ էլ մտածենք լուծումների մասին։
