Դիւանագէտների վերջին այցն Արցախ յուշում է՝ թուրք-ադրբեջանական ֆաշիզմն առայժմ յաղթում է. հետեւանքները չեն ուշանայ

Դիւանագէտների վերջին այցն Արցախ յուշում է՝ թուրք-ադրբեջանական ֆաշիզմն առայժմ յաղթում է. հետեւանքները չեն ուշանայ

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պատմաբան Արմէն Այվազեանը գրել է.

«Եւ այսպէս, 2026 թ. սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի իշխանութիւնները կազմակերպեցին օտարերկրեայ դիւանագիտական կորպուսի՝ մինչ այժմ ամենախոշոր այցն Արցախ։ Դրան մասնակցեցին շուրջ 150 ներկայացուցիչ՝ 58 պետութիւններից եւ 9 միջազգային կազմակերպութիւններից։ Նրանք այցելեցին Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտի եւ Քարվաճառի շրջաններ, այդ թւում՝ Գանձասար եւ Դադիվանք։ Ադրբեջանական աղբիւրների համաձայն՝ սա 2020 թուականից ի վեր դիւանագիտական կորպուսի արդէն 22-րդ կազմակերպուած այցն էր այդ տարածքներ։

Ի՞նչ էին ցոյց տալիս նրանց։

Նոր ճանապարհներ ու թունելներ, բնակելի շէնքեր, համալսարան, գործարաններ, ադրբեջանցիների «վերադարձ», «վերականգնուող» Ստեփանակերտ ու Շուշի։ Դիւանագէտներից շատերը գովեցին շինարարութեան ծաւալներն ու արագութիւնը։ Մինչդեռ նրանց հրապարակային յայտարարութիւններում երբեք չհնչեց ամենապարզ հարցը. իսկ որտե՞ղ են Արցախի հայերը։

Չէ՞ որ նրանք անհետ չեն կորել։ 2020 թ. պատերազմից, 2022-2023 թթ. ադրբեջանական տասնամսեայ շրջափակումից, սովահարումից, ռազմական ճնշումից եւ սեպտեմբերեան յարձակումից յետոյ աւելի քան 130 հազար արցախահայեր ստիպուած եղան մի քանի օրուայ ընթացքում հեռանալ իրենց ծննդավայրից եւ մեր՝ բոլոր հայերիս, հայրենիքից։ Արցախն ամբողջութեամբ հայաթափուեց։

Հայաթափուած Շուշիում սրտանց հրճուող՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը, ԱՄՆ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Էմի Կարլոնը եւ Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Ուրեմն ի՞նչ «կեանքի վերադարձի» մասին է խօսքը։ Ո՞ւմ կեանքն է վերադարձել Ստեփանակերտ, երբ նրա հայ բնակիչները հարկադրաբար ապրում են Հայաստանի Հանրապետութիւնում եւ այլուր։ Ո՞ւմ «վերաբնակեցումն» են ողջունում օտարերկրեայ դիւանագէտները, երբ այդ հողի բնիկ բնակչութիւնը զրկուած է իր տները վերադառնալու հնարաւորութիւնից։

Այս այլանդակ դիւանագիտական լռութիւնը շատ որոշակի քաղաքական հետեւանք ունի. աստիճանաբար օրինականացւում եւ բնականոնացւում է էթնիկ զտման «արդիւնքը»։

Տակաւին երեք տարի առաջ Արցախում ապրում էին հայերը, ինչպէս ապրել են այնտեղ անհիշելի ժամանակներից։ Նրանց բռնի արտամղեցին։ Այսօր հայկական քաղաքներում եւ գիւղերում վերաբնակեցւում են ադրբեջանցիներ, իսկ տասնեակ երկրների դիւանագէտներ այցելում են այդ վայրերը եւ գովաբանում «վերականգնումը»։ Բաքուի ֆաշիստների համար աւելի նպաստաւոր պատկեր դժուար է պատկերացնել. կատարուած յանցագործութիւնն անցեալում է, իսկ դրա ստեղծած «նոր իրականութիւնը» աշխարհին արդէն ներկայացւում է որպէս «նորմալ կեանք»։

Բայց հայաթափումով գործը չի աւարտուել։ Արցախում ամբողջ թափով ընթանում է հայկական հետքի հեռացումը։

Դրա ամենացայտուն օրինակը Գանձասարն ու Դադիվանքն են։ Դիւանագէտներին այնտեղ արդէն ներկայացուեց Ադրբեջանի պետական թեզը, թէ հայկական այս վանքերը «կովկասեան-աղուանական» ժառանգութիւն են։ Գանձասարի պարագայում դա արւում է մի վանքում, որի պատերը կրում են հայկական արձանագրութիւններ, որի պատմութիւնն անքակտելիօրէն կապուած է Հայ Առաքելական Եկեղեցու, հայկական Խաչենի իշխանութեան եւ Արցախի հայութեան՝ XVIII դարի, 1917–1920 եւ 1988–2023 թթ. ազատագրական պայքարի հետ։

Սա պատմութեան սովորական կեղծարարութիւն չէ, այլ էթնիկ զտման շարունակութիւն՝ արդէն մշակութային դաշտում. նախ հայերին հեռացնել Արցախից, ապա Արցախից հեռացնել նրա հայկական պատմութիւնը։

Հէնց այստեղ է Ռաֆայէլ Լեմկինի դեռեւս 1944 թ. ձեւակերպած միտքը ստանում գրեթէ սահմռկեցուցիչ հաստատում։ Ցեղասպանութիւնը նա չէր սահմանափակում մարդկանց ֆիզիկական ոչնչացմամբ։ Լեմկինը խօսում էր երկու յաջորդական փուլերի մասին՝ ճնշուած խմբի ազգային կառուցուածքի ոչնչացում եւ դրա փոխարէն նուաճողի ազգային կառուցուածքի պարտադրում («Genocide has two phases: one, destruction of the national pattern of the oppressed group; the other, the imposition of the national pattern of the oppressor»)։ Ընդ որում, վերջինս, ըստ նրա, կարող է իրականացուել արդէն միայն տարածքի նկատմամբ՝ բնակչութեան վտարումից եւ այդ տարածքը նուաճողի սեփական քաղաքացիներով բնակեցնելուց յետոյ։

Արցախում կատարւում է հէնց այս գործընթացը՝ հայ բնակչութեան վտարում, ապա՝ նրա վերադարձի խափանում, տարածքի նոր բնակեցում, հայկական տեղանունների վերացում, հայկական պատմական յիշողութեան ջնջում, հայկական մշակութային ժառանգութեան «աղուանականացում» եւ իւրացում։

Ընդ որում, խնդիրն արդէն միայն հայկական չէ։

Արցախի էթնիկ զտման միջազգային լեգիտիմացումն աղէտ է ոչ միայն հայերի համար։ Այն վտանգ է ամբողջ միջազգային անվտանգութեան համակարգի համար։ Եթէ էթնիկ զտման արդիւնքը կարելի է մի քանի տարուայ ընթացքում վերածել միջազգայնօրէն ընդունելի քաղաքական իրականութեան, ապա բնակչութեան բռնի հեռացումը փաստացի վերածւում է տարածքային եւ ժողովրդագրական խնդիրներ լուծելու «արդիւնաւէտ» մեթոդի։ Ճիշտ ու ճիշտ Ադոլֆ Հիտլերի՝ 1939 թ. օգոստոսի 22-ին արտայայտած մտքի համաձայն՝ «Ո՞վ է այսօր յիշում հայերի ոչնչացումը»։ Օրեր անց սկսուեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ հետագայ տարիներին՝ միլիոնաւոր մարդկանց ծրագրուած բնաջնջումը։

Արցախի դէպքը աշխարհին կարող է շատ վտանգաւոր դաս տալ. եթէ ուզում ես ազատուել անցանկալի բնակչութիւնից, գործը հասցրու մինչեւ վերջ։ Արագ հեռացրու ամբողջ բնակչութեանը, ստեղծիր անդառնալի փաստ տեղում, ուշադրութիւն մի դարձրու միջազգային դատապարտման թոյլ փորձերին, ապա կառուցիր ճանապարհներ ու բնակելի թաղամասեր, կազմակերպիր դիւանագիտական այցելութիւններ եւ սպասիր։ Որոշ ժամանակ անց աշխարհը կը սկսի ոչ թէ խօսել բռնի տեղահանուածների վերադարձի մասին, այլ քննարկել քո ստեղծած «նոր իրականութեան» տնտեսական զարգացումը։

Սա է Արցախի նախադէպի ամենավտանգաւոր կողմը։ Յաջողութեամբ աւարտուած եւ անպատիժ մնացած էթնիկ զտումը դառնում է ընդօրինակման օրինակ։

Եթէ միջազգային հանրութիւնը յարմարւում է յանցագործութեան արդիւնքին, միջազգային իրաւունքի զսպող ուժը փլուզւում է։ Այսօր, փաստօրէն, 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնուենցիայի ամենակարեւոր՝ կանխարգելիչ գործառոյթը խափանուած է, թէեւ այն այս պահին վաւերացրել է 154 պետութիւն։

Պատահակա՞ն էր արդեօք, որ Արցախի հայաթափումից անմիջապէս յետոյ աշխարհը բախուեց Գազայի աղէտին՝ պաղեստինեան բնակչութեան զանգուածային սպանութիւններին, տեղահանմանը եւ կենսական միջավայրի լայնածաւալ ոչնչացմանը։ Այսօր նոյն վտանգաւոր գործընթացների տարբեր դրսեւորումներ տեսանելի են նաեւ Յորդանանի Արեւմտեան ափում, ինչպէս նաեւ Լիբանանի հարաւի բնակչութեան համար։ Ցեղասպանական կոտորածներ են իրականացւում Սուդանում…

Իհարկէ, Արցախը «չի պատճառել» Գազան։ Բայց Արցախն ու Գազան բացայայտում են միջազգային համակարգի նոյն ծանր հիւանդութիւնը՝ զանգուածային յանցագործութիւնը ժամանակին կանգնեցնելու անկարողութիւնը եւ յետոյ ուժով ստեղծուած իրողութեան հետ յարմարուելու պատրաստակամութիւնը։

Արցախի հարցում այսօր շատ աւելին է որոշւում, քան միայն Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան ճակատագիրը։

Աշխարհն այսօր ընտրութիւն է կատարում, թէ ինչ դաս է քաղում Արցախում կատարուածից։ Եւ դիւանագէտների այս վերջին այցն Արցախ, ցաւօք, յուշում է, որ էթնիկ զտումն ու ցեղասպանութիւնը քաղաքական նպատակների հասնելու ընդունելի միջոց դարձնող թուրք-ադրբեջանական բացայայտ ֆաշիզմն առայժմ յաղթում է։ Հետեւանքները չեն ուշանայ եւ աւելի ու աւելի տեսանելի կը լինեն աշխարհի շատ ուրիշ վայրերում։

Իսկ մենք պէտք է փորձենք լուծել մեր անվտանգութեան հարցերը՝ հնարաւոր եւ անհնարին բոլոր միջոցներով»։

Share