ԵՐԵՒԱՆ — Ադրբեջանը չորեքշաբթի եւս մէկ բարդութիւն աւելացրեց Հայաստանի հետ դեռեւս չաւարտուած խաղաղութեան գործընթացին, երբ արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովը հրապարակայնօրէն դրա աւարտը կապեց Հայաստանի նոր Սահմանադրութեան ընդունման հետ։
Բայրամովը լրագրողներին յայտնեց, որ Բաքուի դիրքորոշումը մնում է անփոփոխ, եւ ասաց, որ Ադրբեջանը ուշադիր հետեւում է Հայաստանում սահմանադրական գործընթացին։ Նա պնդեց, որ Վաշինգտոնում ընդունուած համատեղ հռչակագրում նշուած է, թէ Հայաստանը պէտք է նոր Սահմանադրութիւն ընդունի՝ նախքան կարգաւորման գործընթացի աւարտը։
Հրապարակուած հռչակագիրը նման դրոյթ չի պարունակում։
Վաշինգտոնում ստորագրուած պաշտօնական տեքստում արձանագրուած են խաղաղութեան համաձայնագրի նախաստորագրումը, կողմերի յանձնառութիւնը կարգաւորման գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացմանը, ինչպէս նաեւ ինքնիշխանութեան եւ միջազգայնօրէն ճանաչուած սահմանների յարգմանը։
Վեց օր առաջ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր որ Հայաստանի Սահմանադրութիւնը երկկողմ օրակարգի մաս չէ։ «Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգում եղած բոլոր հարցերը, բայց Սահմանադրութիւնը մեր օրակարգում չէ»,- սեպտեմբերի 3-ին լրագրողներին ասել էր Փաշինեանը։ Նա Սահմանադրութիւնը բնութագրել էր որպէս «Հայաստանի Հանրապետութեան ներքին հարց»։
Ինպէս միշտ պարզ է դառնում, որ բոլոր համաձայնութիւնները չեն որ հրապարակւում են Փաշինեանի վարչակազմի կողմից:
