Հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում՝ «Warner Bros.» ստուդիայի կինոթատրոնում, տեղի կ՚ունենայ ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերածնուածը» ֆիլմի մասնաւոր պրեմիերան։ Հայաստանեան պրեմիերան նախատեսուած է յաջորդ տարի։
Ֆիլմը պատմում է Ֆրանսիայում մեծացած հայ երիտասարդ Մուրադ Առաքելեանի մասին, ով ինքնութեան եւ արմատների որոնման նպատակով մեկնում է Արցախ, որտեղ նրա ուղեւորութիւնը համընկնում է 2020 թուականի պատերազմի մեկնարկի հետ։
Ռեժիսորը կիսուել է ֆիլմի գաղափարի, նկարահանման ընթացքի եւ հիմնական ասելիքների մասին։
Խօսում եմ տուն վերադառնալու մասին
Նա նշել է, որ թիմը նախագծի վրայ աշխատել է ութ տարի։ Նախնական աշխատանքը «Կոլէյդոսկոպ» անուանումով մեկնարկել է 2018-ին՝ առանցքում ունենալով Քառօրեայ պատերազմը։ 2020 թուականի պատերազմից յետոյ նախագիծը վերանայուել եւ ստացել է նոր անուանում՝ «Վերածնուածը»։
«Վերածնուածը» շարունակում է նոյն ուղեգիծը, ինչ ռեժիսորի նախորդ ֆիլմերը եւ ապագայի ֆիլմերը («2020-ի հրեշտակներ», «Սեւ ցուցակը», «Ծիրանագոյն երկինք», «Արարատի դուստրը», «Բաբել»)։
Ռեժիսորը «Վերածնուածը» ֆիլմում խօսում է տուն վերադարձի մասին։ «Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ եւ միւսներին, եթէ ցանկանում ենք ամէն գնով վերադառնալ տուն»,- ասում է նա։ Ըստ նրա՝ ֆիլմում կայ սուր քննադատութիւն, եւ այն իր անաչառ ասելիքի պատճառով շատ դժուարութիւններ կ՚ունենայ տարածման ու հանրահռչակման ճանապարհին, բայց կարեւորն այն է, որ այն սուտ չէ եւ յօրինուած չէ։
Նրա խօսքով՝ մարդիկ տեղեկացուած չեն ու մեծամասամբ չեն էլ ցանկանում տեղեկացուած լինել պատերազմների, այլ կոնֆլիկտների մասին, յատկապէս եթէ «մոդայիկ» պատերազմ չէ, ինչպէս, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմը։
Ֆիլմի հեղինակը նշել է, որ հանդիսատեսին սպասւում է շատ հասուն, բազմաշերտ, բարդ կառոյցով ֆիլմ։ «Վերածնուածը» ֆիլմի հիմնական ասելիքն այն է, որ որքան էլ հեռու ապրես եւ քեզ անմասն համարես, միեւնոյնն է, եթէ կայ պատերազմ, այն քեզ հեղեղի պէս տանելու է։
«Պատմութիւնը մի քանի շերտ ունի։ Այն իր բազմաշերտութեամբ անդրադառնում է նաեւ այն հերոսներին, որոնք ուղղակիօրէն կապուած չեն պատերազմի հետ։ Փիլիսոփայութիւնն այն է, որ եթէ աշխարհի երեսին որեւէ տեղ պատերազմ կայ ու դու որքան էլ կարծում ես, որ անմասն ես, բայց պատերազմը քեզ կլանելու, տանելու եւ ազդելու է քո կեանքի վրայ»,- ասել է Ջիւան Աւետիսեանը։
Իսկ ֆիլմի աւարտը բազմաշերտութիւն ունի, որտեղ, ըստ հեղինակի, ցանկացած հայ կը գտնի իրեն։ Ցանկացած հայ, արցախցի կը հասկանայ, թէ որքան տիպիկ եւ զօրեղ է աւարտւում ֆիլմը։

«Ո՞վ եմ ես»
Ֆիլմն անդրադառնում է նաեւ ինքնութեան փնտրտուքին։ «Վերածնուածը» ֆիլմի հերոսը գնում է իր արմատների յետեւից՝ Արցախ, Գանձասար։ Նա մեկնում է՝ գտնելու իր արմատները եւ հասկանալու՝ ով է ինքը։
«Ո՞վ եմ ես» հարցի պատասխանը նա պիտի գտնի հէնց այնտեղ։
Հեղինակի խօսքով՝ շատ կարեւոր է, որ իւրաքանչիւրս կարողանանք պատասխանել ֆիլմում տրուող հարցին՝ ո՞վ եմ ես։ «Մեր ողբերգութիւնների առանցքում նաեւ այն խնդիրն է, որ այդ հարցի պատասխանը չունենք։ Ինքնութեան խնդիրը ֆիլմում կարմիր գծի պէս առկայ է ոչ միայն գլխաւոր հերոս Մուրադ Առաքելեանի կեանքում, այլ նաեւ գրեթէ բոլոր առանցքային կերպարներն այդ հարցը տալիս են՝ ո՞վ եմ ես․ փնտրում են իրենց արմատները, ինքնութիւնը»,- նշել է նա։
Ֆիլմի առանձնայատկութիւններից է արհեստական բանականութեան բաղադրիչը։ Այն մշակուել է կանադաբնակ Վիգէն Աթալեանի կողմից։ Մուրադ Առաքելեանը ներկայանում է որպէս ԱԲ ինժեներ, գիւտարար։ Ֆիլմում ոչ միայն օգտագործուել են ԱԲ-ի կողմից գեներացուած կադրեր, այլեւ ԱԲ-ն գլխաւոր հերոսի հետ մաս է դառնում պատերազմի։
Մարսէլից Արցախում յայտնուած հերոսին ԱԲ-ն յորդորում է արագ հեռանալ, որովհետեւ պատերազմ է սպասւում, սակայն Մուրադն իր ընկերուհի Իզաբելի հետ շարունակում է փորձել գտնել այն մարդկանց, ովքեր իր ինքնութեան բանալին են։ Ֆիլմի ընթացքում ԱԲ-ն, հիմնուելով Մուրադի կենսափորձի վրայ, զարգանում է եւ պատերազմի մեկնարկից յետոյ սկսում է հասկանալ, թէ ինչ է պատերազմը եւ ինչ է մահը՝ այն, ինչն արհեստական բանականութիւնը չէր կարող Մարսէլում հասկանալ։
Ֆիլմում անդրադարձ կայ նաեւ Հոլոքոստին եւ ամերիկաբնակների սպիտակ ցեղասպանութեանը։
Ըստ հեղինակի՝ ֆիլմն Արցախեան կոնֆլիկտից վեր է հառնում եւ ընդհանրապէս անդրադառնում պատերազմներին։
«Դէպքերը 2020-ի մասին են պատմում, բայց նաեւ անդրադարձ ունենք մի շարք դէպքերի, որոնք տեղի են ունեցել անցեալում, ինչու չէ՝ նաեւ ապագայում են կատարուելու։ Փորձել ենք ազնիւ լինել՝ մեկնելու Արցախեան պատերազմը եւ քննադատելու ինքնին պատերազմը»,- նշել է Ջիւան Աւետիսեանը։

Փնտրում էինք Գանձասարը, Ստեփանակերտը
Սա Արցախի մասին պատմող նրա առաջին ֆիլմն է, որն ինքն Արցախում չի նկարել։ 2023 թուականին, երբ Արցախը շրջափակման մէջ էր, նկարահանումները ՀՀ-ում էին ընթանում, 2024 թուականին կայացել են եւրոպական բաժնի նկարահանումները, յաջորդ երկու տարիները նուիրուած էին յետարտադրական աշխատանքներին։
Նրա խօսքով՝ 2023 թուականին «Վերածնուածը» նկարահանելն իսկապէս ծանր էր։ «Մենք փնտրում էինք Գանձասարը, փնտրում էինք Ստեփանակերտը, փնտրում էինք Արցախի այն վայրերը, որոնք այլեւս չէինք կարող գնալ… բլոկադա էր…
Գուցէ հէնց սա է կորցրած հայրենիքի ամենացաւոտ իրականութիւնը․ երբ այլեւս չես կարող հասնել իրական վայրին, սկսում ես փնտրել դրա հետքը։
Մենք էլ փնտրում էինք։
Եւ գտանք Մակարավանքը։ Նկարեցինք այնտեղ, եւ զարմանալիօրէն թէ՛ վանքը, թէ՛ դէպի այն տանող անտառապատ ճանապարհը մեզ յիշեցրին Գանձասարը»,- յիշում է ռեժիսորը։
Հերոսը փնտրում էր իր տունը։
Ֆիլմի անձնակազմը՝ նոյնպէս։
Ռեժիսորը նշում է, որ հնարաւոր չէ 100 %-ով Արցախ գտնել այլ տեղ, բայց ֆիլմը դիտողը հաստատ այնտեղ Արցախը կը տեսնի։
Ֆիլմին մաս են կազմել հայաստանաբնակ յայտնի դերասաններ Բաբկէն Չոբանեանը, Վարդան Մկրտչեանը, Նարինէ Պետրոսեանը, Մարիամ Ադամեանը, Մարինէ Գաբրիէլեանը, Արթուր Կարապետեանը։ Մաս են կազմել նաեւ օտարազգի դերասաններ Հայնօ Ֆերչը, Մայա Մորգենշտերնը եւ Արմանդ Ասանտեն (1997 թ.-ին էկրաններ բարձրացած «Ոդիսեւս»-ի գլխաւոր դերակատար, յայտնի է նաեւ «Գոտտի», «Մամբոյի թագաւորները» եւ այլ ֆիլմերով)։
Ջիւան Աւետիսեանը յայտնել է, որ օտարազգի դերասաններից ոչ մէկը կոնֆլիկտի, 2020 թուականի պատերազմի մասին չգիտէր, եւ սցենարն ընթերցելուց յետոյ նրանց համար մեծ բացայայտում էր այդ ողբերգութիւնը։ «Գնահատում եմ այն, որ նրանք ոչ միայն ցանկացել են զօրեղ, գեղեցիկ ֆիլմում ունենալ իրենց մասնակցութիւնը, այլ ցանկացել են իմ ասելիքի, բողոքի մասը լինել, լսելի դարձնել 150 հազար հայերի աղաղակը»,- ասել է նա։
Ֆիլմը ստեղծուել է երեք երկրների համատեղ արտադրութեամբ՝ Լիտուա, Կիպրոս, ՀՀ։ Այս երկրների պետական միջոցները եւս մաս են կազմել ֆիլմի ստեղծմանը, իսկ Իտալիայից, Չեխիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից մասնաւոր ընկերութիւններ են մասնակցել։
Ֆիլմի նկարահանումներին աջակցել են ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, Առողջապահութեան նախարարութիւնը, ոստիկանութիւնը, փրկարար ծառայութիւնը։ Ռեժիսորի խօսքով՝ պատերազմական դրուագների նկարահանումներն առանց ՊՆ-ի աջակցութեան իրականութիւն չէին դառնայ։
Ռեժիսորը հաւատում է կինոյի ուժին․ «Կինեմատոգրաֆը չի կարող մեծ հարցեր լուծել, բայց յաճախ հարցեր է բարձրացնում, ինչը կարող է յանգեցնել լուծման։ Հաւատում եմ, որ մենք կը կարողանանք լաւագոյնն անել կինոյի, արուեստի միջոցով․ ինչը չենք կարողանում այլ հանգամանքներից ելնելով, կարող ենք անել արուեստի միջոցով»։

Քանի դեռ Խաչմաչի սեւ թթի ծառի տակ նստած չեմ, ուրեմն շատ գործ ունեմ անելու
Խօսելով ստեղծագործելու ներշնչանքի, ոգեւորութեան աղբիւրի մասին՝ Ջիւան Աւետիսեանը նշել է, որ շատ դժուար է մեր օրերում ոգեւորութիւն գտնել, իրեն առաջ է շարժում պարտքի զգացումը։
«Փորձում եմ իմ ամէն օրը, իմ ուժերը, կամքը ծառայեցնել այն գաղափարին, որ աշխարհում պէտք է խօսել մեր մասին։ Ոգեւորութիւն կարող ենք ապրել տարբեր իրավիճակներում, բայց մեզ հետ կատարուածը ողբերգութիւն է։ Ես որեւէ բանով առաւել չեմ Բաքուի բանտում գտնուող հայերից, ես կարող էի լինել ցանկացած գերու տեղը։ Եթէ չենք զոհուել կամ գերեվարուել, ուրեմն պարտքի զգացում ունենք, որը մեզ մղում է աշխատանքի»,- նշել է նա։
Նրան առաջ է մղում նաեւ իր հայրենի գիւղը տեսնելու ցանկութիւնը։
«Իմ մէջ աւելի շատ պայքար, կարօտ, ցանկութիւն կայ Խաչմաչ գնալու։ Ես ամէն օր յիշում եմ Խաչմաչի սեւ թթի ծառը, երազում մի օր այնտեղ նստել, անջատել հեռախօսը։ Քանի դեռ հեռախօսս անջատուած չէ ու ես այդ ծառի տակ նստած չեմ, ուրեմն շատ գործ ունեմ անելու»,- յաւելել է նա։
Տաթեւիկ, «Ապառաժ»
