Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերեալ քրէական գործով Երեւանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանի դատաւոր Վահագն Մելիքեանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատութեան հարցի լուծման համար։
Տեղեկութիւնը «Հրապարակ»-ին փոխանցեցին դատարանից։
Օգոստոսի 28-ին դատաւոր Սերժ Ռուշանեանը Կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների գործն ուղարկել էր Երեւան քաղաքի Առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարան՝ տարածքային ընդդատութեան կանոնների պահպանմամբ, այսինքն՝ ընդդատութիւնն իրաւական հասկացութիւն է, որը ցոյց է տալիս, թէ կոնկրետ որ դատարանն է իրաւասու քննելու եւ լուծելու տուեալ գործը։
Դատաւորն իր որոշումը հիմնաւորել էր նրանով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրուող արարքի մեղադրական ձեւակերպումներում յստակեցուած չէ, թէ որտեղ պէտք է քննուի գործը։
Կաթողիկոսի գործը քննող առաջին դատաւոր Յակոբ Մանուկեանն ինքնաբացարկ էր յայտնել օգոստոսի 7-ին։
Օգոստոսի 10-ին գործը մակագրուել էր Սերժ Ռուշանեանին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ վեց հոգեւորականներին մեղադրանք է առաջադրուել պաշտօնէական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտաւորեալ խոչընդոտելու համար։
Իրաւական վէճը ծագել է Մասսեացոտնի թեմի նախկին առաջնորդ Գէորգ եպիսկոպոս Սարոյեանին (Արման Սարոյեան) պաշտօնից ազատելուց յետոյ։
2026-ի յունուարին Կաթողիկոսի որոշմամբ պաշտօնանկ արուած եպիսկոպոսը դիմել էր դատարան։ Արմաւիրի մարզի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանը որոշել էր, որ մինչեւ գործի քննութեան աւարտը Սարոյեանը պէտք է շարունակի պաշտօնավարել, իսկ Եկեղեցուն արգելուել էր խոչընդոտել նրա լիազօրութիւնների իրականացումն ու ֆինանսական հաշիւների տնօրինումը։
Չնայած դատարանի որոշմանն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայութեան պաշտօնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն եւ Գերագոյն հոգեւոր խորհուրդը որոշել են կարգալոյծ անել Սարոյեանին։ Ըստ դատախազութեան՝ եկեղեցական ղեկավարութիւնն այս քայլով դիտաւորեալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը։
