Իրաւապահ համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւս մէկ անգամ վկայում է, որ նրա համար իրաւակարգաւորումը, օրէնսդրութիւնը որեւէ նշանակութիւն չունեն։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանեանը։
Օգոստոսի 27-ին լրագրողների հետ ճեպազրոյցում Փաշինեանը, անդրադառնալով այն տեղեկութիւններին, ըստ որոնց՝ իրաւապահ համակարգում կան անձինք, որոնք ծառայութիւններ են մատուցում Քոչարեանների ընտանիքին, յայտարարեց, որ խնդիր է դրել բացայայտելու տեղեկատուութեան արտահոսք իրականացնող անձանց։ Նա նշեց՝ եթէ կոնկրետ ժամկէտում կոնկրետ անուններ ու ապացոյցներ չլինեն, իրաւապահ համակարգում զանգուածային ազատումներ են լինելու։ «Մտնելու եմ շէնք, ով աչքիս դէմը դուրս եկաւ, հրաման եմ տալու, ազատելու եմ»,– ասաց Փաշինեանը։
«Որպէս երկրի ղեկավար՝ նա իրաւունք չունի այդպիսի յայտարարութիւններ անելու, եթէ նոյնիսկ արտահոսք է եղել, պէտք է պարզուի օրէնքով սահմանուած կարգով»,– նշեց Ասլանեանը։
Երեւանի նախկին դատախազն արտահոսքի հնարաւորութիւնը քիչ հաւանական է համարում՝ միաժամանակ յաւելելով, որ անգամ եթէ լինէր էլ, պարտադիր չէ, որ լինէր հէնց իրաւապահ համակարգից, ինչը վստահաբար պնդել է Փաշինեանը։
«Արտահոսք կարող էր լինել ե՛ւ դատական համակարգից, քանի որ խուզարկութիւնների թոյլտուութիւնները դատարաններն են տուել, ե՛ւ քննչական մարմնից, ե՛ւ Ազգային անվտանգութեան ծառայութիւնից, ովքեր գնացել են տուեալ հասցէ եւ այլն։ Արտահոսքի աղբիւրն ինքն է, 1 օր առաջ ինքը Ազգային ժողովի ամբիոնից ասաց՝ ինչ է անելու։ Լեւոն Քոչարեանի հետ կռւում է ԱԺ նիստերի դահլիճում, դրանից յետոյ յայտարարում է, թէ կը զրկուէք ամէն ինչից, նոյնիսկ ժառանգութիւն չէք ստանայ, կը տեսնէք՝ ինչ եմ անելու։ Յաջորդ օրը գնում են խուզարկութեան։ Բնական է, չէ՞, որ ցանկացած մարդ հասկանում է, որ այդ յայտարարութիւններին յաջորդել են գործողութիւններ»,– նշեց Ասլանեանը։
Ի դէպ, յունիսին, երբ սոցիալական կայքերում տեսանիւթ տարածուեց, թէ ինչպէս Ռոբերտ Քոչարեանին «Զուարթնոց» օդանաւակայանում թոյլ չեն տուել դուրս գալ Հայաստանի Հանրապետութեան տարածքից, մամուլը գրեց, որ տեսանիւթի արտահոսքը կազմակերպել է Ազգային անվտանգութեան ծառայութիւնը։ Աւելի ուշ ԱԱԾ-ն պաշտօնապէս հաստատեց, որ կադրերն իրենք են տրամադրել իշխանամէտ լրատուամիջոցներին։
Համեմատելով երկու միջադէպերը՝ Ասլանեանն ընդգծեց՝ երբ տարածուած տեղեկութիւնն իշխանութեանը ձեռնտու է, արտահոսքը նորմալ է համարւում։
«Հրապարակելու նպատակայարմարութիւնը ԱԱԾ-ն չի որոշում, օրէնքն է որոշում։ Հրապարակման նպատակայարմարութեան տիրոյթում կարող են յայտնուել անձնական գաղտնիք, ընտանեկան գաղտնիք, բանկային գաղտնիք պարունակող տեղեկութիւններ եւ այլն, որոնց պաշտպանութիւնն օրէնքով սահմանուած կարգով երաշխաւորուած է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինեանն իրեն օրէնքից դուրս է դրել։ Ինքը մտածում է, որ օրէնքի, իրաւունքի աղբիւրն ինքն է։ Ի՞նչ է նշանակում՝ ցանկացած բան կարող է հրապարակել»,– ասաց Ասլանեանը։
