Արտգործնախարարութիւնը հրաժարւում է ասել՝ արդեօք դիմե՞լ է Բաքուին՝ Ադրբեջանում պահուող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելութեան նպատակով։
Արտաքին քաղաքական գերատեսչութիւնն անցած ամսուայ վերջին տեղեկացրել էր, թէ Հայաստանը դիմել է չէզոք երկրի՝ հիւպատոսական այց կազմակերպելու եւ Բաքւում գտնուող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով։
Միաժամանակ ԱԳՆ-ն ընդգծել էր, թէ այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքուի համաձայնութիւնը։
«Ազատութիւնը» հարցում էր ուղարկել նախարարութեանը՝ խնդրելով պատասխանել՝ արդեօք Հայաստանն արդէն պաշտօնապէս դիմե՞լ է Ադրբեջանին՝ 3-րդ երկրի կողմից հայ գերիներին տեսակցելու հարցով։ Եթէ այո, ի՞նչ պատասխան են ստացել Բաքուից։ ԱԳՆ-ին նաեւ հարցրել էինք՝ ո՞ր երկիրն է համաձայնել Ադրբեջանում տեսակցել շուրջ 20 հայ գերիներին։
Արտաքին քաղաքական գերատեսչութիւնն «Ազատութեան» որեւէ հարցին չի պատասխանել։
«Բաքւում պահուող հայ գերիների խնդիրների հասցէագրման ուղղութեամբ աշխատանքները շարունակական են։ Հաշուի առնելով հարցի զգայունութիւնը՝ ԱԳ նախարարութիւնը նպատակայարմար չի համարում տարուող աշխատանքների վերաբերեալ յաւելեալ տեղեկատուութեան հանրայնացումը»,– յայտնել են ԱԳՆ-ից։
Հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակեանն «Ազատութեանն» ասել էր, որ Ադրբեջանում պահուող 20 հայ գերիներին այցելութիւնն այս պահին յոյժ կարեւոր է՝ հաշուի առնելով, որ անցած տարուանից նրանք յայտնուել են կատարեալ մեկուսացման մէջ։
Որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ միայն 40 օրը մէկ հեռախօսով շփուելու հնարաւորութիւն ունեն, ինչն է՛լ աւելի ծանր վիճակի մէջ է դնում ընտանիքներին։
Իրաւապաշտպանը գերիների հարազատներից տեղեկութիւններ է ստացել, որ ադրբեջանական բանտում պահուող հայ պատանդներից ոմանք նաեւ վնասուածքներ ունեն։ Սակայն հնարաւոր չէ ճշտել՝ արդեօք բռնութեան հետեւանքո՞վ են այդ վնասուածքները հասցուել։
«Ահազանգեր ենք ստացել գերիների շրջանում լուրջ վնասուածքների վերաբերեալ»,– ասել էր Սահակեանը։
Ադրբեջանի իշխանութիւնների պահանջով անցած տարի փակուեց Բաքւում գործող Կարմիր Խաչի գրասենեակը, եւ հայ պատանդների պահման ու առողջական վիճակի մասին անկախ տեղեկատուութիւն ստանալու հնարաւորութիւն չկայ։
