Խորհրդարանում 60 պատգամաւոր քուէարկում են մէկ մարդու՝ իսկական «կոմունիստների» նման…

Խորհրդարանում 60 պատգամաւոր քուէարկում են մէկ մարդու՝ իսկական «կոմունիստների» նման…

Արմինէ Օհանեան

Դուք նկատեցի՞ք՝ ինչպէս Հայաստանի երրորդ հանրապետութիւնը ժխտող, «չորրորդ հանրապետութիւն» կառուցող եւ առաջիկայ 5 տարուայ իբրեւ թէ զարգացման ծրագիր կազմող մարդը մեզ նորից յետ տարաւ 2018 թ., նոյնիսկ աւելի յետ՝ 90-ականներ եւ անգամ սովետական տարիներ…

Հիմա մենք ոչ թէ քննարկում ենք այսօրուայ իրավիճակը, մեր երկրի առջեւ այսօր կանգնած խնդիրները, այլ նորից վերադարձել ենք 18 թուի նարատիւներին՝ թալան, թալանի վերադարձ, նախկիններ, 20-30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւններ, դրանց մեղաւորների փնտրտուք… Քոչարեանը կը նստի, թէ Սերժ Սարգսեանը, Յովիկ Աբրահամեանի ունեցուածքը կը խլեն, թէ Գագիկ Բեգլարեանինը…

Անգամ 2020-23 թուականներին տեղի ունեցած աղէտն ենք մոռացել եւ ոչ թէ դրա մեղաւորներին ենք փնտրում (որը շատ աւելի բնական կը լինէր), այլ 2008 թ. մարտի 1-ին, 27 տարի առաջ՝ 99 թուի հոկտեմբերի 27-ին կատարուածի։ Քննարկում ենք 1990-91 թուերի իրադարձութիւնները… Անկախութեան հռչակագիր, Ալմա-Աթայի համաձայնագիր, պրիւատիզացիա… սա է Փաշինեանի «իրական Հայաստանը»։

Իսկ իշխանութեան ձեռագիրը ոչ թէ 90-ականների, այլ աւելի ու աւելի շատ սովետական վատ շրջանների ձեռագրին է նմանւում՝ ռեպրեսիաներ, երկրում զօրանոցային հնազանդութիւն, խօսքի ազատութեան սահմանափակումներ, այլախոհների ու հոգեւորականների կալանքներ, մէկ միասնական կարծիքի տիրապետութիւն, դատարանների ու դատախազութեան կախուածութիւն «Պոլիտբիւրոյից», վերեւից իջեցուած դատավճիռներ, պաշտօն ստանալու համար պարտադիր պէտք է լինես Կոմկուսի (ՔՊ-ի) անդամ, Կենտկոմի նիստերի (ՔՊ վարչութեան) համր հեռարձակումներ, խորհրդարանում 60 պատգամաւոր քուէարկում են մէկ մարդու՝ իսկական «կոմունիստների» նման…

Բայց նոյնիսկ սովետի ժամանակ Կոմկուսի Կենտկոմն այսքան բացայայտ ու լկտի ձեւով հրահանգներ չէր իջեցնում իրաւապահներին, պաշտօնական աշխատավարձից դուրս պարգեւավճարներ չէին բաժանում իրենց, ինչ անում էին՝ թաքուն էին անում, գոնէ ֆորմալ պահում էին օրէնքի տառը։

Իրաւական բեսպրեդելի, ծեծ ու ջարդերի, սպանութիւնների քանակով, կապիտալի վերաբաշխմամբ էլ 2026-ը նմանուել է 90-ականներին։ Իսկ այ մասնաւորից գոյք խլելու, գործող արտադրութիւնները պետականացնելու փորձերն արդէն սովետական իրականութիւնից են վերցուած։ Այնպէս որ՝ «առաջ պոռալով՝ յետ-յետ կ՚երթանք»։ Տեսնենք՝ մինչեւ ուր…

Ես դէմ չեմ, իհարկէ, պատմութիւնը յիշելուն, պատմական դասերը սերտելուն ու հետեւութիւններ անելուն (մանաւանդ առաջին մասնագիտութեամբ պատմաբան եմ)։ Աւելին՝ ժամանակին դէմ էի սովետական անցեալը ջնջելու յեղափոխական էնտուզիազմին, օրինակ՝ իմ հայրենի Կիրովականը՝ Վանաձոր, Մարքսի փողոցը՝ Խորենացի, Կրուպսկայայի դպրոցը՝ Նիկոլ Աղբալեան դարձնելուն։ Կարծում էի, որ դա մեր պատմութիւնն է, եւ հնի հետքերն այդպէս հապճեպ ջնջելը քո պատմութիւնից հրաժարուելու, կատարուածը խմբագրելու է շատ նման։

Բայց այսօրուայ «յետդարձը» ուրիշ բան է՝ սա հին վէրքերը քչփորելով՝ նոր վէրքերը քօղարկելու համար է արւում։ Անցեալի վատ յուշերը շահարկելով՝ այսօրուայ վատը մթագնելու, մարդկանց յոգնած ուղեղը բռնաբարելու համար, որ իրականութիւնը չտեսնեն, չհասկանան՝ ինչ է կատարւում, շարունակ վերադառնան անցեալին եւ այսօրուայ սխալների ու վատի համար մեղադրեն 20-30-40 տարի առաջ պաշտօնավարած նախագահներին, պաշտօնեաներին…

Նկարում՝ ՀԽՍՀ Գերագոյն խորհրդի վերջին նիստերից մէկն է։ Մեզ թւում էր՝ մէկ մարդու նման վերեւից իջած հրահանգով քուէարկելու ժամանակներն այլեւս երբեք չեն վերադառնալու… աւա՜ղ։

Share