Տիգրանաշէնի յանձնումը կը կտրի Հայաստանի հարաւային զարկերակը. հարցազրոյց ինժեներ-քարտէզագէտ Ռուբէն Գալչեանի հետ

Տիգրանաշէնի յանձնումը կը կտրի Հայաստանի հարաւային զարկերակը. հարցազրոյց ինժեներ-քարտէզագէտ Ռուբէն Գալչեանի հետ

Տիգրանաշէնի յանձնումը կը կտրի Հայաստանի հարաւային զարկերակը

«Անկլաւների վերադարձը կամ փոխանակումը աբսուրդային լոգիստիկ փակուղի ու հսկայական ճգնաժամ կը ստեղծի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրոյցում նշեց ինժեներ-քարտէզագէտ Ռուբէն Գալչեանը։

Նիկոլ Փաշինեանն օգոստոսի 20-ի ճեպազրոյցում անդրադարձել է Տիգրանաշէնի տարածքային պատկանելութեանը եւ խորհրդային շրջանի անկլաւների խնդրին՝ նշելով. «Քարտէզների վրայ Արծուաշէնը Հայաստանի տարածք է, Քեարքին, Բարխուդարլուն եւ Եուխարի Ասկիպարանն Հայաստանի տարածք չեն, եւ այն փաստ է, որի հետ մենք պէտք է առնչուենք»։

Այս յայտարարութիւնների, իրաւական եւ քարտէզագրական հիմքերի, ինչպէս նաեւ սահմանազատման գործընթացում հնարաւոր ռիսկերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ինժեներ-քարտէզագէտ Ռուբէն Գալչեանի հետ։

Ռուբէն Գալչեան — Տիգրանաշէնը եւ նախկին ԽՍՀՄ շրջանում ձեւաւորուած անկլաւները փաստացի սահմանուել են խորհրդային զինուորական շտաբների կողմից՝ առանց առանձին բարձրագոյն միջպետական վաւերացման փաստաթղթերի, սակայն Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։

Panorama.am — Իրաւական եւ քարտէզագրական ի՞նչ հիմքեր ունեն այս պնդումները, եւ սահմանազատման գործընթացում ո՞ր քարտէզներն են կիրառելի։

Ռուբէն Գալչեան — Տեսէ՛ք, այն հիմնարար քարտէզագրական հիմքերը, որոնց վրայ այսօր յղում ենք կատարում սահմանների գծման համար, մշակուել են ԽՍՀՄ զինուորական գլխաւոր շտաբի կողմից։ Մասնաւորապէս, 1969–1970-ական թուականներին կազմուած եւ համապատասխանաբար երկկողմանի՝ Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների մակարդակով վաւերացուած քարտէզներն են ընդունուել որպէս ելակէտ։ Այդ քարտէզների համաձայն՝ անկախութեան հռչակման պահին Հայաստանի տարածքում դէ իւրէ գտնուել են ադրբեջանական երեք անկլաւներ (Տիգրանաշէնը, Վերին Ասկիպարան եւ Բարխուդարլուն), իսկ Ադրբեջանի տարածքում՝ հայկական Արծուաշէն էքսկլաւը։

Այդուհանդերձ, պէտք է արձանագրել, որ անկլաւների գոյութեան սկզբնական իրաւական հիմնաւորումը՝ որպէս առանձին միջազգային իրաւական ակտ, բացակայում է․ դրանք պարզապէս տեղագրական եւ վարչական սահմանագծման արդիւնք էին միեւնոյն միութենական պետութեան ներսում։ Խորհրդային ժամանակաշրջանում, երբ հանրապետութիւնների միջեւ վարչական սահմանները պայմանական էին, տնտեսական կապերը՝ ինտեգրուած, իսկ ենթակառուցուածքները՝ միասնական, այդ անկլաւների բնակիչներն անարգել օգտւում էին հարեւան հանրապետութեան ռեսուրսներից՝ ջրից, գազից, էլեկտրաէներգիայից, ճանապարհներից։

Սակայն այսօր, երբ երկու պետութիւնները դեռեւս չունեն լիարժէք միջպետական եւ սահմանային փոխճանաչման համաձայնագրեր անվտանգութեան ոլորտում, անկլաւների առկայութիւնը ստեղծում է լոգիստիկ եւ իրաւական աբսուրդային փակուղի։ Ադրբեջանական կողմն իրաւականօրէն հնարաւորութիւն չունի անարգել հատելու Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ իր անկլաւ հասնելու համար, եւ հակառակը՝ Հայաստանը չի կարող ապահովել դէպի Արծուաշէն անխոչընդոտ մուտք եւ կոմունալ-ենթակառուցուածքային մատակարարումներ Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնուող տարածքներով։

Աւելին, եթէ Տիգրանաշէնը փոխանցուի Ադրբեջանին, անմիջապէս կտրուելու է Հայաստանի հարաւային հատուածը՝ Վայոց ձորն ու Սիւնիքը մայրաքաղաքին կապող միջպետական ռազմավարական մայրուղին։ Այլընտրանքային գիւղական ճանապարհները, որոնք անցնում են Վեդի քաղաքի կենտրոնով եւ վեց գիւղերի միջով, ֆիզիկապէս ի վիճակի չեն սպասարկելու օրական հազարաւոր ծանր բեռնատարների, նաւթատարների եւ մեծաքանակ տրանսպորտային միջոցների հոսքը։

Տիգրանաշէնում ներկայումս առկայ է սահմանափակ թուով հայաբնակ տնտեսութիւն՝ 6-7 ընտանիք, իսկ նախկինում այնտեղ ապրել է 8-10 ադրբեջանական ընտանիք։ Եթէ անգամ տեսականօրէն պատկերացնենք բնակչութեան տեղաշարժ, ապա ադրբեջանցի բնակիչները տեղում բախուելու են կենսական ենթակառուցուածքների՝ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ մատակարարման լիակատար բացակայութեան խնդրին, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող այդ համակարգերը չեն կարող սպասարկել օտարերկրեայ անկլաւը։

Հետեւաբար, միակ տնտեսագիտօրէն եւ լոգիստիկօրէն գործունակ լուծումը, որը քննարկուել է դեռեւս խորհրդային տարիներին, տարածքների փոխանակման սկզբունքն է։

Panorama.am — Խնդրեմ, մանրամասնէք Արծուաշէնի եւ անկլաւների փոխանակման հնարաւոր մաթեմատիկական ու աշխարհագրական հաշուեկշիռը։

Ռուբէն Գալչեան — Տարածքային առումով դրանք անհամաչափ մեծութիւններ են։ Մասնաւորապէս, Տիգրանաշէնի տարածքը կազմում է մօտ 5-6 քառակուսի կիլոմետր, մինչդեռ Արծուաշէնինը՝ շուրջ 40 քառակուսի կիլոմետր։ Սակայն հաշուարկի մէջ պէտք է ներառել նաեւ Տաւուշի մարզում գտնուող միւս երկու ադրբեջանական անկլաւները՝ Վերին Ասկիպարան եւ Բարխուդարլուն։

Եթէ Հայաստանը վերցնի Տիգրանաշէնը եւ Տաւուշի երկու անկլաւները, եւ դրանց դիմաց Ադրբեջանին փոխանցուի Արծուաշէնը, սա կը լինի միակ խելամիտ եւ գործնական փոխհատուցման տարբերակը։ Հակառակ պարագայում, առանց փոխանակման, մենք ունենալու ենք հսկայական անվտանգային ու լոգիստիկ ճգնաժամ, որտեղ անկլաւներում յայտնուած քաղաքացիները զրկուած կը լինեն տեղաշարժի եւ հաղորդակցութեան իրաւունքից։

Ռուբէն Գալչեան — Տրամաբանութիւնը, որ ինչ որ կար, դրանից սկսել, ինչ որ գոյութիւն ունէր, դրանով աշխատել, յետոյ սկսել սահմանազատումը, վերջնականը նոր մեր միջեւ իրականացնել, որի սկիզբը դրուել է, բայց դեռեւս լուրջ գործ չի արւում՝ բացի Տաւուշի 12 կիլոմետրից։

Panorama.am — Շնորհակալութիւն՝ հարցերին պատասխանելու համար։

Share