Երբ սկսում են փոխել պատմութեան հասցէն

Երբ սկսում են փոխել պատմութեան հասցէն

Պատմութիւնը սովորաբար չի կեղծւում մէկ օրում։ Այն նախ վերանւանւում է, յետոյ՝ վերապատմւում, ապա՝ կրկնւում այնքան, մինչեւ մի օր կեղծիքը սկսում է թւալ սովորական գիտելիք։

Ադրբեջանի՝ հայկական պատմամշակութային ժառանգութիւնը սեփականացնելու քաղաքականութիւնը վաղուց նորութիւն չէ։ Հայկական եկեղեցիները նախ ներկայացւեցին որպէս «աղւանական», յետոյ՝ որպէս ոչ հայկական յուշարձաններ, իսկ յաջորդ փուլում դրանց հայկական ծագումն այլեւս նոյնիսկ չյիշատակւեց. դրանք պարզապէս տեղադրւեցին Ադրբեջանի պատմական տարածքի մէջ։ Այսինքն՝ պատմական ինքնութիւնը չհերքւեց միայն. այն փոխարինւեց։

Այսօր այդ մեխանիզմը կարծես մտնում է նոր փուլ։

Եթէ նախկինում պէտք էր համոզել, որ հայկական եկեղեցին հայկական չէ, այսօր աւելի յարմար է պատմել մի ուրիշ պատմութիւն. եկեղեցին կանգնած է հեռաւոր, բնակչութիւնից զուրկ մի վայրում, իսկ այդ վայրը ներկայացւում է, որպէս հին թուրքական բերդ կամ թուրքական պատմութեան հետ կապւած տարածք։ Եկեղեցին այդ պատմութեան մէջ յայտնւում է գրեթէ պատահաբար՝ որպէս հետագայում այստեղ հասած քրիստոնեաների կառուցած շինութիւն։

Տրամաբանութիւնը փոխւում է։ Նպատակը՝ ոչ։

Սա պատմութեան վերաշարադրութեան ամենաարդիւնաւէտ ձեւերից մէկն է։ Որովհետեւ քարոզչութիւնը միշտ չէ, որ պէտք է փաստը բացայայտօրէն հերքի։ Բաւական է փաստի շուրջ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրա իրական նշանակութիւնը աստիճանաբար անտեսանելի կը դառնայ։

Եւ այստեղ է, որ խնդիրը դուրս է գալիս «Ադրբեջանի» սահմաններից։

Մենք ապրում ենք սոցիալական ցանցերի ժամանակաշրջանում, որտեղ պատմական գիտելիքը մեծ մասամբ այլեւս չի ձեւաւորւում գրքից, արխիւից կամ մասնագիտական ուսումնասիրութիւնից։ Այն ձեւաւորւում է մի քանի տողից, մի լուսանկարից, մի տեսանիւթից, մի քարտէզից, երբեմն՝ մի բառից։ Այդ ամէնը կարող է դառնալ ենթագիտակցութիւնը նախապատրաստող նիւթ։ Այսօր ընթերցողը տեսնում է «աղւանական եկեղեցի», վաղը՝ «թուրքական տարածքում գտնւող քրիստոնէական յուշարձան», իսկ մի քանի տարի անց կարող է այլեւս չհարցնել՝ իսկ որտե՞ղ է այստեղ հայը։

Պատմական յիշողութեան փոփոխութիւնը հէնց այդպէս է տեղի ունենում՝ ոչ թէ մեծ մի ստով, այլ հազար փոքր ենթադրութիւններով։

Այդ պատճառով «Հայաստանի լռութիւնն» այս հարցում առնւազն տարօրինակ է։

Աւելին՝ տարօրինակ է, երբ նոյն ժամանակ Հայաստանում պատմութեան շուրջ ակադեմական դաշտը կարող է ստեղծել իրավիճակներ, որոնք, անկախ դրանց գիտական նպատակներից, արտաքին դիտորդի համար կարող են ընկալւել որպէս Ադրբեջանի պատմութիւնն առանձին, չէզոք եւ անխնդրայարոյց գիտակարգ ներկայացնելու քայլ։ Երեւանի Պետական համալսարանում (ԵՊՀ), օրինակ, «Ադրբեջանի պատմութիւն» առանձին դասընթացի գոյութիւնը ինքնին խնդիր չէ. «Ադրբեջանի պատմութիւնն» ուսումնասիրելը ակադեմիական անհրաժեշտութիւն է։ Խնդիրն այնտեղում է, որտեղ պատմութեան ուսումնասիրութիւնը բաժանւում է այն քաղաքական եւ գաղափարական միջավայրից, որի մէջ այդ պատմութիւնը այսօր օգտագործւում է։

Հակասութիւնը, ի դէպ, նոյն համալսարանի ներսում էլ տեսանելի է։ ԵՊՀ-ի գիտական հրապարակումներում կան ադրբեջանական պատմագրութեան խեղաթիւրումները քննադատող եւ փաստագրող լուրջ աշխատանքներ։ Ոչ թէ՝ գիտական ուսումնասիրութեան մէջ է խնդիրը, այլ գիտութեան եւ քարոզչութեան միջեւ սահմանումների պահպանելու մէջ է։

Որովհետեւ երբ մի պետութիւն տարիներ շարունակ փորձում է փոխել եկեղեցիների, վանքերի, խաչքարերի եւ պատմական բնակավայրերի ինքնութիւնը, լռութիւնը այլեւս չէզոքութիւն չէ։

Իսկ նման բացթողումները պատմութեան մէջ երկար չեն մնում դատարկ։ Ինչ-որ մէկը գալիս ու լցնում է դրանք իր պատմութեամբ։

Այսօր Ադրբեջանը փորձում է դա անել Արցախում։ Փորձում է նոյնիսկ՝ Հայաստանի պատմական տարածքների վերաբերեալ իր նոր ձեւակերպումներով անել դա։ Փորձում է նոյն լեզուն տարածել նաեւ Իրանի եւ Թուրքիայի տարածքում գտնւող հայկական պատմամշակութային ժառանգութեան շուրջ։ Ադրբեջանի պետական աղբիւրներում արդէն իսկ տեսանելի է այն պատմական շրջանակը, որով Կովկասի քրիստոնէական ժառանգութիւնը ներկայացւում է որպէս Ադրբեջանի ժառանգութիւն, իսկ հայկական ներկայութիւնը՝ որպէս դրա հետագայ իւրացում։

Այնպէս, որ սա այլեւս միայն յուշարձանների մասին վէճ չէ։

Սա այն մասին է, ում է վերապահւած անցեալը պատմելու իրաւունքը։

Եւ եթէ այսօր մենք լռում ենք, որովհետեւ «բոլորը գիտեն, որ այդ եկեղեցին հայկական է», վաղը վերջապէս կը հասկանանք, որ բոլորը չէ, որ գիտակցում ու հաստատում են մեր պատմութիւնը, կամ չեն կիսում մեր մասին՝ Բաքւի նարատիւը(պատմուածքը):

Այնպէս, որ պատմութիւնը միայն քարերը չեն, որ պահում են իրենց լուռ «ծանրութեամբ», այն պահպանւում է, յատկապէս, տարածւող ու տարածւած անունով։

Երբ փոխւում է անունը, գուցէ առաջին հայեացքից շատ բան չի պատահում։ Բայց երբ սխալը տասնամեակներ շարունակ կրկնւում է, մի օր այն սկսում է փոխարինել յիշողութեանը։

Այդ օրը պատմութիւնն արդէն իրական անցեալի յիշողութեան մասին չէ։ Այն սկսում է դառնալ դրա ներկան։

Հատիս

Share