Բաքուից ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու եւ Արցախի հարցը վերջնականապէս փակելու պահանջներին զուգահեռ, ակտիւութիւն են դրսեւորում նաեւ արցախցի քաղաքական գործիչները։
Մեր տեղեկութիւններով, յուլիսի վերջերին բուռն քննարկումներ են տեղի ունեցել Արցախի ներկայացուցչութիւնում, որին մասնակցել են Արցախի պետական պաշտօնեաներ, հանրային գործիչներ, պառլամենտականներ։ Հանդիպման օրակարգում երկու հարց է քննարկուել՝ Արցախի նախագահի եւ Արցախի ԱԺ նախագահի ընտրութեան հարցը։
Յիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիէլեանը, որը նաեւ կատարում էր նախագահի պարտականութիւնները, յուլիսի 2-ին պաշտօնից հրաժարական ներկայացրեց։ Նա յայտարարել էր, որ որոշումը կայացրել է «երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցութիւններից» յետոյ, ընդգծել էր, որ պաշտօնը ստանձնել էր պետական ինստիտուտների շարունակականութիւնն ապահովելու նպատակով, սակայն նշել էր, որ անհրաժեշտ միասնականութեան եւ ընդհանուր պատասխանատուութեան բացակայութեան պայմաններում մէկ կամ մի քանի անձինք չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։
Դանիէլեանն Արցախի ԱԺ նախագահի պաշտօնը ստանձնել էր 2025 թուականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքւում գերեվարուած Դաւիթ Իշխանեանին։ Իսկ դրանից յետոյ, երբ լրացան նախագահի լիազօրութիւնները, եւ Շահրամանեանը թեկնածութիւն չառաջադրեց, նախագահի պարտականութիւններն էլ անցան Դանիէլեանին։ Ինչեւէ, ստացւում է, որ Դանիէլեանի հրաժարականի արդիւնքում երկու պաշտօն թափուր է մնացել, եւ վտանգուած է ԱՀ պետական ինստիտուտների շարունակականութեան հարցը։
Մեզ պատմեցին, որ յուլիսի վերջերին տեղի ունեցած քննարկմանը ներկայ են եղել պետնախարար Նժդեհ Իսկանդարեանը, հասարակական գործիչ Անաստաս Իսկանդարեանը, այլ գործիչներ, պատգամաւորներ, սակայն յատկապէս ակտիւ են եղել նշուած երկուսը՝ պահանջելով խորհրդարանից՝ օր առաջ լուծել թափուր պաշտօնները համալրելու հարցը։ Աւելին՝ Սամուէլ Բաբայեանի երբեմնի թիմակից Գագիկ Բաղունցն ԱՀ նախագահի պաշտօնում ներկայացրել է Նժդեհ Իսկանդարեանի թեկնածութիւնը, սակայն խորհրդարանականները քաղաքակիրթ մերժել են՝ շեշտելով, որ պէտք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Արցախի նախագահին ընտրի ժողովուրդը՝ արցախցիները․ դա է միակ լեգիտիմ ճանապարհը։ Իսկ ԱԺ նախագահի պաշտօնն էլ սոյն անձը չի կարող զբաղեցնել, քանի որ, Արցախի գործող իրաւակարգաւորումների համաձայն, ԱԺ նախագահի թեկնածու կարող է առաջադրուել եւ նախագահ ընտրուել խորհրդարանի պատգամաւորներից մէկը։ Աւելի վաղ գրել էինք, որ խորհրդարանականներից որեւէ մէկը չի ցանկանում պատասխանատուութիւն ստանձնել՝ հաշուի առնելով ՀՀ իշխանութիւններից եկող վտանգները։
Այդուհանդերձ, արցախցիները որոշել են օգոստոսի 18-ին կրկին հաւաքուել Արցախի ներկայացուցչութիւնում, եւ բոլոր խմբակցութիւնները հանդէս գան իրավիճակի վերաբերեալ յստակ ծրագրով, իրենց տեսլականով, թէ ով ինչպէս է պատկերացնում հարցի լուծումը, եւ, որ ամենակարեւորն է, պէտք է անյապաղ լուծում տալ եւ խորհրդարանի խօսնակ ընտրել։
Մեզ ասացին, որ գլխաւոր ինտրիգն այն է, որ պէտք է լինի անառարկելի թեկնածու, որը կը կարողանայ կոնսենսուս ձեւաւորել։ Խնդիրը միայն մէկ օրուայ ընտրութիւնը, 17 մանդատը չեն, այլ այն, որ դրանից յետոյ էլ տուեալ մարդը կարողանայ նիստեր հրաւիրել, քուորում ապահովել, որոշումներ ընդունել։
ՀԳ․ Երէկ ծագումով արցախցի փաստաբան Ռոման Երիցեանը յայտարարութեամբ հանդէս եկաւ․ «Հայաստանում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութեան շէնքից Արցախին սեփականազրկելու վերաբերեալ վճռի դէմ իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է քննել գրաւոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակումը նշանակել է սոյն թուականի նոյեմբերին։ Այս արագութիւնը Վերաքննիչ վարչական դատարանի համար պարզապէս կայծակնային է… Մենք իրաւունք չունենք լուռ հետեւելու, թէ ինչպէս է Արցախը տարածքային կորստից եւ բռնի տեղահանումից յետոյ, հիմա արդէն նաեւ Հայաստանում զրկւում իրեն պատկանող վերջին գոյքից ու ինստիտուցիոնալ ներկայութիւնից։
Չի՛ կարելի թոյլ տալ, որ Արցախը վերջնականապէս սեփականազրկուի։
Չի՛ կարելի թոյլ տալ, որ քայլ առ քայլ վերացուեն Արցախի պետականութեան վերջին հետքերը։
Չի՛ կարելի թոյլ տալ, որ մի օր պարզապէս արձանագրենք՝ Արցախն այլեւս ոչինչ չունի»։
