Պարտուողական-կապիտուլեացիոն դիւանագիտութեան հետքերով

Մինչ պաշտօնական Հայաստանի քաղաքական օրակարգում Պաքւում բռնադատուող եւ խոշտանգուող հայ ռազմագերիների ու այլ պահուող անձանց վերադարձի հարցը պարզապէս գոյութիւն չունի, մինչ պաշտօնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան խնդիրը, մինչ պաշտօնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում է կամ, աւելին, խոչընդոտում եւ մերժում է բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան ցեղասպանութեան հարցը, մինչ պաշտօնական Հայաստանը չի խօսում արցախահայութեան վերադարձի իրաւունքի մասին, մինչ վարչախումբը պաշտօնապէս յայտարարում եւ գլխաւորում է մեր ինքնութեան հենասիւնն հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցու դէմ թշնամական արշաւը՝

արհեստական եւ ցեղասպան պետութիւն Ազրպէյճանը շարունակում է իւրացնել մեր հազարամեայ ժառանգութիւնը՝ միջազգային հարթակներում ամրապնդելով այսպէս կոչուած «Արեւմտեան Ազրպէյճան»-ի խօսոյթն ու գաղափարախօսութիւնը։

Օրերս Փրակայի կեդրոնական հրապարակում ազրպէյճանական շրջանակների կողմից կազմակերպուած բացօթեայ ցուցահանդէսում ցուցադրուել էին մի շարք պատմական լուսանկարներ Արցախից եւ Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպէս, իբր, ազրպէյճանցիների «պատմական հայրենիքում մշակութային ներկայութեան վաւերագրութիւններ»։

Ինչպէս ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պարտուողական-կապիտուլեացիոն դիւանագիտութեան եւ նրա օրակարգերում մեր ինքնութեան ու իրաւունքների պաշտպանութեան իսպառ բացակայութեան պայմաններում ագրեսոր Ազրպէյճանն անցել է յարձակողական եւ ծաւալապաշտական քաղաքականութեան՝ իւրացնելով մերը, հայկականը՝ տարածքներից մինչեւ քաղաքակրթական ժառանգութիւն։

Հայկական հետքի, հայկականութեան ջնջումը Ազրպէյճանում պաշտօնական քաղաքականութիւն է, որ ուղղորդւում եւ կառավարւում է անձամբ նախագահի կողմից։

Ազրպէյճանն աշխատում է, նրա դիւանագիտութիւնը ագրեսիւ է եւ նախաձեռնող։ Միջազգային հարթակներում, Հայաստանի իշխանութիւնների կանաչ լոյսի ներքոյ, Ազրպէյճանը հետեւողականօրէն լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանութիւնը՝ ներառեալ հոգեւոր-մշակութային ցեղասպանութիւնը։

Այս ընթացքում Հայաստանում աւելի է կարծրանում բանտ-պետութիւնը, որտեղ հալածւում են ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ այլախոհ միտքը։

Պաշտօնական Հայաստանն այսպիսով, մի կողմից, խլացնում է ազրպէյճանաթրքական իրական սպառնալիքը, իսկ միւս կողմից՝ վախի եւ իրաւական կամայականութեան մթնոլորտում ճզմում է հանրութեան կամքը։

Այս ամէնը գին ունի, եւ այդ գինը վճարելու ենք բոլորս։ «Արեւմտեան Ազրպէյճան» հայեցակարգն արդէն մուտք է գործել նաեւ մեր տարածքներ… Կոյր պէտք է լինել՝ սա չտեսնելու համար։

Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share