Դատախազութիւնը պատրաստւում է միջնորդութիւններ ներկայացնել Իշխան Սաղաթելեանի եւ Նարէկ Կարապետեանի վերաբերեալ

Դատախազութիւնը պատրաստւում է միջնորդութիւններ ներկայացնել Իշխան Սաղաթելեանի եւ Նարէկ Կարապետեանի վերաբերեալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թէեւ նոր ձեւաւորուած Ազգային ժողովը դեռ ամբողջութեամբ չի սկսել իր աշխատանքը եւ ամբողջովին չի կազմաւորուել, արդէն գործընթացներ են սկսուել պատգամաւորների նկատմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ ՀՀ գլխաւոր դատախազ Աննա Վարդապետեանն այս օրերին աշխատում է ընդդիմադիր երկու պատգամաւորների վերաբերեալ միջնորդութիւնների վերջնական փաթեթների վրայ եւ մտադիր է դրանք ներկայացնել արդէն նոր ձեւաւորուած խորհրդարանին։

Մեր աղբիւրների փոխանցմամբ՝ խօսքը վերաբերում է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանին եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Նարէկ Կարապետեանին։

«Ժողովուրդ»-ի տեղեկութիւններով՝ երկու միջնորդութիւնների վրայ աշխատանքն արդէն աւարտական փուլում է։ Մեր զրուցակիցների պնդմամբ՝ դատախազութիւնում փաստաթղթերի նախապատրաստման հիմնական աշխատանքներն արդէն իրականացուել են, եւ նախատեսւում է, որ դրանք կը ներկայացուեն Ազգային ժողովին՝ վերջինիս լիարժէք կազմաւորումից յետոյ։

Թէ յատկապէս ինչ իրաւական հիմքերով են պատրաստւում ներկայացուել այդ միջնորդութիւնները, ինչ քրէական վարոյթների շրջանակում են դրանք կազմւում եւ ինչ գործողութիւններ են նախատեսւում պատգամաւորների նկատմամբ, առայժմ պաշտօնապէս չի հրապարակւում։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս տեղեկութիւնների առնչութեամբ պաշտօնական մեկնաբանութիւն ստանալ ՀՀ գլխաւոր դատախազութիւնից՝ խնդրելով պարզաբանել, թէ արդեօք իսկապէս նման միջնորդութիւններ են նախապատրաստւում, որոնք են դրանց իրաւական հիմքերը եւ ինչ փուլում են գտնւում գործընթացները։

Սակայն դատախազութիւնից մեզ խորհուրդ են տուել հարցերն ուղարկել գրաւոր։

«Ժողովուրդ»-ն արդէն գրաւոր ուղարկել է իր հարցադրումները ՀՀ գլխաւոր դատախազութիւն եւ պատրաստ է ամբողջութեամբ հրապարակել ստացուած պատասխանը՝ այն ստանալուն պէս։

Մինչ այդ յիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախկինում հրապարակային ելոյթներում կոշտ գնահատականներ է հնչեցրել ընդդիմութեան հասցէին՝ նրանցից մի քանիսին բնորոշելով որպէս «պատերազմի եռագլուխ կուսակցութիւններ»։ Այդ քաղաքական գնահատականներին յաջորդել են իրաւական հետապնդումներն ու բանտարկութիւնները։

Փաստօրէն, դրանք շարունակուելու են․ Փաշինեանը, ըստ հրապարակման մէջ ներկայացուած պնդումների, մտադիր է իր ընդդիմախօսներին հերթով բանտ ուղարկել»։

Share