Արթուր Խաչատրեան․ «Մեր ազգային շահերից է բխում, որ հնարաւորինս շատ երկրներ ճանաչեն եւ դատապարտեն Հայոց Ցեղասպանութիւնը»

Արթուր Խաչատրեան․ «Մեր ազգային շահերից է բխում, որ հնարաւորինս շատ երկրներ ճանաչեն եւ դատապարտեն Հայոց Ցեղասպանութիւնը»

«Որոշ մարդկանց մօտ գուցէ շոք առաջացրեց, բայց դա սպասելի էր։ Ի՞նչ քաղաքական նպատակ է հետապնդում Իսրայէլը՝ դա իրենց գործն է։ Մեր ազգային շահերից է բխում, որ հնարաւորինս շատ երկրներ ճանաչեն եւ դատապարտեն Հայոց Ցեղասպանութիւնը»,– «Առաւօտ»-ի «Այլ օրակարգ» հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ խօսելով Իսրայէլի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ նախագծի հաստատման մասին։

Նա նշել է, որ հարցը դեռ պէտք է քննարկուի եւ հաստատուի Քնեսեթի կողմից։ Հարցին, թէ ի՞նչ պէտք է անի Հայաստանի կառավարութիւնը, որը հրաժարուել էր Ցեղասպանութեան ճանաչման օրակարգից (զրոյցի պահին Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնն այս հարցի վերաբերեալ դեռ չէր հնչել), Խաչատրեանը պատասխանել է.

«Ուզո՞ւմ էք, որ ես իրենց այդ անհարմար վիճակից հանեմ»,– ապա յաւելել է. «Զանգեցէ՛ք Արարատ Միրզոյեանին։ Ես լինէի իրենց փոխարէն, հենց Քնեսեթը հաստատէր, իհարկէ, շնորհակալութիւն կը յայտնէի եւ կը շարունակէի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը պահել Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում»։

Այն դիտարկմանը, թէ դա ՔՊ-ի համար քաղաքական ինքնասպանութիւն կը լինի, նա հակադարձել է.

«Եւ՞։ Կարծում էք՝ ես ուրիշ դարդ չունեմ, պէտք է ՔՊ-ի ինքնասպանութեան մասի՞ն մտածեմ»։

Խօսելով նաեւ Սահմանադրական դատարանում ընտրութիւնների արդիւնքները վիճարկող եօթ կուսակցութիւնների դիմումների քննարկման մասին՝ Արթուր Խաչատրեանն ասել է.

«Երբ դատաւորներից որեւէ մէկը չվիճարկեց կամ հարց չբարձրացրեց Սեդա Սաֆարեանի մասնակցութեան վերաբերեալ, արդէն կարելի էր ասել, որ ամբողջ գործընթացը պատուեց անվստահութեան շղարշով։ Սեդա Սաֆարեանը ոչ պակաս շահագրգռուած անձ է, քան Վլադիմիր Վարդանեանը կամ Արտակ Զէյնալեանը։ Նրա մասնակցութիւնն արդէն իսկ նուազեցնում է, գոնէ այս հարցում, Սահմանադրական դատարանի անաչառ լինելու նկատմամբ վստահութիւնը։ Բացի այդ, նա հարցեր էր տալիս, որոնք իրենց բնոյթով քաղաքական էին։ «Երեք ուժերը, Պուտինի յայտարարութիւնը»… Այդ «երեք ուժերը» հենց Նիկոլ Փաշինեանի «պատերազմի եռագլուխ կուսակցութեան» նարատիւի կրկնութիւնն է»։

Այն դիտարկմանը, որ Սահմանադրական դատարան դիմելու պահին բոլորի համար յայտնի էր, թէ այդ կառոյցը վստահութեան խնդիր ունի, քանի որ դրա կազմը նշանակուել էր ՔՊ-ի իշխանութեան օրօք, Խաչատրեանը պատասխանել է.

«Դա է իրականութիւնը, դա է Սահմանադրական դատարանը։ Վերջին ատեանը իրենք են։ Այլ կառոյց չկայ։ Կայ գործընթաց, որը, ուզես թէ չուզես, պէտք է անցնես։ Հիմա ի՞նչ՝ չբողոքե՞լ, որպէսզի ասեն՝ դուք հաշտ էիք ընտրութիւնների արդիւնքների հետ, դրա համար չէ՞ք բողոքել»։

Հարցին, թէ Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ ի՞նչ է ակնկալւում, նա պատասխանել է.

«Թող գործընթացն անցնենք, տեսնենք՝ ինչպէս է անցնում, յետոյ մենք կը կողմնորոշուենք եւ հանրութեանը տեղեակ կը պահենք»։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share