Խաղաղութեան կոչերը պէտք է ենթադրեն իրական եւ արդար խաղաղութիւն։ Սակայն այն, ինչ այսօր Վաշինգտոնում փորձում են ներկայացնել որպէս «խաղաղութեան համաձայնագիր», իրականում Ադրբեջանի յանցագործութիւնների պահպանութիւն է, անցեալ պատերազմի օրինականացում եւ յաջորդը սկսելու քարտ-պլանշ։ Այս մասին Քեփիթոլ Հիլի վրայ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի ղեկավարը շեշտել է, որ պարտադրուող կեղծ խաղաղութիւնն ամրագրում է Բաքուի տարածքային ձեռքբերումները, զրկում է փախստականներին իրենց տները անվտանգ վերադառնալու իրաւունքից եւ փաստացի ազատ ժողովրդին պահում իր պատմական հայրենիքից դուրս։ Աւելին, նման սցենարը խրախուսում է ագրեսորին ամերիկացի հարկատուների միջոցներով։
«Յիշէ՛ք իմ խօսքերը․ Ադրբեջանի նոր պատերազմը կը ֆինանսաւորուի ամերիկեան միջոցների հաշուին՝ հակառակ ԱՄՆ շահերին, ինչը կը հանգեցնի էլ աւելի մեծ տարածքային կորուստների»,– նախազգուշացրել է Համբարեանը։
Նա առանձնապէս ընդգծել է, որ Բաքուի ագրեսիւ քաղաքականութեան անբաժանելի մասը բռնագրաւուած տարածքներում քրիստոնէական սրբավայրերի եւ մշակութային-պատմական ժառանգութեան ծրագրուած ոչնչացումն է։ Նրա խօսքով՝ իրական խաղաղութիւնը չի կառուցւում բռնապետութեանը զիջումների վրայ, այլ պահանջում է Ադրբեջանի պատասխանատուութեան ենթարկման ուղղութեամբ յստակ քայլեր՝ սկսած Վաշինգտոնից։
Արամ Համբարեանը կոչ է արել ԱՄՆ կառավարութեանը անհապաղ գործի դնել ճնշման կոշտ լծակներ՝ ապահովել 907-րդ յօդուածի լիարժէք կիրառումը, ուղղակի պատժամիջոցներ սահմանել Բաքուի վարչակարգի նկատմամբ եւ պահանջել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, որոնք արդէն 1,000 օր ապօրինի կերպով պահւում են պատանդի կարգավիճակում։
«Արդարութիւնը, մարդու իրաւունքներն ու ազատութիւնը այն իրական աղիւսներն են, որոնց վրայ պէտք է կառուցուի իսկական եւ տեւական խաղաղութիւնը։ Եւ մենք չենք նահանջի այս պայքարից»,– եզրափակել է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէնը։
