Մամլոյ ասուլիս Քեփիթոլ Հիլլում՝ նուիրուած ադրբեջանական գերութեան մէջ գտնուող հայ պատանդների 1,000-րդ օրուան

Մամլոյ ասուլիս Քեփիթոլ Հիլլում՝ նուիրուած ադրբեջանական գերութեան մէջ գտնուող հայ պատանդների 1,000-րդ օրուան

Շերման/ՄըքՔլինթոքի նախաձեռնութեամբ՝ երկկուսակցական մամլոյ ասուլիս Քեփիթոլ Հիլլում՝ նուիրուած ադրբեջանական գերութեան մէջ գտնուող հայ պատանդների 1,000-րդ օրուան

— Ներկայացուցիչներ Շերման, ՄըքՔլինթոք, Չու, Ֆրիդման եւ Հայ Դատի գործադիր տնօրէն Արամ Համբարեան ելոյթ կունենան, մինչ Ներկայացուցիչների տան Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը պատրաստւում է քուէարկել Շերման–Մասթ փոփոխութեան շուրջ

ՎԱՇԻՆԿԹԸՆ, Դի.Սի. – Կոնգրէսի Հայկական հարցերով խմբակցութեան փոխնախագահ Բրետ Շերմանը (Դեմոկրատ, Քալիֆորնիա) եւ ներկայացուցիչներ Թոմ ՄըքՔլինթոքը (Հանրապետական, Քալիֆորնիա), Ջուտի Չուն (Դեմոկրատ, Քալիֆորնիա) եւ Լորա Ֆրիդմանը (Դեմոկրատ, Քալիֆորնիա) երեքշաբթի օրը Քեփիթոլ Հիլլում կը կազմակերպեն երկկուսակցական մամլոյ ասուլիս՝ նշելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ղեկավարների, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների ադրբեջանական գերութեան 1,000-րդ օրը։ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը կը խօսի կազմակերպութեան անունից։

Ասուլիսը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ներկայացուցիչների տան Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը պատրաստւում է այս շաբաթ անուանական քուէարկութիւն անցկացնել Ներկայացուցիչների տան Արտաքին ծառայութեան ակտի (H.R. 9086) մէջ ներառուած Շերմանի փոփոխութեան շուրջ, որով Ադրբեջանից պահանջւում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկեալներին։

Այն նաեւ յաջորդում է 2027 ֆինանսական տարուայ Ազգային պաշտպանութեան լիազօրութիւնների ակտին (H.R. 8800) եւ Ազգային անվտանգութեան ու արտաքին գործողութիւնների յատկացումների ակտին (H.R. 8595) ներկայացուած հայկական շահերը պաշտպանող եօթ փոփոխութիւնների առաջադրմանը։ Դրանք ներկայացուել են Կոնգրէսի Հայկական հարցերով խմբակցութեան համանախագահներ Ֆրենք Փալլոնի (Դեմոկրատ, Նիւ Ճըրզի) եւ Կաս Պիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), խմբակցութեան փոխնախագահ Բրետ Շերմանի, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ Կէյբ Ամոյի (Դեմոկրատ, Ռոտ Այլընտ) եւ Ճիմ Քոսթայի (Դեմոկրատ, Քալիֆորնիա) կողմից եւ ներկայումս քննարկւում են Ներկայացուցիչների տան Կանոնակարգերի յանձնաժողովում։

Ի՞ՆՉ

Երկկուսակցական մամլոյ ասուլիս — «1,000 օր. ազատ արձակէ՛ք հայ պատանդներին հիմա»

Ե՞ՐԲ

Երեքշաբթի, 23 Յունիս 2026

ԺԱՄԸ

Երեկոյեան 5։00 – 5։45 (Արեւելեան ժամանակով)

ՈՐՏԵ՞Ղ

Ներկայացուցիչների տան Մամլոյ Եռանկիւն, ԱՄՆ Քափիթոլի Արեւելեան ճակատ

ԲԱՆԱԽՕՍՆԵՐ

  • Կոնգրէսական Բրետ Շերման (Դեմոկրատ, Քալիֆորնիա)
  • Կոնգրէսական Թոմ ՄըքՔլինթոք (Հանրապետական, Քալիֆորնիա)
  • Ներկայացուցիչ Ջուտի Չու (Դեմոկրատ, Քալիֆորնիա)
  • Ներկայացուցիչ Լորա Ֆրիդման (Դեմոկրատ, Քալիֆորնիա)
  • Արամ Համբարեան, Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն

Ակնկալւում է նաեւ այլ անդամների մասնակցութիւնը։

ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

ANCA-ն մամլոյ ասուլիսը ուղիղ կը հեռարձակի իր սոցիալական հարթակներով։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹԻՒՆ

1,000 օր. հայ պատանդները ադրբեջանական գերութեան մէջ

Յունիսի 23-ը լրացնում է 1,000 օր այն պահից, երբ Ադրբեջանը սկսեց ապօրինաբար կալանաւորել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին՝ 2023 թուականի Սեպտեմբերին Արցախի ամբողջ հայ բնակչութեան ցեղասպանական բնոյթ կրող էթնիկ զտումից յետոյ։

Առնուազն 19 հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական պատանդներ շարունակում են գտնուել ադրբեջանական գերութեան մէջ։ Նրանց շարքում են Արցախի ութ ղեկավարներ՝ Ռուբէն Վարդանեան, Արայիկ Յարութիւնեան, Բակօ Սահակեան, Արկադի Ղուկասեան, Դաւիթ Իշխանեան, Դաւիթ Բաբայեան, Լեւոն Մնացականեան եւ Դաւիթ Մանուկեան։

Հայ կալանաւորները ենթարկուել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի, իսկ իրենց կալանքի ամբողջ ընթացքում զրկուել են հիմնարար իրաւական իրաւունքներից։ 2026 թուականի Փետրուարին, մարդու իրաւունքների կազմակերպութիւնների եւ իրաւագէտների կողմից խստօրէն դատապարտուած կեղծ դատավարութիւններից յետոյ, Ադրբեջանը նրանց դատապարտեց 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով առաջադրուած մեղադրանքներով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մերժել է ներում շնորհելու բոլոր կոչերը՝ անտեսելով միջազգային իրաւական հաստատութիւնների, մարդու իրաւունքների կազմակերպութիւնների եւ ամերիկեան պաշտօնեաների պահանջները՝ նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակելու վերաբերեալ։

Ներկայիս խաղաղութեան գործընթացը չի պարունակում պատանդների ազատ արձակումը պարտադիր դարձնող որեւէ դրոյթ։ 2025 թուականի Սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը երկրից հեռացրել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէին՝ միակ կազմակերպութեանը, որ լիազօրուած էր այցելել հայ կալանաւորներին, ինչի հետեւանքով դադարել է նրանց վիճակի միջազգային վերահսկողութիւնը։

Կոնգրէսը կարեւոր դեր ունի այս հարցում։ Հայ պատանդների ազատ արձակումը կարող է դառնալ վստահութեան վերականգնման նշանակալի քայլ՝ տարածաշրջանում արդար, արժանապատիւ եւ տեւական խաղաղութեան հասնելու ճանապարհին։

Շերման–Մասթ փոփոխութիւնը (H.R. 9086)

Շերմանի փոփոխութիւնը, որը ներկայացուել է Ներկայացուցիչների տան Արտաքին ծառայութեան ակտում, ստացել է Ներկայացուցիչների տան Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Բրայըն Մասթի (Հանրապետական, Ֆլորիդա) աջակցութիւնը։ Փոփոխութիւնը յայտարարում է, որ Կոնգրէսի կարծիքով Ադրբեջանը պէտք է անհապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկեալներին։

Շերմանը յղում է կատարել ադրբեջանական գերութեան մէջ արձանագրուած բռնութիւններին եւ Human Rights Watch-ի կողմից հաստատուած՝ հայ ռազմագերիների նկատմամբ իրականացուած գնդակահարութիւններին։ Նախաձեռնութիւնը այս շաբաթ ներկայացուելու է յանձնաժողովի ամբողջական անուանական քուէարկութեան։

Եօթ փոփոխութիւններ 2027 ֆինանսական տարուայ ազգային անվտանգութեան օրէնսդրութեան մէջ (H.R. 8800 եւ H.R. 8595)

Հայամէտ եօթ փոփոխութիւնները, որոնք ներկայացուել են Կոնգրէսի Հայկական հարցերով խմբակցութեան ղեկավարների եւ անդամների կողմից, առաջ են շարժւում Ներկայացուցիչների տան Կանոնակարգերի յանձնաժողովի գործընթացով։

Դրանք պահանջում են՝

  • ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահուող հայ պատանդներին եւ ռազմագերիներին,
  • դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից,
  • պաշտպանել Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը,
  • ապահովել բռնի տեղահանուած արցախահայ փախստականների անվտանգ վերադարձը իրենց տները։

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախոէմբը Կոնգրէսի անդամներին կոչ է անում միանալ այս նախաձեռնութիւններին՝ Կանոնակարգերի յանձնաժողովի քննարկումներից առաջ։

Share