«Ապառաժ»-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, պատմաբան Արմէն Սարգսեանի հետ

«Ապառաժ»-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, պատմաբան Արմէն Սարգսեանի հետ

Հետընտրական քաղաքական զարգացումները, հասարակութեան ներսում առկայ բաժանարար գծերը, իշխանութեան առաջ մղած խաղաղութեան օրակարգը եւ Հայաստանի անվտանգութեան շուրջ ծաւալուող քննարկումները շարունակում են մնալ հանրային ու քաղաքական օրակարգի կեդրոնում։ Ի՞նչ մարտահրաւէրների առջեւ է կանգնած Հայաստանը, որքանո՞վ է իրատեսական Ատրպէյճանի հետ խաղաղութեան հասնելու հեռանկարը, եւ ի՞նչ վտանգներ ու ռիսկեր կան ներկայիս գործընթացներում։

Այս հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, պատմաբան Արմէն Սարգսեանի հետ։

– Պարոն Սարգսեան, ինչպէ՞ս կը գնահատէք ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում։

– Ընդհանուր քաղաքական վիճակը Հայաստանում գնահատում եմ ճգնաժամային։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, նախ, Հայաստանի ժողովուրդը բաժանուած է երկու մասի, ընդ որում՝ երկու իրարամերժ կարծիք ունեցող մասի։ Երկրորդ՝ քաղաքական ուժերը եւս բաժանուած են երկու մասի։ Դրանք նոյնպէս իրարամերժ տեսակէտներ ունեցող քաղաքական ուժեր են։ Երրորդ՝ այս ընտրութիւններում իշխանութիւնն աւելի ցածր տոկոս ձայներ է ստացել։ Դա նշանակում է, որ ներկայ իշխանութեան հենարանը ժողովրդի մէջ աւելի թուլացած է, քան նախկին ընտրութիւնների ժամանակ։

Սակայն իշխանութիւնն իր առջեւ դնում է աւելի մեծ խնդիրներ՝ պրօատրպէյճանական հարցերը լուծելու համար։ Իմ կարծիքով, դա բերելու է շատ լուրջ հետեւանքների։ Եթէ մինչեւ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը Արեւմուտք-Արեւելք հակասութիւնները պտտւում էին Հայաստանի շուրջ, ապա նրա իշխանութեան գալով՝ այդ հակասութիւնները մտել են Հայաստանի ներսը։ Իրօք, ճիշդ է ասուած, որ այս ընտրութիւնները լոկ ընտրութիւններ չէին, այլ նաեւ արտացոլում էին Արեւմուտք-Արեւելք հակադրութիւնը՝ հետագայ գործողութիւնների համատեքստում։

– Իրատեսակա՞ն էք համարում Ատրպէյճանի հետ խաղաղութիւնը։

– Խաղաղութեան գաղափարն ինքնին շատ վերացական է։ Նոյնիսկ ցածր մակարդակի քաղաքական գործչի համար դա շատ պարզ է։ Չկայ որեւէ փաստաթուղթ, առայսօր Ալիեւը չի շնորհաւորել իր ընկեր Նիկոլ Փաշինեանին։ Սա նշանակում է, որ գնում է կապիտուլացիոն խաղաղութիւն։ Իսկ ցանկացած կապիտուլացիոն խաղաղութիւն իր հետ բերում է ապագայ պատերազմ, որովհետեւ իւրաքանչիւր ուժ, բնականաբար, տէր է կանգնում իր հայրենիքի շահերին՝ բացառութեամբ այս իշխանութեան։

– Հաջիեւն առաջին պաշտօնեան էր, ով ընտրութիւններից յետոյ եկաւ Հայաստան․ ինչպէ՞ս կը բնորոշէք սա։

– Հաջիեւի այցը Հայաստան, իմ կարծիքով, եղել է գաղտնի ինչ-որ պայմանաւորուածութեան շրջանակում, որովհետեւ, կրկնում եմ, սա կապիտուլացիոն խաղաղութիւն է։ Այս իշխանութիւնների հիմնական թեզը խաղաղութիւնն է։ Իսկ ինչո՞ւ չեն բացայայտում այդ խաղաղութեան բովանդակութիւնը, այն սահմանադրութեան նախագիծը, որը, ըստ իրենց, կազմել են։

Այս ամէնը բերում է ճգնաժամային իրավիճակի՝ թէ՛ ընտրութիւնների, թէ՛ Հայաստանի ապագայ վիճակի հետ կապուած։

Շատ բարդ իրավիճակ է, եւ, իմ կարծիքով, մենք կանգնած ենք Հայաստանի Հանրապետութիւնը կորցնելու վտանգի առջեւ։ Որովհետեւ, եթէ ուշադրութիւն դարձնենք, շատ հետաքրքիր եւ ռազմավարական հարց է. կարծես նոյնն են ասում Հայաստանի եւ Ատրպէյճանի իշխանութիւնները։ Ալիեւը նշում է, որ Հայաստանի հողերն Ատրպէյճանի պատմական հողերն են։ Փաշինեանը նշում է, որ այստեղ երբեւէ հայերը մեծամասնութիւն չեն կազմել, եւ մենք չունենք կադաստրի վկայական եւ նման այլ բաներ։ Պարզապէս Փաշինեանը փորձում է քայլ առ քայլ առաջ գնալ եւ փոքր քայլերով իրականացնել դա։

Ժողովուրդը դեռեւս լիովին չի ընկալում, թէ ինչ է կատարւում։ Բայց կարող է միանգամից ընկալել՝ յայտնուելով աւելի բարդ իրավիճակում։

Այսօր Հայաստանը ապրում է խոր ճգնաժամային փուլ։ Գուցէ դա դեռեւս ակնյայտ չէ, բայց շատ շուտով կարող է դառնալ տեսանելի։

Դա կը հասկանայ նաեւ Փաշինեանին սատարող ժողովուրդը։

«ԱՊԱՌԱԺ»

Share