Խնդիրները շատ են, բայց Փաշինեանը ընդունելի գործընկեր է մնում Պուտինի համար

Խնդիրները շատ են, բայց Փաշինեանը ընդունելի գործընկեր է մնում Պուտինի համար

Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակուած Регулятор давления. Какими будут отношения России и Армении после победы Пашиняна յօդուածի հայերէն թարգմանութիւնը:

Ալեքսանդր Ատասունցեւ

Նիկոլ Փաշինեանի կուսակցութեան վստահ յաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններում դիտարկւում է որպէս Ռուսաստանի հերթական աշխարհաքաղաքական ձախողում։ Սակայն ռուսական պարտութեան մասշտաբները պէտք չէ չափազանցնել։ Փաշինեանի հետ կամուրջները վերջնականապէս չայրելու համար Մոսկուան նախընտրական քարոզարշաւի ընթացքում թեեւ աղմկոտ էր գործում, բայց օգտագործում էր Երեւանի վրայ ճնշում գործադրելու իրեն հասանելի լծակներից միայն մի քանիսը, ընդ որում՝ ամենեւին ոչ ամենացաւոտները։

Իհարկէ, Փաշինեանի յաղթանակով Հայաստանի շարժը դէպի Եւրոպայ կը շարունակուի, բայց այն արագ չի լինի եւ դժուար յանգեցնի Ռուսաստանի հետ կապերի խզմանը. երկու երկրներն էլ չափազանց մեծ օգուտներ են քաղում համագործակցութեան շարունակումից։

Մոսկուայի սպառնալիքները

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նախընտրական ճնշումը հետապնդում էր առնուազն երկու նպատակ։ Նախ՝ հայկական ներմուծման տարբեր տեսակների արգելքների միջոցով Մոսկուան ցանկանում էր վախեցնել հայ ընտրողներին ռուսական շուկայի կորստի բացասական հետեւանքներով եւ այդպիսով ուժեղացնել ռուսամէտ ուժերի դիրքերը։

Ռուսաստանի երկրորդ նպատակն էր ազդել անմիջապէս Փաշինեանի վրայ, ինչն արդէն աւելի երկարաժամկէտ բնոյթ ունի։ Այս շարքին կարելի է դասել գազային համաձայնագիրը չեղարկելու սպառնալիքները, ինչպէս նաեւ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) երկրների համատեղ յայտարարութիւնը՝ Հայաստանում Եւրամիութեանն անդամակցելու կողմ կամ դէմ հանրաքուէ անցկացնելու պահանջով։

Վերջին պահանջի հաւաքական բնոյթով Մոսկուան ձգտում էր ցոյց տալ, թէ ինքն աւելի շատ մտահոգուած է տնտեսութեամբ, այլ ոչ թէ քաղաքականութեամբ, եւ որ Երեւանից յստակեցում պահանջում է ոչ միայն ինքը, այլեւ ողջ ԵԱՏՄ-ն, որտեղ առանցքային որոշումները ձեւական իմաստով ընդունւում են կոնսենսուսով։ Բացի այդ, հանրաքուէի քննարկումը, ըստ Կրեմլի մտայղացման, պէտք է բացայայտէր Փաշինեանի եւրաինտեգրման հռետորաբանութիւնը որպէս նենգ դաւադրութիւն, երբ ընտրողներին խաբում են օգուտների մշուշոտ խոստումներով՝ լռելով ռիսկերի ու կորուստների մասին։

Հայաստանի յաղթաթղթերը

Այդուհանդերձ, չնայած այն ահազդու աղմուկին, որով Մոսկուան արգելքներ էր մտցնում եւ պահանջներ ներկայացնում Հայաստանի դէմ, իրականում կիրառուած սահմանափակումները Երեւանին դեռեւս մեծ վնասներ չէն խոստանում։ Դրանք զգալի են առանձին ոլորտների համար, օրինակ՝ ծաղկաբուծութեան կամ մրգերի ու բանջարեղենի, որտեղ արտահանման գրեթէ ողջ ծաւալն ուղղւում է դէպի ռուսական շուկայ։ Բայց ընդհանուր առմամբ ներմուծման համար արգելուած բոլոր ապրանքներին բաժին է ընկնում հայկական արտահանման ընդամէնը մի քանի տոկոսը։

Մոսկուան, անշուշտ, կարող էր շարունակել ճնշման ուժեղացումը նաեւ ընտրութիւնների աւարտից յետոյ. դրա համար նա բաւարար գործիքներ ունի։ Սակայն այնքան էլ հասկանալի չէ, թէ դա ինչ կը տայ իրեն։ Առաւել եւս, որ Հայաստանը, չնայած յարաբերութիւնների ողջ անհամաչափութեանը, էսկալացիային պատասխանելու ներուժ ունի։

Ճնշման ուժեղացումը Երեւանին կմղի ոչ միայն դէպի Եւրամիութիւն, այլեւ դէպի Թուրքիայ, որն աւելի ու աւելի ակտիւօրէն է մրցակցում Ռուսաստանի հետ Հարաւային Կովկասում ազդեցութեան համար։ Յունիսի սկզբին, երբ Մոսկուան ռմբակոծում էր Հայաստանն արգելքներով ու սպառնալիքներով, Փաշինեանը հեռախօսազրոյց ունեցաւ ոչ միայն ԵՄ-ում իր դաշնակիցների, այլեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկեցին ուղիղ առեւտրի մեկնարկը. ակնկալւում է, որ սահմանները կը բացուէն Բաքուի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրումից յետոյ։

Բացի այդ, Ռուսաստանն ուղիղ շահ է ստանում Հայաստանի հետ տնտեսական համագործակցութիւնից։ Օրինակ՝ 2022 թուականից ի վեր կովկասեան այս երկիրը դարձել է փոխաբեռնման կէտ արեւմտեան պատժամիջոցային այն բեռների համար, որոնց կարիքը ռուսական տնտեսութիւնն այդքան շատ ունի։

Նախապատերազմեան 2021 թուականի համեմատ՝ հայկական արտահանումը Ռուսաստան 2025 թուականի վերջում աճել էր գրեթէ չորս անգամ՝ $‌840 միլիոնից հասնելով գրեթէ $‌3 միլիարդի։ Աճը տեղի է ունեցել առաջին հերթին արեւմտեան ապրանքների վերաարտահանման հաշուին։ Օրինակ՝ 2025 թուականին Հայաստանը Ռուսաստան է ուղարկել գրեթէ $‌1 միլիարդի էլեկտրոնիկայ՝ 2021 թուականի $‌12 միլիոնի դիմաց։

Երեւանի արսենալում կան նաեւ աղմկոտ քաղաքական միջոցներ։ Օրինակ՝ Փաշինեանը կարող է յայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Նախընտրական բանաւէճերի ժամանակ նա անդրադարձել է նաեւ այս թեմային։ Առաւել եւս, որ ՀԱՊԿ-ում ներկայութիւնից Հայաստանը վաղուց ոչ մի օգուտ չի ստանում. Ռուսաստանը գրեթէ դադարեցրել է զէնքի վաճառքը Հայաստանին դեռ մի քանի տարի առաջ։

Արեւմտեան պատժամիջոցները Հայաստանին արժէքաւոր գործընկեր են դարձրել ռուսական ընկերութիւնների համար նաեւ այլ ոլորտներում։ Օրինակ՝ 2024 թուականին նրա միջոցով ակտիւօրէն վերաարտահանուել է միլիարդաւոր դոլարների ոսկի։ Սխեման փակուեց, երբ դրա մասին յայտնի դարձաւ։ Վատ չէն գործերը նաեւ բանկային ոլորտում։ Եթէ Ռուսաստանից եկող գումարները հայկական բանկերի միջոցով չհասնէին հասցէատէրերին, Հայաստանի տարածքով ներմուծումից այսքան ակտիւօրէն չէին օգտուի։

Ընդունելի Փաշինեանը

Ընտրութիւններից յետոյ Ռուսաստանի համար առանձնապէս իմաստ չկայ կառչել նոյնիսկ Հայաստանի դէմ արդէն իսկ կիրառուած սահմանափակումներից։ Երկարաժամկէտ հեռանկարում դրանք աւելի շատ վնաս են բերում, քան օգուտ։ Նոյնիսկ դրանց գործողութեան երկու շաբաթուայ ընթացքում արդիւնքը բացասական ստացուեց։ ԵՄ-ն յայտարարել էր, որ ֆինանսական օգնութիւն կը յատկացնի Երեւանին եւ ժամանակաւորապէս կչեղարկի հայկական մրգերի ու բանջարեղենի ներմուծման մաքսատուրքերը։ Եւրոպական մի քանի երկրներ համերաշխութեան իսկական շքերթ կազմակերպեցին՝ խոստանալով իրենց առեւտրային հարթակները տրամադրել հայկական ապրանքներին։ Իմիջի տեսանկիւնից այս ամենն անհամեմատ աւելի շահեկան էր երեւում, քան Մոսկուայի սպառնալիքները, եւ կարող էր միայն մեծացնել հանրային աջակցութիւնը եւրոպամէտ կուրսին։

Բացի այդ, ընտրութիւններից յետոյ Կրեմլի ձեռքում յայտնուել են Երեւանի վրայ ազդելու այլ գործիքներ։ Քուեարկութեան արդիւնքներով հայաստանեան խորհրդարանում նկատելիօրէն ուժեղացել է մեծամասամբ ռուսամէտ ընդդիմութիւնը։ 2018 թուականին իշխանութեան գալուց ի վեր առաջին անգամ Փաշինեանի կուսակցութիւնը սահմանադրական մեծամասնութիւն չի ունենայ։

Հիմա դա յատկապէս կարեւոր է, քանի որ առանց ընդդիմութեան ձայների կառավարութիւնը չի կարողանայ սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէ նշանակել, իսկ դա Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու վերջին խոչընդոտն է։ Եթէ Բաքուն շարունակի պնդել, ապա Փաշինեանը ստիպուած կը լինի պայմանաւորուել ընդդիմութեան հետ, որի վրայ Մոսկուան մեծ ազդեցութիւն ունի։

Ռուսաստանի հետ յարաբերութիւններում լարուածութիւնը նուազեցնելու անհրաժեշտութիւնը ինքը Փաշինեանը նոյնպէս հասկանում է. պատահական չէ, որ ընտրութիւնների նախաշեմին նա յայտարարել էր, որ վերընտրուելուց անմիջապէս յետոյ կմեկնի Մոսկուայ. «Մենք կը հանդիպենք եւ կը լուծենք բոլոր ընթացիկ հարցերը»։

Կրեմլում էլ, կարծես, նրան հաճոյքով կ’ընդունեն։ Չնայած սպառնալից հռետորաբանութեանը՝ ՀՀ վարչապետը մնում է մի առաջնորդ, ում հետ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շփուել։ Եթէ ոչ որպէս դաշնակցի, այլ որպէս գործընկերոջ՝ թեկուզ եւ խնդրահարոյց։

Ռուսական ղեկավարութիւնը Փաշինեանին դեռեւս չի դասում քաղաքական գործիչների ամենաատելի շարքին, որտեղ տեղ են գտել Միխեիլ Սաակաշուիլին, Վլադիմիր Զելենսկին կամ Մայայ Սանդուն։ Դա չի նշանակում, որ Մոսկուայի հետ Հայաստանի յարաբերութիւններից կուերանան կոնֆլիկտները. երկրի շարժը դէպի Արեւմուտք արդէն անդառնալի է թւում։ IRI-ի մայիսեան հարցման համաձայն՝ եւրաինտեգրմանն աջակցում է հայերի 75%-ը։ Սակայն առայժմ մեծամասնութիւնը նաեւ գտնում է, որ Բրիւսելի հետ յարաբերութիւնների խորացումը չպէտք է տեղի ունենայ ի վնաս Ռուսաստանի հետ գործընկերութեան, ինչը լարուածութեան նուազեցումը գրաւիչ է դարձնում երկու կողմերի համար։

Թարգմանութիւնը՝ Մարթայ Սեմեօնովայի

Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակէտները:

mediamax.am

Share