«Ազատութիւն» կայանի հաղորդմամբ Միացեալ Նահանգները սատարում է «Հայաստանի ինքնիշխանութեանը, տարածքային ամբողջականութեանը եւ անկախութեանը, ներառեալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականութիւնը եւ յարաբերութիւնները որոշելու իրաւունքը», – «Ազատութեանը» տուած բացառիկ մեկնաբանութեան մէջ նշել է ԱՄՆ Պետդէպարտամենտի խօսնակը։
Պատասխանելով յունիսի 7-ի ընտրութիւններում արտաքին միջամտութեան մասին հաղորդումների եւ ամերիկացի օրէնսդիրների նախազգուշացումների մասին «Ազատութեան» հարցերին՝ Պետդէպը շեշտել է՝ Հայաստանի քաղաքական ապագան պէտք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները։ Նա չի բագատրել թէ ԱՄՆ ղեկավարների հովանաւորութիւնը ներկայ վարչախմբից, որը դասական արտաքին միջամտութիւն է որակաւորւում ինչպէս է սատարում ՀՀ քաղաքացիների իրաւունքները:
«Մենք տեղեակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտութեան վերաբերեալ լրատուամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրաւունք ունի ընտրել իր ղեկավարութիւնն եւ կառուցել իր ապագան», – ասել է Պետդէպարտամենտի խօսնակը։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչութիւնը նաեւ ընդգծել է Երեւանի ու Վաշինգտօնի միջեւ խորացող յարաբերութիւնների եւ TRIPP նախագծի կարեւորութիւնը, որի շրջանակային համաձայնագիրը ստորագրուեց երէկ՝ Հայաստանի արտգործնախարարի, օրեր առաջ էլ՝ ԱՄՆ պէտքարտուղարի կողմից։
«Սրանով համաձայնագիրը պատրաստ է վաւերացման», – ասել էր Արարատ Միրզոյեանը։
«Ինչպէս ցոյց է տալիս պէտքարտուղարի վերջին այցը Երեւան, TRIPP-ը առանցքային եւ երկարաժամկէտ նշանակութիւն ունի Հայաստանում եւ Հարաւային Կովկասում խաղաղութիւն եւ բարգաւաճում բերելու գործում», – «Ազատութեանը» փոխանցել է Պետդէպարտամենտի խօսնակը։
Մինչ այդ՝ այս շաբաթ, պատասխանելով կոնգրէսականների հարցերին Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողւում, պէտքարտուղարն ընդգծել էր Թրամփի վարչակազմի մտահոգութիւնը Հայաստանում Ռուսաստանի գործողութիւնների հարցում։
«Ռուսներն այդքան էլ գոհ չէն մեր ներգրաւուածութիւնից», – ասել էր Մարկոյ Ռուբիոն՝ յաւելելով. – «Կարծում եմ՝ կան ապացոյցներ, որ նրանք (ռուսները) կցանկանային, որ ներկայիս վարչապետը պարտուեր ընտրութիւններում՝ ԱՄՆ-ի հետ աճող յարաբերութիւնների պատճառով»։
Ընդգծելով, որ ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւններն այժմ հասել են աննախադէպ մակարդակի, Ռուբիոն միաժամանակ ընշեշտել էր՝ Վաշինգտօնը նպատակ ունի ոչ թէ Հայաստանին հեռացնել միւս գործընկերներից, այլ աջակցել Երեւանի՝ անկախ արտաքին քաղաքականութիւն վարելու կարողութեանը։
«Ազատութիւնը» առանց մեկնաբանելու նախընտրական շրջանում ԱՄՆ և ԵՄի ցուցական հանդդիպումների և այցելութիւնների քանակն ու բովանդակութիւնը, եզրակացնում է՝«Մինչ Հայաստանը պատրաստւում է քուէարկութեան, Վաշինգտօնի ուղերձը մնում է յստակ. երկրի ապագան պէտք է որոշեն հէնց իրենք՝ հայերը»։
