Նոր ձերբակալութիւնների գիշեր Երևանում

Նոր ձերբակալութիւնների գիշեր Երևանում

Իրականացուող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրուել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրեանին, իբրեւ թէ 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղութեամբ բարձր արագութեամբ վարող մեքենային հարուածելու միջոցով խուլիգանութիւն կատարելու համար։ Ընդ որում՝ 3 տարի շարունակ (2023 թուականից նախաձեռնուած վարոյթով) որեւէ գործողութիւն չկատարելուց յետոյ, օրերս միայն հապճէպ որոշում է կայացուել մեղադրանք առաջադրելու, ինչպէս նաեւ նախաքննութիւնն աւարտելու եւ մեղադրական եզրակացութեամբ դատարան ուղարկելու վերաբերեալ։

Քննչական կոմիտէն ձերբակալման որոշումներ է կայացրել 7 անձանց, այդ թւում՝ կրթութեան գիտութեան նախկին նախարար Արմէն Աշոտեանի, Բրիւսովի անուան համալսարանի նախկին ռեկտոր Գայանէ Գասպարեանի, պրոռեկտոր Արթուր Այվազեանի, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգէն Սարգսեանի, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրեանի, նրա որդի՝ Արտեոմ Խաչատրեանի, ինչպէս նաեւ նրանց հետ փոխկապակցուած եւս մէկ անձի՝ Յարութիւն Թադեւոսեանի նկատմամբ։ ՀՀ ՔԿ-ից յայտնում են նշուած անձանց անունների միայն սկզբնատառերը՝ նշելով, որ վարոյթը վերաբերում է շուրջ 200 մլն արժէքով գոյքի նկատմամբ պաշտօնական լիազօրութիւնների չարաշահմանն ու փողերի լուացմանը։

Դատախազութիւնը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնութիւն տալ 2026 թուականի Յունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցող «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ընտրական ցուցակում ընդգրկուած պատգամաւորի թեկնածու Գարուշ Սերեոժայի Մարզեցեանին ազատութիւնից զրկելուն։ Արդիւնքում, ԿԸՀ-ն բաւարարել է միջնորդութիւնը, եւ Գարուշ Սերեոժայի Մարզեցեանի նկատմամբ սկսուել է քրէական հետապնդում։ Բացի այդ, որոշում է կայացուել նրան ազատութիւնից զրկելու վերաբերեալ։ ԲՀԿ պատգամաւորի թեկնածու Էդգար Բոջուկեանի նկատմամբ եւս, ԿԸՀ-ի համաձայնութեան արդիւնքում, սկսուել է քրէական հետապնդում, իսկ նրան ազատութիւնից զրկելու վերաբերեալ միջնորդութիւնը նոյնպէս բաւարարուել է։ Աւելին, ԿԸՀ-ի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտէն քրէական հետապնդում է յարուցել եւ ազատութիւնից զրկելու որոշում է կայացրել նաեւ ԲՀԿ պատգամաւորի թեկնածու Նաիրա Յարութիւնեանի նկատմամբ։

Ակնյայտ է, որ ռեժիմն իր բովանդակազրկութեան եւ անարժէքութեան պայմաններում դիմում է իրեն յարիր միակ գործիքին՝ ճնշումներին, ինչը կարող է յանգեցնել բռնութիւնների եւ ձերբակալութիւնների նոր ալիքի։

Լուրերը՝ Առաւօտից

Share