Հանրապետութեան անկախութեան օրը Սարդարապատում

Հանրապետութեան անկախութեան օրը Սարդարապատում

Մայիսի 28-ին, Առաջին Հանրապետութեան օրուայ առիթով, Սարդարապատ էին այցելել «Հայաստան» դաշինքի անդամները, ՀՀ երկրորդ նախագահ, Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ:

Միջոցառումը մեկնարկեց տէրունական աղօթքով, Արթուր Խաչենցի կատարմամբ հնչեց «Գինի լից» երգը:

Ելոյթներ ունեցան ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, Ֆրանսահայ հասարակական գործիչ Մելիք Գարագաւորեանը, Աննայ Յարութիւնեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը:

Արմէն Ռուստամեանը Դաշնակցութեան անունից ներկաներին շնորհաւորեց Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետութեան օրուայ առթիւ:

«Այս օրը մէզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապուած է նրա հետ,թէ որքանով ենք կարեւորում մեր ինքնութիւնը, անկախութիւնն ու պետականութիւնը», -իր ելոյթում ասաց Արմէն Ռուստամեանը՝ մէջբերելով մեծանուն բանաստեղծ Պարոյր Սեւակի խօսքը. «Սերունդներ, ձեզ ճանաչէ՛ք Սարդարապատից»։

«1918-ին չկար պետութիւն, բայց կար համախմբուած հայութիւն։ Կար ինքնութիւնը պահպանելուն նուիրուած հայութիւն։ Այդ հաւաքական ուժը՝ պետութիւն չունենալով, կարողացաւ երեք ճակատով կանգնեցնել թշնամուն՝ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Սարդարապատում»,- նշեց նա:

«Պատմութիւնը ցոյց տուեց, որ թշնամուն կարելի էր կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթէ ունես պայքարի ոգի ու հասկանում ես, որ գոյութիւնդ անիմաստ է դառնում, եթէ ինքնութիւնից հեռացել ու հրաժարուել ես։ Ինչ ունենք այսօր, ունենք մի վիճակ, երբ մեր աչքի առաջ նորից տեղի ունեցաւ ցեղասպանութիւն. հայաթափուեց Արցախը, կորցրինք մեր հայրենիքի մի մասը եւ տարածքներ ունենք կորցրած արդէն ՀՀ-ից, ու այն պատճառով, որ մեր ուժի աղբիւրներից հեռացանք։ Սա ակնյայտ ցոյց է տալիս, որ ունենալով նոյնիսկ երկու պետութիւն՝ չունէինք այնպիսի ղեկավարութիւն, որ հասկանար ինքնութեան կարեւորութիւնը։ Պետութեան, պետականութեան ու իրական ինքնիշխանութիւն ունենալու կարեւորութիւնը հասկանար։ Մեզ առաջնորդեցին մարդիկ, որոնք մէզ տարան ինքնակործանման ճանապարհով։ Պետականութիւն ունենալու պարագայում առաջին անգամ մեր պատմութեան մէջ տեսանք ցեղասպանութիւն»,- ասաց Արմէն Ռուստամեանը։

«Հայ եւ յաղթանակ բառերը դարձել են այս իշխանութիւնների համար մերժելի, վախենում են դրանից։ Այս մարդիկ ապացուցում են մէզ, որ պարտութիւնը մէզ յաջողութիւն է բերել։ Մեզ ասում են՝ Արցախում պարտուել ենք մտածուած, որ պահպանենք ՀՀ անկախութիւնը։ Սրանից աւել ինքնախոստովանութիւն, որ իսկապէս կապ չունի այս մարդը մեր սերնդի հետ, կապ չունի այս մարդը մեր Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսների հետ, չկայ»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

«Սփիւռքը կմիանայ համընդհանուր այս պայքարին՝ ամէն գնով հեռացնելու թրքամէտ վարչախմբին: Սփիւռքը միանում է այս պայքարին, որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան շարունակութիւնն է: Սփիւռքը հայութեան անբաժանելի մասն է: Սփիւռքը անքակտելի է հայրենիքից »,- յայտարարեց Մելիք Գարագաւորեանը:

Իշխան Սաղաթելեանն իր ելոյթում նշեց, որ պետութեան հիմքը թշնամու երաշխիքներն ու ողորմածութիւնը չէն, այլ սեփական ուժն ու արժանապատուութիւնը: Նա յիշեցրեց Հաեօց պատմութիւնը փոխած փառահեղ յաղթանակների մասին, երբ պատերազմի պայմաններում հայ ժողովուրդը մնաց միայնակ՝ դէմ առ դէմ իրեն ոչնչացնել ցանկացող թշնամու հետ։ Սակայն կար յաղթելու անկոտրում կամք։

«Այսօր մէզ փորձում են համոզել, որ միակ ճանապարհը զիջելն ու ծնկի գալն է, առաջ է մղւում այն կեղծ թեզը, որ թշնամու ցանկութիւնները բաւարարելով՝ կարելի է ապրել խաղաղ ու երջանիկ»,- ասաց նա։

Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը: «Սարդարապատը մեր պատմութեան պարզապէս հերոսական էջը չէ, Սարդարապատը յիշեցնում է՝ ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգուած է պետականութիւնը եւ երբ միասնական են։ 108 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնեց ընտրութեան առաջ եւ ընտրեց պետութիւնն ու պայքարը։ Այսօր իրավիճակն այլ է, բայց վտանգը նոյնքան իրական»,- ասաց նա:

Վերջին տարիներին Հայաստանը թուլացել է, այն թուլացրել են ներսից, պառակտել են․ «Մարդիկ յոգնել են ստից, ատելութիւնից, անպատասխանատուութիւնից, յաւէրժ խոստումներից, քաոսից, յոգնել են պարտութիւններից, բոլորս ենք յոգնել։ Պետութիւնը չի պահպանւում ինքն իրենով, պետութիւնը պահում են մարդիկ՝ իրենց կամքով ու պատասխանատուութեամբ եւ որոշմամբ։ Յունիսի 7-ին սովորական ու հերթական ընտրութիւն չէ, սա ընտրութիւն է՝ կը կարողանա՞նք նոյն պատասխանատուութեամբ պահպանել մեր պետականութիւնը, թե՞ թոյլ կը տանք վերջնականապէս քայքայել այն»,- նշեց Դաշինքի առաջնորդը:

«Ոչ ոք ձեզանից զոհաբերութիւններ չի պահանջում, ինչպէս 108 տարի առաջ։ Ընդամէնը սթափ որոշում։ Մենք պարտաւոր ենք ինքներս մէզ հարց տալ՝ ինչպիսի՞ երկրում ենք ուզում ապրել եւ ի՞նչ երկիր ենք թողնելու երեխաներին։ Ուժեղ, հայկական, ինքնիշխա՞ն, թե՞ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։

Մեր ժողովուրդը 108 տարի առաջ ապացուցեց, որ կարող է պահպանել եւ փրկել պետականութիւնը։ Վստահ եմ՝ կը կարողանայ նաեւ հիմա»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարեանը։

Share