Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Նիկոլը շատ լաւ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի եւ «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մօտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնուազն 1 մլն մարդու այսօր վիրաւորել է։
Հասկանալով է արել։ Չի´ քաշուել, չի´ խորշել, չի վախեցել՝ մէկ պարզ պատճառով. այս պահին ակտիւ պայքարողների թիւը բաւարար քանակի չէ։ Ընդհանուր հանրային ֆոնը եթէ նկատի ունենանք՝ նրա իշխանութիւնն արդէն պարտուել է, բայց փոփոխութիւնների մեքենան դեռ բաւարար հզօրութեան չէ։ Նիկոլը սա շատ լաւ գիտի։
Մշտապէս դիտորդ շերտերը, «ով յաղթի՝ նրա կողմը» անցնողները, «քաղաքականութեամբ չզբաղուողները», չկողմնորոշուածները դեռ շատ են։ Փոփոխութիւններ ուզողները, երազողները՝ նոյնպէս, բայց նրանց հաւասարակշռում են պրոցեսներին չմասնակցողները, «շառից փորձանքից հեռու» մնացողները, իրենց մասնակցութիւնը չտեսնողները։
Սա գուցեեւ ազգային յատկանիշ է, բայց նաեւ՝ հիմնական ընդդիմադիր ուժերի՝ առայժ ոչ բաւարար մենեջմենթի արդիւնք։
Ընդդիմադիր ուժերը պիտի հիմա իրենց ուժերն առաւելապէս կենտրոնացնեն ընտրողի հետ անկեղծ ու դինամիկ աշխատանքի վրայ։
Ակտիւ հանրային շերտերն էլ իրենց հերթին, անկախ քաղաքական նախասիրութիւններից, պիտի աշխատեն իրենց մտէրիմ ապաքաղաքական շրջանակների հետ։ Մարդկանց պէտք է բացատրել, որ սա իրադարձութիւնների վրայ իրենց ազդելու վերջին ու ամենակարեւոր հնարաւորութիւնն է։
Մենք սա ասում էինք 2020-ին՝ մինչեւ պատերազմը, զգուշացնում էինք 2021թ. ընտրութիւններին ընդառաջ, ահազանգում էինք 2022-ի աշնանը, երբ Նիկոլը միանձնեայ ստորագրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին յայտարարութիւնը ու արդէն յետոյ՝ շրջափակման ամբողջ ընթացքում։ Ցաւօք, մեր հասարակութիւնը սովորել է իրադարձութիւնները պոստ-ֆակտում արձանագրողի իր դերին, որքան էլ այդ իրադարձութիւնները ողբերգական լինէն ու անմիջականօրէն առնչուէն իւրաքանչիւրիս։
Այնպէս որ, հանրային բոլոր շրջանակների հետ ակտիւ աշխատանքի ամենապատասխանատու փուլը պէտք է համարել բացուած։ Մեր բոլորի խնդիրն է՝ ներգրաւել բաւարար քանակի ակտիւ քաղաքացիների։
