Նոր «գլուխգործոց»՝ խօսնակի մատուցմամբ

Նոր «գլուխգործոց»՝ խօսնակի մատուցմամբ

Պարզւում է, որ Հայաստանի անվտանգութեան երաշխաւորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի անվտանգութեան երաշխաւորը՝ Հայաստանը։ Տխմարութեան գլուխգործոց հանդիսացող այս միտքն արտայայտել է իշխող թիմի ամէնից ինքնասիրահարուած անդամը՝ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը։

Պատկերացնո՞ւմ ենք, թէ ինչպէս է հռհռացել Ալիեւը՝ տեղեկանալով, որ Հայաստանն Ադրբեջանի անվտանգութեան երաշխաւորն է։ Հռհռացել է այն ընբռնումից, թէ որքան ողորմելի կարող է լինել մարդը, որն Ադրբեջանի հետ յարաբերութիւններում իր թիմի պարտուողական դիրքորոշումն արդարացնելու ճիգերի մէջ հասել է այն աստիճանի, որ բացայայտ յիմարութիւններ է բարբաջում։ Ալիեւն, իհարկէ, կարող էր ասել Սիմոնեանին, որ թքած ունի Հայաստանի տուած անվտանգութեան երաշխիքների վրայ։ Բայց նա դա չի ասի, քանի որ խորապէս թքած ունի նաեւ Սիմոնեանի վրայ։

ԻՍԿ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆՐԱՆ, ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է, ԱՊԱ ԴԱ Է՛Լ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է։ Անվտանգութեան երաշխաւոր, որն Արցախից վտարել է հայերին։ Երաշխաւոր, որը նստած է հայկական տարածքներում եւ հեռանալ բնաւ մտադիր չէ։ Երաշխաւոր, որը պահանջում է փոխել մեր Սահմանադրութիւնը, այլապէս չի ստորագրի նոյնիսկ «Խաղաղութեան պայմանագիր» անուանեալ թուղթը։ Երաշխաւոր, որը պահանջում է իրեն տալ «Զանգեզուրի միջանցք», եւ որ ոչ մի հայ սահմանապահ կամ մաքսաւոր չհամարձակուի երեւալ ադրբեջանցու աչքին, որն այդ «միջանցքից» օգտուելու է ինչպէս ցանկանայ, երբ ցանկանայ։

Երաշխաւոր, որն ասում է, թէ «արեւմտեան ադրբեջանցիների վերադարձը» ժամանակի հարց է, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին պէտք է չհամարձակուի յիշատակել Արցախը, նրա մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը: Եւ այլն…

Իրականում Ալէն Սիմոնեանը գործում է բոլոր ինքնագոհ նարցիսներին բնորոշ սխալը. վերջիններս շփոթում են սեփական սիրելի անձը պետութեան հետ: Սեփական շահերը՝ պետութեան եւ ժողովրդի շահերի։

Իսկ ընդհանրապէս Ադրբեջանը, այո, անվտանգութեան երաշխաւորն է։ Փաշինեանի, Սիմոնեանի եւ նրանց ամբողջ թիմի անվտանգութեան երաշխաւորը։ Էրդողանի հետ միասին։ Նրանց՝ Հայաստանում իշխող թիմի անվտանգութեան ամենաուսալի երաշխաւորները։ Եւ ինչպէս Փաշինեանը, այնպէս էլ Սիմոնեանն ու նրանց յարաբերականօրէն ադեկուատ բոլոր թիմակիցները դա հասկանում են, քանզի նոյնիսկ թիկնազօրով զինուած՝ վարչապետն ու խօսնակը ազատ տեղաշարժուել չէն կարողանում, շարունակ միջադէպեր են առաջանում։

Էրդողանն ու Ալիեւը իշխող վերնաշերտի անվտանգութեան միակ երաշխաւորներն են, որը հէնց այդ պատճառով էլ ջանադրաբար կատարում է նոյն ցեղի երկու պետութիւնների ղեկավարների բոլոր հրահանգները։ Իշխան Սաղաթելեանի խօսքերով՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը ոչ այլ ինչ է, քան Ալիեւի պահանջների փուլ առ փուլ կատարման ծրագիր:

Ուստի այնտեղ նախանշուած են եւ՛ Սահմանադրութեան փոփոխումը, եւ, սահմանազատումն ու սահմանագծումը, ինչը նշանակում է նոր տարածքների յանձնում Ալիեւին։ Իշխող կուսակցութեան ծրագրում հանգամանօրէն գրի է առնուած նաեւ պայքարը Եկեղեցու դէմ, որին Փաշինեանը, ընտրութիւններում իր յաղթանակի դէպքում, մտադիր է պառակտել եւ իրենով անել մնացորդները. վերածել Հայ Առաքելական Եկեղեցին Փաշինեանի Հայաստանի Առաքելական եկեղեցու։

Միակ բանը, որ լաւատեսութիւն է ներշնչում, այն է, որ Փաշինեանը խոստացած ամէնը փոխարկւում է ճիշտ հակառակը։ Լաւագոյն օրինակը նրա 2021 թուականի նախընտրական ծրագիրն է, որը, ինչպէս պարզուեց, օճառի պղպջակ էր։ Այն ամէնը, ինչ գրուած էր այնտեղ, կայ՛մ չի արուել, կայ՛մ արուել է ճիշտ հակառակը։ Այնպէս որ վստահ ենք, որ այս ծրագիրն էլ իրագործման հնարաւորութիւն չունի, նոյնիսկ անկախ նրանից, թէ ով կը յաղթի առաջիկայ ընտրութիւններում։

golosarmenii

Share