Սամուել Շահրամանեանը զառանցանք է համարում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը

Սամուել Շահրամանեանը զառանցանք է համարում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը


Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը զառանցանք է համարում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, թէ «արցախցիները փախել» են։

«Կոչ կ’անեմ մեր հասարակութեանը, մեր զոհուած նուիրեալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն արցախեան գոյամարտի մէջ՝ չտրուել նման սադրանքների, որովհետեւ նման խօսոյթներն ունեն մէկ նպատակ՝ պառակտել ու սերմանել մեր հասարակութեան մէջ անհանդուրժողականութիւն»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում ասաց Արցախի նախագահը։

Շահրամանեանի խօսքով՝ հէնց այս իշխանութեան գործողութուիւնների հետեւանքով է, որ արցախցիներն այսօր յայտնուել են նման իրավիճակում։

Նա ասաց, որ արցախցիները փորձում են իրենց վերադարձի իրաւունքն օրակարգում պահել։

Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանն Արցախի ղեկավարութեան ու զինակիցների հետ այսօր՝ ապրիլի 2–ին, այցելել է «Եռաբլուր» պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու 2016 թուականի ապրիլեան քառօրեայ պատերազմի զոհերի յիշատակին։

Նշէնք, որ բազմաթիւ քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ են այցելում «Եռաբլուր» զինուորական պանթէոն։

Յիշեցնենք, որ 10 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինուած ուժերը, խախտելով Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի եւ Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերեալ 1995 թ․ փետրուարի 6-ի համաձայնագրերը, յարձակուեցին Արցախի Հանրապետութեան վրայ։

4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով յարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու եւ աւիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ եւ չհասնելով առաջադրուած նպատակներին, ադրբեջանական կողմը ստիպուած եղաւ դադարեցնել ռազմական գործողութիւնները։

Առաւել թէժ մարտէր ընթացան հարաւային (Հադրութ) եւ հիւսիսարեւելեան (Մարտակերտ) ուղղութիւններում։

Հայկական զինուած ուժերից մարտական գործողութիւնների հետեւանքով զոհուեց 110 զինծառայող:

Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերեալ բանաւոր համաձայնութիւն ձեռք բերուեց:

Share