«Երեք տարի առաջ, երբ ինձ պատիւ էր վիճակուել վարել առցանց հանրային հարցազրոյց Դաւիթ Իշխանեանի հետ՝ քննարկելով Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձութիւնները, մէզնից ոչ մէկը չէր հաւատայ, որ ընդամէնը վեց ամիս անց նա կը յայտնուի պատանդի կարգավիճակում։
Երբ միացայ մեր հարցազրոյցին՝ մինչեւ ուղիղ եթեր դուրս գալը, զգում էի պահի ծանրութիւնը։ Դաւիթը՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր, նախկին հրամանատար, ուսուցիչ, ամուսին, հայր եւ պապ, իր մէջ կրում է այնպիսի հանգիստ հեղինակութիւն, որը կայունութիւն է հաղորդում ցանկացած միջավայրի։ Մեր զրոյցը ջերմ էր, մտահոգիչ եւ նոյնիսկ յոյս ներշնչող։ Սակայն դրա խորքում թաքնուած էր չասուած գիտակցումը՝ Արցախի շուրջ կախուած վտանգների, Դամոկլեսի սրի պէս կախուած սպառնալիքի մասին։ Երբ աւարտեցինք եթերը, յիշում եմ՝ լուռ աղոթում էի նրա անվտանգութեան եւ հէնց Արցախի գոյատեւման համար։
Այսօր Դաւիթ Իշխանեանը ապօրինաբար կալանաւորուած է Բաքւում՝ լինելով այն բազմաթիւ հայ քաղաքական գործիչներից մէկը, որոնք ձերբակալուել են Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտումից եւ Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանութիւնից յետոյ։
Առաջին անգամ Դաւիթին հանդիպել եմ 1990-ականներին։ Ես երիտասարդ համայնքային ակտիւիստ էի, որը մեկնել էր Հայաստան՝ մասնակցելու մի ծրագրի, որտեղ աշխատում էինք Հայաստանի եւ Արցախի երեխաների հետ։ Ծրագրի աւարտից յետոյ որոշեցի ճանապարհս մի փոքր փոխել եւ առաջին անգամ այցելել Արցախ։ Դա կեանքի փոխող փորձ էր՝ ականատես լինելու Արցախի ժողովրդի անսասան կամքին եւ հասկանալու, որ ինքնորոշումը նրանց գոյատեւման միակ ճանապարհն է։
Աշան գիւղում ինձ ներկայացրին նրան պարզապէս որպէս Դաւիթ՝ ուսուցիչ։ Ոչ թէ հրամանատար կամ քաղաքական գործիչ, այլ մարդ, ով նուիրուած էր իր աշակերտներին՝ նորաստեղծ Արցախի Հանրապետութիւնում։ Նրա հանդարտ ուժի եւ համայնքի նկատմամբ հոգատարութեան միջոցով Արցախը ինձ համար այլեւս պարզապէս աշխարհաքաղաքական հասկացութիւն չէր, այլ փոքր հայկական հայրենիք, որի պահպանման ու առաջնորդման պարտականութիւնը նա իր վրայ էր վերցրել։
Դաւիթի ներկայութիւնը գիտակցուած էր, խօսքերը՝ կշռադատուած, հայեացքը՝ թափանցիկ, բայց խորապէս մարդասիրական։ Նրա միջոցով ես հասկացայ, որ պետութիւն կառուցելը չի ծնւում կարգախօսներից կամ ելոյթներից, այլ՝ դպրոցներում ու գիւղական հաւաքներում։ Այն կառուցւում է ուսուցիչների, համայնքային գործիչների, այն մարդկանց կողմից, որոնք ընտրում են պատասխանատուութիւնը՝ յարմարաւետութեան փոխարէն, եւ ծառայութիւնը՝ անձնական շահի փոխարէն։
Արցախի Հանրապետութեան առաջին տարիները իրական յոյս էին ներշնչում։ Աշխարհասփիւռ հայութիւնը հասկանում էր, որ այդ շարժումը անբաժան է մեր պետականութիւնից եւ պահանջում է զոհողութիւն։ Մենք հաւատում էինք, որ ինքնորոշումը՝ ամրագրուած միջազգային իրաւունքում, ոչ թէ ուժի կողմից շնորհուած արտօնութիւն է, այլ ժողովրդի բնածին իրաւունք։
Այսօր այդ սկզբունքը փորձութեան մէջ է։
Ուկրաինայից մինչեւ Իրան մենք տեսնում ենք համաշխարհային կարգի քայքայում, որտեղ միջազգային իրաւունքը աւելի ու աւելի է փոխարինւում ուժի քաղաքականութեամբ։ Դաւիթ Իշխանեանի եւ այլ հայ քաղաքական գործիչների շարունակուող կալանքը Բաքւում պարզապէս տարածաշրջանային խնդիր չէ, այլ վտանգաւոր միտում։ Սա պատանդառութիւն է՝ պետական մակարդակով, որտեղ կալանաւորուած պաշտօնեաները օգտագործւում են որպէս քաղաքական լծակ։
Նրանց կալանքը չի բխում իրաւական գործընթացից, այլ արտացոլում է Ադրբեջանի աւտօրիտար համակարգը, որտեղ կեղծ դատավարութիւնները վերածուել են քաղաքական հետապնդման եւ ճնշման գործիքի։
Սա առաւել ակնյայտ է Երեւանում թուլացած պետական կառավարման պայմաններում, ինչը Ադրբեջանին հնարաւորութիւն է տալիս անտեսել միջազգային նորմերը եւ շարունակել ագրեսիան՝ էթնիկ զտումից յետոյ։ Սա արդարութեան մասին չէ, այլ ուժի եւ քաղաքական հաշուարկի։
Միջազգային հանրութեան համար սա որոշիչ պահ է։ Երբ ընտրուած պաշտօնեաներն ու հասարակական առաջնորդները դատւում են նման պայմաններում, լռութիւնը դառնում է ուղերձ։ Այն նշանակում է, որ ճնշումը գործում է, եւ թուլացնում է մարդու իրաւունքների համաշխարհային սկզբունքների վստահելիութիւնը։
Սակայն ինձ համար սա նաեւ խորապէս անձնական է։
Դաւիթը պարզապէս «կալանաւորուած» չէ։ Նա այն մարդն է, որի հանգիստ համոզմունքները մէզ սովորեցնում են ծառայութեան, պատասխանատուութեան եւ ազգային արժանապատուութեան մասին։ Յաճախ եմ յիշում մեր վերջին զրոյցը։ Նրա ձայնում չկար դառնութիւն՝ միայն արժանապատուութիւն եւ հաստատակամութիւն։ Այդ արժանապատուութիւնն այսօր պահանջում է գործողութիւն։
Դաւիթ Իշխանեանը եւ միւս հայ քաղաքական բանտարկեալները պէտք է ազատ արձակուեն՝ անյապաղ եւ անուէրապահօրէն։ Երբ համաշխարհային առաջնորդները խօսում են միջազգային կարգի ճեղքման մասին, Բաքւում հայ առաջնորդների կալանքը դառնում է փորձութիւն՝ արդյօք այդ կարգը դեռ գոյութիւն ունի։
Սակայն պայքարը չի կարող մնալ միայն կառոյցների վրայ։
Այս մարդիկ մեր եղբայրներն են, եւ աշխարհասփիւռ հայութիւնը պարտաւոր է նրանց անունները պահել մեր հաւաքական յիշողութեան մէջ։
Եթէ Դաւիթը մէզ ինչ-որ բան է սովորեցրել, ապա դա այն է, որ հայկական պետականութեան կենսունակութիւնը մեր բոլորի պատասխանատուութիւնն է։ Նա ընտրեց ծառայութիւնը՝ յարմարաւետութեան փոխարէն, սկզբունքը՝ շահի փոխարէն, խիզախութիւնը՝ լռութեան փոխարէն։
Մենք նրանց պարտք ենք ոչ միայն կարեկցանք եւ աղօթք, այլ նաեւ ձայն եւ զգօնութիւն։
Խոսենք նրանց մասին մեր հաւաքներում։ Յիշէնք նրանց մեր տներում։ Դառնանք նրանց ձայնը՝ իւրաքանչիւր զրոյցում, իւրաքանչիւր պաշտօնեայի հետ։ Թոյլ չտանք, որ նրանք վերածուէն մոռացուած էջերի կամ քաղաքական գործարքի առարկայի։
Ինչ վերաբերում է Դաւիթին՝ հետեւենք նրա օրինակին։
Ընտրենք պատասխանատուութիւնն ու ծառայութիւնը՝ լռութեան փոխարէն։
Մինչ Դաւիթ Իշխանեանը եւ բոլոր հայ քաղաքական բանտարկեալները չէն վերադարձել իրենց ընտանիքներ, մեր աշխատանքը աւարտուած չէ»։
Սարիգ Արմենեան
Ապառաժ
