Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Կարելի է արձանագրել, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում արուած մշակումները եւ ծրագրային կարեւորագոյն դրոյթները ակտիւօրէն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները։ Այսպիսով՝ դրանք լայնօրէն մտնում են հանրային կեանք։
- Երաշխաւորուած խաղաղութեան կոնցեպտը, կարծես թէ դառնում է առողջ ուժերի միասնական թեզ։
- Ներքին համերաշխութեան գաղափարը նոյնպէս դառնում է առողջ, պատասխանատու ուժերի միասնական գաղափար։
Սա խօսում է համագործակցութեան պոտենցիալի, առողջ ուժերի համախմբման իրական հնարաւորութեան մասին։
Առաջիկայում կը հրապարակուեն «Առաջարկ Հայաստանին» թիմի նոր մշակումները տարբեր ոլորտներին առնչուող։ «Առաջարկ Հայաստանին» մէկ ամսուայ կամ մէկ ընտրութեան նախագիծ չէ։ Դա ազգային-պետական փլուզումներից յետոյ վերականգնման, հետեւութիւնների ու լուծումների հայեցակարգ է՝ Հայաստանի հետպատերազմեան վերականգնման ամբողջական մօտեցումներով։ Ինձ համար դա հետաքրքիր է հէնց դրանով։
Մենք կարեւորում ենք միջընտրազանգուածային երկխօսութիւնը եւ հանրային մթնոլորտի փոփոխութեանն ուղուած միւս գրագէտ քայլերը։ Դա շատ կարեւոր, թերեւս բեկումնային պահ է նախընըտրական Հայաստանում։ Հուսով եմ, սա նոյնպէս կը դառնայ միասնական գաղափար։
Շատ կարեւոր է նաեւ ոչ թէ սպասել հայկական «մոլդովական սցենարին», այլ՝ հաշուարկել հնարաւոր սցենարները եւ ունենալ պատրաստի քայլեր։ Եւ առաւել կարեւոր է սեփական պոզիտիւ հաշուարկները չկառուցել այս կամ այն ուժի նկատմամբ հնարաւոր իշխանական բռնաճնշումների վրայ ։
Մեր բոլորի նպատակը պէտք է լինի նոր սօլիդ իշխանութեան ձեւաւորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով։ Եւ շատ կարեւոր է այս ընթացքում դուրս գալ հայկական էգոցենտրիզմի որակներից։ Միայնակ այս վիճակից չի կարող երկիրը հանել ոչ մի անհատ, ոչ մի առանձին ուժ, ոչ մի առանձին կուսակցութիւն։ Սոլիդ իշխանութիւն առաջին հերթին նշանակում է միասին աշխատելու իրական կարողութիւն, համակեցութեան եւ համագործակցութեան որակներ։
Սա նշանակում է նաեւ սօլիդ նախընտրական պայքար։ Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի պահուածքը միմեանց նկատմամբ՝ ընտրողին ուղղուած ազդակ է։ Այդ պահուածքն ընտրողին ասում է՝ ահա ա´յս ուժերը կարող են յետագայում ձեւաւորել ամուր, վստահելի իշխանականութիւն, ահա ա´յս ուժերին կարելի է քուէ վստահել։
Այս փուլում վճռորոշ կարեւորութիւն ունի ընդդիմադիր ուժերի հանդէպ հանրային ընդհանուր վստահութեան ձեւաւորումը։ Հանրութիւնը պէտք է տեսնի լուրջ, գրագէտ թիմեր, որոնք ոչ թէ միմեանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապէս նոր, վստահելի իշխանութիւն ձեւաւորելու նպատակով։
