Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Պետք է ուշադիր լինել. իշխանութեան ներկայացուցիչների երեկուայ ձեւակերպումները եւ տօնայնութիւնը՝ գալիք ընտրութիւնների թեմայով, խօսում են իշխանութեան մարտաւարութեան փոփոխութեան մասին։
Երկու շաբաթ առաջ «բարձր դռնից» եկած sms–ը «թոյլ չենք տա Գիւմրի -2» լոզունգով էր։ Իրար հերթ չտալով կրկնում էին։ Սա ակնյայտ սխալ էր, որովհետեւ իշխանութիւնը ինքն իր ձեռքով բանաձեւ տուեց ընտրական պրոցեսին։ Ու որքան յաճախ էին այդ բանաձեւը կրկնում իշխանութեան խօսնակները, այնքան այն արագ էր տարածւում հասարակութեան մէջ ու դառնում ընդդիմադիր համակարգերը լուռ համախմբող գաղափար։
Սա իշխանութիւնները ֆիքսեցին, եւ երեկուայ ասելիքի շեշտադրումները յուշում են մարտաւարութեան կտրուկ փոփոխութեան մասին։ «Գիւմրի-2»-ը ենթադրում էր, որ իշխանութիւնն ընդունում է, որ ընդդիմադիր ուժերը հաւաքում են նուազագոյնը 51 տոկոս, իսկ իրենք փոքրամասնութիւն են։ Իսկ նոր sms-ի բովանդակութիւնը լրիւ հակառակն է, իբր «ընդդիմութեան պայքարն ընդամէնը ընդդիմադիր ձայների՝ մի 20 տոկոսի համար է»։ Իբր՝ իշխանութիւնը վերարտադրւում է 50 եւ շատ աւելի տոկոսով։
Վստահաբար, առաջիկայում հէնց այս մարտավարութիւնն են առաջ տանելու, իբր «մենք յաղթած ենք, մեր դէմ խաղ չկայ»՝ ձեռքի հետ գործի դնելով կեղծ սոցիոլոգիական արշաւներ։
Բայց վստահաբար նաեւ ա´յս մարտավարութիւնն է կարճ ժամանակ անց փոխուելու. այն հնացած է եւ տեխնոլոգիաների այս դարաշրջանում իրական հանրային տրամադրութիւնների հետ առերեսման ընթացքում արագ արժեզրկւում է։
Երեկ հանրայնացուած մարտաւարութեան միւս, ածանցեալ նպատակը ներընդդիմադիր լարուածութիւն եւ հակասութիւններ առաջացնելն է։ Սա փորձելու են ուժեղացնել նաեւ ստուերային ազդեցութեան մեթոդներով։ Սա, այնուամենայնիւ, վատ հաշուարկուած մօտեցում է, որովհետեւ ընդդիմադիր բոլոր համակարգերում կան լուրջ մարդիկ, որոնք թոյլ չէն տա, որ այս պրիմիտիւ հնարքն աշխատի։
Կայ նաեւ օբյեկտիւ կարեւոր գործոն. ընդդիմադիր խոշոր համակարգերն իրարից ձայն չէն փախցնում։ Ստացուել է մի ընթացք, երբ նրանք հաւաքում են, կոնսօլիդացնում են իրենցը եւ չէն փախցնում ինչ-որ կոնստանտ ընդդիմադիր էլեկտորատ։
Եւ վերջապէս, այս մարտաւարութեան միւս ածանցեալ գիծը լկտի յարձակումներն են ընդդիմադիր համակարգերի եւ գործիչների հանդէպ։
Յետագայ ընթացքը
Անկախ իր տօնայնութիւնից, փոփոխուող մարտավարութիւններից, շարքերին դուխ տալու քայլերից՝ իշխանութիւնը շատ լաւ տիրապետում է օբյեկտիւ վիճակին, իսկ այն նրան վերարտադրման հնարաւորութիւններ չի տալիս։ Այս պայմաններում առաջիկայում ի՞նչ սպասել իշխանութիւնից.
- Իշխանութիւնը ձեւաւորելու է իր դաշինքը՝ ՔՊ+իրաւապահներ (քանի որ ոչ մի վարկանիշային քաղաքական ուժ չի համագործակցելու իշխանութեան հետ)
- Մեծացնելու է ճնշումներն ընդդիմադիր գործիչների դէմ
- Առանձնապէս չի փորձելու պայմանաւորուել՝ հասկանալով, որ դրանք բոլորը սառոյցին գրուած պայմանաւորուածութիւններ են եւ չէն պահուելու։
- Փորձելու է մեղմել իր իսկ հրահրած սուր ներհանրային կոնֆլիկտները (Եկեղեցու դէմ արշաւը եւ այլն)
- Շարունակելու է սոցիալական կաշառքներ բաժանել, բայց կեանքը ցոյց է տալիս, որ քաղաքական դիւիդէնտ դրանք չենք բերում (Առողջութեան ապահովագրում, թոշակների բարձրացում եւ այլն)
- Փորձելու է իրական լուծումներ գտնել հայկական «մոլդովական սցենարի» համար։ Բայց սա շատ ռիսկային է. նախ՝ դժուար է հաշուարկել, թէ ինչ հանրային-փողոցային լարման կը բերի, եւ երկրորդ՝ ուղղակի դա կարող է բերել միւս ընդդիմադիր ուժերի կտրուկ, ձայների ոչ թէ համարժէք, այլ՝ շոկային մեծացմանը։
- Այլ տարբերակներ..
Ինչ պէտք է անի ընդդիմութիւնը
Ընդդիմադիր համակարգերը պիտի դադարէն միայն իշխանական նարատիւներին արձագանքելուց, պիտի ճկուն լինէն՝ կարճաժամկէտ մարտավարութիւնների առումով, պիտի հանրային գիտակցութեան մէջ դոմինանտ դառնան՝ սեփական մօտեցումների, սեփական առաջարկների ներկայացմամբ։ Պատրաստ լինէն իրավիճակի էական փոփոխութիւններին՝ չկորցնելու համար շահեկան ընթացքը։ Ի վերջոյ, պիտի իրենց մէջ ուժ գտնէն եւ դադարեցնեն միմեանց վրայ անպտուղ եւ քայքայիչ յարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը։
