Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի զեկոյցը Արցախի հարցով խորհրդարանական հետաքննութեան մասին

Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի զեկոյցը Արցախի հարցով խորհրդարանական հետաքննութեան մասին


Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձեւաւորուած՝ Արցախի հարցով խորհրդարանական հետաքննութեան հարթակի երրորդ նիստի ընթացքում զեկոյց է ներկայացրել Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը՝ մասնաւորապէս անդրադառնալով քննութեան առարկայ հարցերի իրաւական եւ պատմական հիմքերին։ Յանձնախումբը վկայակոչել է մշակութային ժառանգութեան պաշտպանութեան վերաբերեալ 1907 եւ 1954 թուականների Հաագայի, Ժնեւի կոնուենցիաները, Միջազգային քրէական դատարանի Հռոմի կանոնադրութիւնը եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2347 բանաձեւը։ Յանձնախումբն անդրադարձել է նաեւ Ցեղասպանութեան կոնուենցիայի կիրառելիութեան եւ միջազգային իրաւունքի նախադէպերին, որոնք ճանաչում են՝ մշակութային ժառանգութեան դիտաւորեալ ոչնչացումը կարող է հանդիսանալ ցեղասպանական մտադրութեան ապացոյց։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի զեկոյցը հիմնուած է եղել տարբեր փուլերում իրականացուած՝ Արցախի էթնիկ զտման օրինաչափութիւնների վրայ։ Քննարկման ժամանակ Հայ դատի յանձնախումբը ներկայացրել են յանձնախմբի նախխագահ Անեթ Մոսկոֆեանը եւ Անդրէ Վարդանեանը, որոնք յանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելուց բացի, նաեւ կոչ են արել․

  1. Աւելացնել աջակցութիւնը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած բնակչութեանը։
  2. Ընդունել, որ Ադրբեջանի ռազմական յարձակումը Լեռնային Ղարաբաղի դէմ՝ դիտարկուած շրջափակման եւ մարդասիրական իրաւունքի խախտումների համատեքստում, յանգեցրել է էթնիկ զտման։
  3. Կիրառել թիրախային պատժամիջոցներ ադրբեջանական վարչակարգի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր պատասխանատու են էթնիկ զտման համար։
  4. Հանրայնօրէն աջակցել Լեռնային Ղարաբաղի բնակչութեան՝ իրենց հայրենիք վերադառնալու իրաւունքին՝ համաձայն Արդարադատութեան միջազգային դատարանի (ICJ) միջանկեալ միջոցի, Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) 13-րդ յօդուածի, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրի 12-րդ յօդուածի եւ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 194 (III) բանաձեւի։
  5. Հանրայնօրէն աջակցել այդ վերադարձի իրականացմանը՝ բազմազգ կամ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որպէսզի բացառուի հայ ժողովրդի նկատմամբ նոր վայրագութիւնների իրականացումը, ինչպէս նաեւ տեղական բնակչութեանը վերապահուած ինքնակառավարման իրաւունքների ապահւում։
  6. Աւելի ակտիւօրէն նպաստել հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան՝ միջազգային կազմակերպութիւններում, այդ թւում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում։
  7. Կասեցնել Ադրբեջանի յետագայ յաւակնութիւնները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ հանդէս գալ օկուպացուած տարածքներից նրանց դուրսբերման պահանջով։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ
27 փետրուար 2026թ.

Share