Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ «Խոջալուի ցեղասպանութիւնը գործած աւազակները պատասխան են տուել դատարանի առջեւ»։
Ինչպէս հաղորդում է Trend-ը, փետրուարի 26-ին «Խոջալուի շրջանի հասարակութեան ներկայացուցիչների» հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւը, մասնաւորապէս, ասել է.
«Խոջալուի ցեղասպանութիւնը արիւնոտ ռազմական յանցագործութիւն է, որը հայկական պետութիւնը, հայ ֆաշիստները գործել են ադրբեջանցիների, մարդկութեան դէմ։ Պատասխանատուութիւնը կրում է հայկական պետութիւնը։
Հայրենական պատերազմի եւ հակաահաբեկչական գործողութեան արդիւնքում ռազմական յանցագործների մի մասը ոչնչացուեց Ադրբեջանի Զինուած ուժերի կողմից, միւս մասը, մասնաւորապէս, անջատողականների առաջնորդ համարուող տարրերը, տարբեր ժամանակներում ձերբակալուեցին եւ բերուեցին դատարան»։
Ադրբեջանի նախագահը նաեւ յայտարարել է.
«2023 թուականին ընդամէնը մի քանի ժամ տեւած հակաահաբեկչական գործողութեան արդիւնքում խունտայի անօրինական ռեժիմը ոչնչացուեց, օկուպանտները վտարուեցին մեր հողերից, մեր հողերում անօրինականօրէն տեղաբաշխուած 15-հազարանոց հայկական բանակը զինաթափուեց եւ յանձնուեց։ Սա վերջին մեխն էր հայկական անջատողականութեան դագաղի մէջ։ Յենց այդ ժամանակ վերականգնուեց արդարութիւնը Խոջալուի համար։
Մենք երբեք չպէտք է մոռանանք հայկական պետութեան վայրագութիւնները։ Մենք երբեք չպէտք է մոռանանք մեր պատմութիւնը, պէտք է զգօն լինենք, միշտ պէտք է ուժեղ լինենք, թշնամին միշտ պէտք է վախենայ մէզանից, ինչպէս վախենում է այսօր։ Յենց այդ վախի շնորհիւ է, որ ադրբեջանական ժողովուրդն այսօր ապրում է խաղաղութեան մէջ»։
