Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերեալ փաստաթղթերը բացայայտում են նրա ցանցի հետ կապ ունեցող անձանց շրջանակը։ Այդ փաստաթղթերում նշւում են երեք կառավարական գործիչների անուններ, որոնք ուղղակիօրէն կապուած են Հայ դատի աշխատանքների հետ։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը։
«Խոսքը Թուրքիայի նախկին արտգործնախարար եւ վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի, Թուրքիայում Ամերիկայի Միացեալ Նահանգների ներկայիս դեսպան Թոմ Բարաքի եւ Ամերիկայի առողջապահութեան եւ բժշկական ապահւութեան կենտրոնի վարիչ, դոկտոր Մեհմեդ Օզի մասին է։ Երբ բացայայտուեց, որ Ահմեդ Դաւութօղլուի անունը կայ Էփշտեյնի ֆայլերում, նա խոստովանեց, որ 2015 թուականի Հաեօց ցեղասպանութեան 100-րդ տարելիցից առաջ դիմել էր ամերիկացի միլիարդատէր Թոմաս Պրիցկերին՝ խափանելու Հայ դատի յանձնախմբի եւ ամերիկահայ գաղութի աշխատանքները Վաշինգտօնում, ինչպէս նաեւ արգելելու Ցեղասպանութեան ճանաչումը»,- նշել է Չուլջեանը։
Նրա խօսքով՝ այս ամէնը ցոյց է տալիս, թէ ինչ միջոցների կարող է դիմել Թուրքիայի կառավարութիւնը՝ հաեօց ցեղասպանութիւնը մերժելու համար։
«Փաստ է, որ նախկին արտգործնախարարը պատրաստ է աշխատել անչափահասների սեռական շահագործման եւ մանկապղծութեան մեղադրանքով դատապարտուած յանցագործի ցանցի հետ՝ շարունակելու հայկական ցեղասպանութեան մերժումը։ Սա փաստ է եւ ոչ թէ ենթադրութիւն»,- եզրափակել է Չուլջեանը։
Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի Արդարադատութեան նախարարութիւնը հրապարակել է փաստաթղթերի փաթեթ՝ կապուած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննութեան հետ։ Մասնաւորապէս, հրապարակուել է աւելի քանի 3 մլն ֆայլ, այդ թւում՝ պատկերներ եւ տեսանիւթեր, որոնք մանրամասն նկարագրում են ամերիկացի ֆինանսիստ եւ երեխաների նկատմամբ սեռական յանցագործութիւն կատարած Ջեֆրի Էփշտեյնի եւ նրա շրջապատի անձանց, այդ թւում՝ քաղաքական գործիչների եւ յայտնիների յանցաւոր գործունէութիւնը։
