Համայնքի կշիռը՝ մէկ ձայնի մէջ

Համայնքի կշիռը՝ մէկ ձայնի մէջ

Վարդան Վարդանեանի տեսակը այն անհատականութիւնների շարքից էր, որոնց ներկայութիւնը քաղաքական դաշտում բացատրութիւն չէր պահանջում։ Նա ներկայ էր ոչ որպէս անհատական կենսագրութիւն, այլ որպէս համայնքային փորձառութեան կուտակւած ձայն՝ քաշ ներկայացնող հաւասարակշռութեամբ։

Նրա քաղաքական ճանապարհը կառուցւած չէր ինքնահաստատման վրայ։

Վարդան Վարդանեանի համար իրաւունքների պաշտպանութիւնը սկսւում էր ճանաչումից՝ այն համայնքի, որի պատմութիւնը, յիշողութիւնը եւ ճակատագրի փորձութիւնները նա կրում էր իր ներսում։ Այդ պատճառով նրա խօսքը երբեք զուտ պահանջ չէր․ այն միշտ բացատրւած պատասխանատւութիւն էր։

Տարիներ շարունակ պարլամենտում նա եղաւ իրանահայ համայնքի վստահելի ձայնը՝ հաստատակամ եւ անշեղ։ Նրա աշխատանքը չափւում էր այն վստահութեամբ, որ ունէին մարդիկ նրա հանդէպ։ Խօսքը կշիռ ունէր, որովհետեւ բխում էր գիտակցւած պատասխանատւութիւնից։ Գործունէութիւնն աւելի շատ էր զգացւում, քան երեւում՝ ինչպէս բոլոր այն գործերը, որոնք ժամանակի ընթացքում են բացայայտում իրենց իրական արժէքը։

8-ամեայ պատերազմը առանձնայատուկ դեր ունեցաւ երկրի նկատմամբ իրանահայի իրական ազնւութիւնը բացայայտելու հարցում։ Այդ դէմքը ձեւաւորւած էր ամբողջական նւիրումով, զոհողութեամբ եւ վերականգնելու կամքով։ Վարդան Վարդանեանն այդ էութեան գիտակից ներկայացնողն ու կազմակերպողն էր: Այն ներկայացուցիչներից, որոնք ոչ միայն արձագանքեցին պատերազմի հետեւանքներին, այլ ներգրաււեցին վերանորոգման եւ վերակառուցման ծանր գործընթացին։

Նահատակւած հայորդիների ընտանիքները նրա օրակարգում երբեք եզրային տեղ չէին զբաղեցնում։ Նա նրանց կողքին էր ոչ թէ ձեւական պարտականութեամբ, այլ որովհետեւ այդ կորստի մէջ տեսնում էր համայնքի ընդհանուր ցաւը՝ լուռ, բայց մշտական ներկայութեամբ կիսւելով:

Ինչպէս նման անհատականութիւնների պարագայում է յաճախ լինում, անունը աւելի շատ է հնչում անդառնալի կորստից յետոյ, քան կենդանութեան օրօք։ Այդպէս են մարդիկ անմահանում. այն բանի շնորհիւ, որ իրենց կեանքի ընթացքում հասցրել են զգալ ու վայելել որպէս չբարձրաձայնւող գնահատանք, որը կարդում էր նա մարդկանց հայեացքներում ու ճակատներում։

Այս ակնարկը հրաժեշտ չէ։ Պարտքի զգացում է՝ իրերն իրենց անունով կոչելու։ Կան մարդիկ, որոնց մասին երկար չեն խօսում… բայց յիշում են երկար…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹ

 

Share