ՀԱԿը դատապարտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նախաձեռնուած քրէական վարոյթը

ՀԱԿը դատապարտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նախաձեռնուած քրէական վարոյթը

Հայ Ազգային Կոնգրեսը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ դատապարտելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ նախաձեռնուած քրէական վարոյթը եւ երկրից բացակայելու արգելքը: Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութեան տեքստը ամբողջութեամբ.

Հայաստանի պատմութեան մէջ տեղի է ունեցել աղաղակող աննախադէպ սահմանազանցութիւն. Նիկոլ Փաշինեանի հրահանգով քրէական վարոյթ է նախաձեռնուել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ, խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։

Դրա պատրուակ է հանդիսացել Դատարանի իբր օրինական որոշման պահանջները չկատարելը։ Սա բացայայտ ծաղր է արդարադատութեան, օրինականութեան եւ բանականութեան նկատմամբ։ Դատարանը անթաքոյց ոտնակոխ անելով Սահմանադրութիւնն ու օրինականութիւնը, վարոյթ է ընդունել եւ հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերեալ, որի առարկան գտնւում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ իրաւասութեան ներքոյ։ Սահմանադրութունը աներկբայ արգելում է պետութեանը միջամտելու կրօնական կազմակերպութեան ինքնակառավարմանը։ Այս անհեթեթութիւնը կատարելութեան հասցնելու մոլուցքով, Քննչական կոմիտէն քրէական վարոյթ է նախաձեռնել այդ ապօրինի որոշումը չյարգելու առիթով։ Մերկապարանոց չհնչելու համար մէջբերէնք դեռ 1991թ. ընդունուած «Խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին» օրէնքի համապատասխան յօդուածները.

Յոդուած 17. Հայաստանի Հանրապետութիւնում եկեղեցին անջատուած է պետութիւնից: Սոյն հիմնադրոյթի համաձայն պետութիւնը`

ա) իրաւունք չունի քաղաքացուն հարկադրել դաւանելու այս կամ այն կրօնը.

բ) չի միջամտում եկեղեցու եւ կրօնական կազմակերպութիւնների` օրէնքին համապատասխանող գարծունեութեանը եւ ներքին կեանքին, արգելում է եկեղեցիների եւ կրօնական կազմակերպութիւնների կառուցուածքում որեւէ պետական մարմնի կամ նրա յանձնարարութիւնները կատարող անձի գործունէութիւն.

գ) արգելում է եկեղեցու մասնակցութիւնը պետական կառավարմանը, եկեղեցու եւ կրօնական կազմակերպութիւնների վրայ չի դնում որեւէ պետական ֆունկցիայ:

Պետութիւնը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւեալ առաքելութիւնների իրագործմանը.

  • ազատ քարոզել ու տարածել իր դաւանանքը Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքով.
  • վերստեղծել իր պատմական աւանդոյթները, կառուցուածքը, կազմակերպութիւնները, թեմերն ու համայնքները.
  • կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական յուշարձան-եկեղեցիները՝ ինչպէս հաւատացեալների խնդրանքով, այնպէս էլ սեփական նախաձեռնութեամբ.
  • նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթութեանը, օրէնքով սահմանուած կարգով նաեւ պետական կրթական հաստատութիւններում.
  • գործնականօրէն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը.
  • ծաւալել բարեգործական եւ բարեխնամ գործունէութիւն:

Միեւնոյն ժամանակ Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին որպէս ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ հանրապետութեան տարածքից դուրս, ենթակայ է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեանը՝ միջազգային իրաւական նորմերի սահմաններում:

Յոդուած 18. Պետութիւնը չի ֆինանսաւորում ինչպէս կրօնական կազմակերպութիւնների գործունէութիւնը, այնպէս էլ աթեիզմի քարոզչութիւնը, միեւնոյն ժամանակ կրօնական կազմակերպութիւնների անդամներին եւ սպասաւորներին վերապահում է հասարակական եւ քաղաքական կեանքին մասնակցելու իրաւունք՝ այլ քաղաքացիների հետ համահաւասար:

Նիկոլ Փաշինեանն իր ապօրինի գործողութիւնների մէջ ներգրաւելով դատական համակարգը եւ իրաւապահ մարմիններն, ըստ էութեան, խարխլում է Հայոց պետականութեան հիմքերը եւ սահմանադրական կարգը։ Պետական հաստատութիւնները քաղաքացիների իրաւունքները պաշտպանելու փոխարէն լծուել են Նիկոլ Փաշինեանի անձնական շահերը սպասարկելու անպատուաբեր գործին։

Հայ Ազգային կոնգրէսն իր անուէրապահ աջակցութիւնն է յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ դատապարտում վերջինիս նկատմաբ սանձազերծուած ապօրինութիւններն ու Վեհափառ Հայրապետի, ինչպէս նաեւ միւս բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ կիրառուող բռնաճնշումները։ Մենք դիմում ենք միջազգային կառոյցներին՝ գնահատական տալու Մարդու իրաւունքների բնագաւառում Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների աղաղակող խախտումների վերաբերեալ։

Share